Ժուռնալիստների միության ցուցասրահում այսօր բացվեց «#electricyerevan 2015» ֆոտոցուցահանդեսը: Ներկայացված լուսանկարների հեղինակները «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչներն են, որոնց տեսախցիկները ֆիքսել են հունիսի 22-ից մինչեւ հուլիսի 6-ը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերը:
«Ֆոտոցուցահանդեսի բացառիկությունը կայանում է նրանում, որ մեկ թեմատիկա է ընդգրկված: Կարծում ենք «Ֆոտոլուրը» շատ է նպաստել Բաղրամյանում տեղի ունեցած իրադարձությունների հանրայնացմանը: Հայտնի լուսանկարը, որն այսօր ֆոտոցուցահանդեսի կենտրոնական նմուշն է, 4 օր եղել է որպես «Ռոյթեր» գործակալության top-լուսանկար, այն օգտագործել են աշխարհի բոլոր լրատվամիջոցները»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ հաջորդ տարի «Ֆոտոլուրը» տոնելու է 15-ամյակը, ինչի կապակցությամբ եւս նախատեսում են մեծ ցուցահանդես կազմակերպել:
Առաջին անգամ ցուցադրվեց նաեւ «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի վաղ առավոտյան ծավալված դեպքերի եւ զարգացումների մասին: Ֆիլմում խոսում են ականատեսները, Ոստիկանության, ՄԻՊ գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Կարդացեք նաև
«Ֆիլմի մասնակիցները նաեւ լրագրողներն են, որոնց աշխատանքը խոչընդոտվեց: Փաստորեն, մենք ականատես եղանք լրագրողների հանդեպ իրականացված գործողությունների աննախադեպ թվի: Տարբեր տեղեկություններով՝ 24 լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպք է գրանցվել»,-մեզ հետ զրույցում ասաց «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ ղեկավար Սեդա Մուրադյանը: Նա նշեց, որ ֆիլմն ավարտվում է ակտիվիստներից մեկի խոսքով: Նա ասում է, որ պարտավորվածություն է զգում իր երկրի համար ինչ-որ կարեւոր բան անելու հարցում:
Հավելենք, որ ֆիլմը և ցուցահանդեսը կյանքի են կոչվել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ: Ֆոտոցուցահանդեսը բաց կլինի 2 շաբաթ՝ այնքան, որքան տեւեցին «Բաղրամյան»-ի դեպքերը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
տեսաք՞, այ սենց բաներ նկարեք ու տպեք, որ սորոս ձյաձյան ձեզ էլ դոլլլլլլար տա