Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարից տուժած ևս մեկ հիվանդ բարեհաջող վիրահատվել է

Նոյեմբեր 12,2015 18:40

Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից հետևանքով գլխի և դաստակի բաց վերքեր ունեցող տուժածներից մեկը Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում  այսօր վիրահատվել է:

Վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ, Միկրովիրաբուժության և պլաստիկ վերականգնողական համալսարանական կենտրոնի բաժնի վարիչ Արտավազդ Սահակյանի կողմից արված  բարդ վիրահատությունը բարեհաջող է անցել:  Հիվանդին անմիջապես վիրահատությունից հետո այցելել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Նախարարի հանձնարարականով հիվանդը  հոսպիտալացվել է, այնուհետև  կատարվել է ճակատային շերտի և ձեռքի դաստակի դեֆեկտի վիրահատություն: Երկու վիրահատություններն էլ բարեհաջող են անցել, հիվանդը հետվիրահատական շրջանում է, վիճակը կայուն է»,- նշեց Արտավազդ Սահակյանը:

Նրա տեղեկացմամբ` երկու ամիս անց  նախատեսվում է, որ  վթարից տուժած երիտասարդը կենթարկվի ևս մեկ` ջղերի պլաստիկ վիրահատության: Մասնագետի վստահեցմամբ` մեկ տարի անց հիվանդը կկարողանա լիովին ապաքինվել:

Պատասխանելով լրագրողների հարցին` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ երեկ  այցելել է ավտոբուսի վթարից տուժած Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բժշկական օգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստացող տուժածին: Ռուս մասնագետների հետ հիվանդի բուժման ռազմավարության քննարկման արդյունքում որոշվել է կատարել բարձր տեխնոլոգիական միջամտություն պահանջող երկու վիրահատություն: Այս և ՌԴ-ում գտնվող մյուս հիվանդների բուժման մանրամասները քննարկվել են նաև ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ:

«Մոսկվայում բուժվող հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության:  Այսօր  առավոտյան կատարվել է վիրահատություն, որը հաջողությամբ է ավարտվել:  Սպասվում է ևս մեկ վիրահատություն:  Ողնաշարի պարանոցային հատվածում պետք է նոր ֆիքսացիա իրականացվի: Մյուս հիվանդներն անցնում են իրենց բուժման փուլը: Կա ևս մեկ հիվանդ, ում առողջական վիճակը ծանր էր վթարի առաջին օրերից, սակայն նրա մոտ էլ առկա է դրական դինամիկա, վիճակի  կայունացում»,- նշեց Արմեն Մուրադյանը` ընդգծելով, որ  մասնագետների ջանքերով հիվանդները կանցնեն ոչ միայն ապաքինման, այլև ամբողջական վերականգնողական բուժման փուլ:

Այս պահի դրությամբ` ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժումը դեռ շարունակում է վթարից տուժած 2 հիվանդ:

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում այսօրվա տվյալներով` բուժումը շարունակում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից հինգ տուժած: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու հիվանդների առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Բուժօգնությունն իրականացվում է ողջ ծավալով:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30