«Փաստորեն, սա երկրորդ քննարկումն է, առաջին հանդիպումը տվեց իր արդյունքները, անկասկած, նամանավանդ իրազեկման գործընթացի հետ կապված առաջքայլ ունենք»,- նոյեմբերի 12-ին «Անալոգայինից թվային հեռարձակման համակարգին անցնելու խնդիրները Հայաստանում» թեմայով հանրային քննարկման ընթացքում ասաց տրանսպորտի եւ կապի փոխնախարար Գագիկ Թադեւոսյանը:
Նա նշեց, որ իրենց մտահոգության առարկան է լուծել սոցիալական եւ իրավական խնդիրները, եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը արժեւորում է թթվայնացման փուլում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը:
«Մոտ ժամանակներս կսկսի Հայաստանի Հանրապետության սոցիալապես անապահով ընտանիքներին հեռուստատեսային, թվային ընդունիչ սարքերի բաշխումը: Արդեն կա որոշում, որ 48 733 ընդունիչ պիտի ձեռք բերի մեր ՀՀՌՑ (Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց) փակ բաժնետիրական ընկերությունը՝ իր խնայողությունների հաշվին, որը պիտի հանձնվի արտակարգ իրավիճակների տարածքային նախարարությանը, նրանք էլ համաձայն հաստատված կարգի կսկսեն բաժանել բնակիչներին»,- ասաց փոխնախարարը:
Գագիկ Թադեւոսյանի խոսքերով՝ անալոգային հեռարձակումը մարզ առ մարզ կընդհատվի, երբ որ սոցիալական խնդիր այլեւս չի մնա. «Այսինքն՝ այն մարզում, որտեղ սոցիալական խնդիրը կսպառվի, անապահով ընտանիքները կունենան այդ ընդունիչները, նոր այդ դեպքում կանցկացվի անալոգայինի անջատումը եւ թվայինի մուտքը՝ իհարկե՛, հաշվի առնելով հեռարձակողների գործունեությունը նույնպես»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ