Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր՝ նոյեմբերի 12-ին, բացվեց «Արևմտյան Հայաստանը Դիլդիլյանների և Գևորգ Ջերջյանի ֆոտոխցիկով» լուսանկարչական ցուցահանդեսը:
Դիլդիլյան ընտանիքի մի քանի սերունդ զբաղվել է լուսանկարչությամբ: Նրանք պատկերել են առօրյա կյանքը և բազմաթիվ ընտանեկան լուսանկարներ Արևմտյան Հայաստանի ու Փոքր Ասիայի տարբեր բնակավայրերում՝ Տրապիզոնից մինչև Կոնիայի նահանգ:
Դիլդիլյանների լուսանկարչական հավաքածուն ներառում է ավելի քան 600 լուսանկար՝ արված 1880-1923 թվականներին: Դրանց մեջ առանձին տեղ են զբաղեցնում Հայոց ցեղասպանության սարսափելի դրվագներն ու դրանց հետևանքները պատկերող լուսանկարները:
Ցոլակ Դիլդիլյանի թոռը՝ Քոնեքթիքութի համալսարանի պրոֆեսոր, ամերիկաբնակ Արմեն Մարսուբյանը, ով իր մոտ է պահում իր նախնիների հարուստ արխիվը (լուսանկարչական հավաքածուն, հուշերը, հայերեն ու անգլերեն թղթակցությունները, ձայնագրություններն ու ընտանիքի անդամների բազմաթիվ լուսանկարներ), նշեց, որ թանգարանին նվիրաբերած նյութերում ընդգրկել է միայն լուսանկարների որոշ մասը. «Պապս ու նրա եղբայրն իրենց կյանքի վերջում ինձ հանձնեցին այդ արխիվը, և ես նրանց խոստացա այդ ամենի մասին լսելի դարձնել ոչ միայն հայերին, այլև թուրքերին»,- ասաց Արմեն Մարսուբյանը:
Կարդացեք նաև
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի փոխանցմամբ՝ մոտ մեկ ամիս առաջ Արմեն Մարսուբյանի ջանքերով ցուցադրություններ են բացվել նաև Լոնդոնում ու Անկարայում: Ցուցադրությունը մեծ արձագանք է գտել թուրքերի շրջանում, քանի որ այն ևս մեկ առիթ է տեսնելու, թե ինչ են նրանք կորցրել իրենց հիշողությունից. «Հայոց ցեղասպանությունը միայն հայ ժողովրդի պատմության ու հիշողության մասը չէ. այն նաև թուրք ժողովրդի հիշողության մասն է, որն անհնար է կոծկել կամ մոռացության մատնել»,- ընդգծեց Հ. Դեմոյանը:
Իսկ մյուս լուսանկարիչը՝ Գևորգ Ջերջյանը, կարինցի բժիշկ է եղել: Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում շրջագայելիս նա իր լուսանկարչական սարքով հայրենի քաղաք Արաբկիրի, Կարինի Սանասարյան վարժարանի և Արևմտյան Հայաստանի տեսարաններով շուրջ 240 լուսանկար է արել, որոնցից պահպանվել են միայն 100-ը:
Ջերջյանի լուսանկարչական հավաքածուն ներառում է ազգագրական և վավերագրական արժեք ունեցող ընտանեկան խմբանկարներ, դիմանկարներ, բնանկարներ ու քաղաքային պատկերներ:
2014 թ. Գևորգ Ջերջյանի թոռը՝ Ջորջ Ջերջյանը, իր պապի հավաքածուն այլ արժեքավոր փաստաթղթերի հետ միասին նվիրաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
«Բացառիկ համալրում է նաև տեսախցիկը, որը նույնպես ընդգրկված է հավաքածուում»,- նշեց Հայկ Դեմոյանը:
Ցուցադրության բացմանը ներկա Ջորջ Ջերջյանը հավաքածուն անվանեց պատուհան, հայելի և արտացոլանք. «Այն պատուհան է դեպի Օսմանյան կայսրության 1900-ականների պատմությունը: Ավելին է, քան սպիտակ թղթի վրա գրված հազարավոր բառեր: Այն պատմության հայելին է. այդքան գրքեր են գրվել, բայց նկարներն ավելի շատ բան են ասում: Եվ, վերջապես, այդ հավաքածուն հայերի ու թուրքերի միասնական պատմության արտացոլանքն է: Մենք միասին կիսել ենք նույն հողն ու ջուրը: Եվ ես խնդրում եմ, որ լուսանկարներին նայելիս ուշադիր լինեք դրանցում պատկերված մարդկանց՝ ձեզ նայող աչքերին»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ