Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր «Regnum» գործակալությունում ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմի:
«Եվրոպական եւ ամերիկյան մի շարք քաղաքներ ու նահանգներ, այդ թվում՝ Լոս-Անջելեսն, ինչպես նաեւ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգն արդեն ճանաչել են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Ինչ վերաբերում է պետությունների կողմից ճանաչմանը, դա ժամանակի եւ դժվար աշխատանքի հարց է»,- նշել է Սահակյանը:
Արցախի նախագահն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է վերականգնվի բանակցային գործընթացը լիարժեք ձեւաչափը՝ Արցախի մասնակցությամբ: «Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն անիմաստ եւ անհեռանկարային է: Մեր բանակն ամբողջ հայ ազգի հպարտությունն է: Հաղթանակները, որոնք տարել է Ղարաբաղը պարտադրված պատերազմում՝ մեզ մի քանի գերազանցող թշնամու դեմ կռվում, ցույց են տվել, որ մենք պատրաստ ենք պայքարել մեր անկախության համար»:
«Regnum»-ի մեկ այլ տեղեկության համաձայն՝ Բակո Սահակյանը նաեւ հայտարարել է, որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել Սիրիայում Ռուսաստանի ռազմա-տիեզերական ուժերի հակաահաբեկչական գործողությունների համար: «Արցախը պատրաստ է մասնակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Երբ Ստեփանակերտի օդանավակայանը կհանձնվի շահագործման, Լեռնային Ղարաբաղը պատրաստ կլինի Ռուսաստանի հետ քննարկել այդ ենթակառուցվածքն օգտագործելու հարցը»:
Կարդացեք նաև
Նա հստակեցրել է, որ օդանավակայանը զինված է լինելու ժամանակակից տեխնիկայով, որն անհրաժեշտ է տեխնոլոգիաներով հարուստ ավիացիայի պահանջները բավարարելու համար:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ