Այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչների հերթական քարոզչական հանդիպումները տեղի ունեցան Արմավիրի մարզում: Մարզի` Արմավիր, Էջմիածին քաղաքներում, և Քարակերտ գյուղում` «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանը և Ալեք Ենիգոմշյանը` ճակատի ակտիվ երիտասարդների հետ միասին հանդիպեցին արմավիրցիներին:
Հասարակության պասիվությունն ու սակավությունը պատճառ դարձան, որպեսզի ճակատի ներկայացուցիչները երթով անցնեն ինչպես Արմավիրի, այնպես էլ Էջմիածնի գլխավոր փողոցներով:
Aravot.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը ասաց. «Մարդիկ բնականաբար կան, բայց անտեղյակությունը խանգարում է նրանց: Արմավիրում նկատեցի, որ երկու մշակույթի տների պատերին փակցված էին ապօրինի պաստառներ, որոնք քարոզում են սահմանադրական բարեփոխումները: Ապօրինի է, որովհետև, որևէ փաստաթուղթ ինձ չներկայացրեցին: Երթով անցնելու նպատակը հասարակությանը տեղեկացնելն է անօրինական իշխանության հերթական քայլի մասին: Ինչպես Արմավիրում, այնպես էլ Էջմիածնում երթով պիտի անցնենք գլխավոր փողոցներով»:
Սահմանադրական բարեփոխումներին ոչ ասելու համար ճակատի ներկայացուցիչներին լսել են միայն Քարակերտում, մեզ հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: «Միայն Քարակերտում հնարավոր եղավ խոսել հասարակության հետ: Արմավիրում երթի ընթացքում միայն մարդիկ մոտեցան մեզ»:
Կարդացեք նաև
Էջմիածնում ոչ ոք չմիջամտեց ճակատի քարոզչական հանդիպմանը, բայց Զարուհի Փոստանջյանին լսելու եկել էին ընդամենը տասնհինգ հոգի: Երթը շարունակվեց հրապարակից մինչև շուկա, շուկայից մինչև գլխավոր մայրուղի:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչների քարոզչական հանդիպումը Արմավիրի մարզում այդպիսով ավարտվեց:
Հայկ ՄԱԳՈՅԱՆ