«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնում է 12-ամյա Միկան (Միքայել Վարոսյան), որը երաժշտության ասպարեզում իր առաջին քայլերն արել է դեռևս 6 տարեկանում: Իսկ արդեն 2013-ից մասնակցել է միջազգային տարբեր մրցույթների և արժանացել մրցանակների:
Միկան, ի դեպ, առաջին անգամը չէ, որ փորձում է Հայաստանը ներկայացնել «Մանկական եվրատեսիլ»-ում. «Ես արդեն երեք տարի մասնակցում եմ մրցույթի նախընտրական փուլերին: Իմ երազանքն այս տարի կատարվեց: Շատ ուրախ եմ դրա համար և բարձր տրամադրությամբ եմ մեկնում: Արդեն լսել եմ բոլոր մասնակիցների երգերը: Կարծում եմ՝ մրցակցությունն ուժեղ է լինելու: Բուլղարիայի ներկայացուցչին գիտեմ. միասին նախորդ տարի մասնակցել ենք «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մանկական եվրատեսիլ»-ի հայաստանյան մասնակիցը:
Մրցութային «Love» երգը ռոքնռոլ ժանրում է, որը նորություն է մրցույթին հայաստանյան մասնակցության պատմության մեջ: Երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը:
Կարդացեք նաև
«Մանկական եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի #Discover («Բացահայտի՛ր») նշանաբանով, նոյեմբերի 21-ին, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի փոխանցմամբ՝ իրենք Սոֆիա կմեկնեն նոյեմբերի 15-ին:
«Մանկական եվրատեսիլ»-ը գնալով բարձրացնում է իր վարկանիշը: Այս տարի 17 երկիր է մասնակցում, որը աննախադեպ թիվ է: Մրցույթի բարձր տրամադրությունն ապահովողներից մեկը մենք ենք լինելու, քանի որ ուրախ երգից բացի, ներկայացնելու ենք նաև շատ գունեղ ու պարային պատանեկան շոու»,- ասաց Գոհար Գասպարյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ