Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) նոյեմբերի 12-ին հանրային քննարկում էր կազմակերպել «Անալոգայինից թվային հեռարձակման համակարգին անցնելու խնդիրները Հայաստանում» թեմայով:
Հանրային քննարկման ընթացքում ԽԱՊԿ ղեկավար Աշոտ Մելիքյանը անդրադարձավ նաեւ սահմանադրական փոփոխությունների նախագծին, մասնավորապես՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կազմավորմանը:
«Սահմանադրության փոփոխությունների նախագծում ՀՌԱՀ-ի կազմավորումը հարմարեցված է պառլամենտական կառավարման համակարգին, եւ նախատեսվում է, որ ՀՌԱՀ-ը 7 հոգուց է բաղկացած լինելու, եւ բոլորին, փաստորեն, առաջադրելու է խորհրդարանը: Կայուն մեծամասնության պարագայում, թե ինչպիսի ՀՌԱՀ կարող է ձեւավորվել, մենք շատ լավ պատկերացնում ենք: Այս պարագայում էլ, փաստորեն, ե՛ւ կարգավորող մարմնում, ե՛ւ Հանրային հեռուստառադիո ընկերության խորհրդում ընդգրկվում են մարդիկ, որոնք հավատարիմ են իշխանություններին եւ այդ կազմը, որպես կանոն, չի արտացոլել եւ չի արտացոլում մեր հասարակության բազմազանությունը: Այդ պարագայում էլ, փաստորեն, երբ կայուն մեծամասնություն ունեցող պառլամենտը պետք է առաջադրի անդամներին, կարծում եմ՝ այդ բազմազանությունը չի երեւա, այդպիսի մտավախություն մենք ունենք»,- ասաց նա:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ