Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Հայրիկյանը պատրաստ է բանտ նստել, եթե ԿԸՀ-ն չհրաժարվի հանրաքվե կազմակերպելուց (Տեսանյութ)

Նոյեմբեր 12,2015 17:41

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը քիչ առաջ նամակ հանձնեց ԿԸՀ քարտուղարությանը, որով հանձնաժողովին հորդորում է հրաժարվել «կոպտագույն խախտումներով ասպարեզ իջեցված սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվե կազմակերպելու հանձնարարականից»:

Պարոն Հայրիկյանը տեղեկացրեց, որ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանում է գտնվում իր հայցադիմումը ԿԸՀ հակասահմանադրական գործունեության վերաբերյալ, ուստի միայն այդ հանգամանքը բավական է հանրաքվեն գոնե կասեցնելու համար: Հակառակ դեպքում Պարույր Հայրիկյանը զգուշացնում է, որ գործը հասնելու է Եվրոպական դատարան:

Պարույր Հայրիկյանը, սակայն, առանձնապես լավատես չէ, թե իշխանությունները տրամադրված են նվազագույն զոհաբերություն անել հանուն հայրենիքի ու զավակների, բայց նրանց գուցե դիմում-նամակի տողերը զգաստացնեն:

Նա զգուշացրեց, թե այսօր եկել են դիմում հանձնելու, բայց նոյեմբերի 18-ին հրավիրելու են նաև հանրությանը, որ «հանձնաժողովին ասեն, թե դուք էլ մարդիկ եք երկու ոտքի վրա քայլող, ետ կանգնեք այդ ամենից»:

Aravot.am-ի հարցին`իսկ եթե հետ չկանգնե՞ն, ի՞նչ քայլերի են իրենք դիմելու, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Ամսի 18-ին այստեղ ավելի լուրջ պիտի բացատրեմ, որ դուք ունեք քաղաքացիական պարտավորություններ, հետո՞ ինչ, որ ինչ-որ մեկը ձեզ հրահանգել է դեմ գնալ ժողովրդավարությանը: Ամեն ինչ պիտի արվի մինչև դեկտեմբերի 6-ը»:

Մեր հարցին` ի՞նչ նկատի ունի ավելի լուրջ բացատրել ասելով, դիմելու՞ են կտրուկ քայլերի, քաղաքացիական անհնազանդության մեթոդների, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Կտրուկ քայլերի պարտավոր ենք դիմել բոլորս: Ես պատրաստ եմ հիմա գնալ բանտ, նստել ևս վեց ամիս, դեռ մի քիչ կա, որ 21 տարին լրանա`հիմա էլ հայրենիքիս պաշտպանությունը այս ճակատում իրականացնելով: Կամ պատրաստ եմ ընդհուպ մինչև թույլ չտալ, որ իրենք աշխատեն. ասենք նստենք իրենց աշխատասենյակներում ու թույլ չտանք նրանց աշխատել»:

Մեր հարցին` որևէ ճակատի միացե՞լ է, պարոն Հայրիկյանն արձագանքեց, թե «այո»-ի ճակատ գոյություն չունի, իսկ իրենք միացել են «Չեք անցկացնի» և «Հանրային փրկության» ճակատներին, վերջինիս նախաձեռնողն էլ հենց իրենք էին:

Hayrikyan_2

Այսօր Հայրիկյանի թիկունքին կրկին ծածանվում էին ԵՄ դրոշները: Հարցին` այդ դրոշնե՞րն ինչ կապ ունեն, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց. «Եթե որևէ մեկն ուզում է ճշտել` դիմացինը ԿԳԲ շնիկ է, թե այդ հաչոցները երգ համարող մոլորյալ, պարզում եք Եվրամիության դրոշը, եթե հաչեց այդ դրոշի վրա կամ ԿԳԲ գործակալ է, կամ շնիկների ազդեցության տակ ընկած: Եվրոպական դրոշը քաղաքակրթական մոտեցում է, դա որևէ երկրի դրոշ չէ, դա մեր` արդեն կատարած ընտրությունն ու կողմնորոշումն է»:

Պարույր Հայրիկյանը հայտարարեց, թե նոյեմբերի 18-ի հավաքին հրավիրել է նաև այն ուժերին, որոնց ներկայացուցիչները հայտարարում են, եթե իրենց կազմակերպած միջոցառումը չէ, չեն մասնակցում: Ու զգուշացնում է, եթե ներկա չգտնվեն, դա կնշանակի, որ աջակցում են հակասահմանադրական միջոցառման կազմակերպիչներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30