Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀԿ խմբակցության պատգամավորները Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի նպատակով այս օրերին մարզեր են մեկնելու՝ մասնակցելու ռեալիթի շոուի:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը քննադատել էր այդ բանավեճային ձևաչափը՝ ասելով, որ իշխանությունը քաղաքականությունը վերածում է կրկեսի:
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, որը նույնպես մասնակցելու է այդ շոուին, մեզ հետ զրույցում պատասխանեց Լեւոն Զուրաբյանին՝ ասելով. «Եթե իրենք կրկեսից են խոսում, ասեմ, որ բուրժուադեմոկրատական հեղափոխություն խոստացած եւ արդյունքում անգամ սեռային հեղափոխություն չիրականացրածների համար, օբյեկտիվորեն, ամեն ինչ այսուհետ պետք է կրկես հիշեցնի»:
Հարցին՝ ինչո՞ւ են ընտրել այդ տարբերակը՝ բանավեճի համար՝ Սամվել Ֆարմանյանն ասաց, որ դա լավ հնարավորություն է՝ մարդկանց համար ներկայացնելու իրենց փաստարկները մեր հասարակությանը եւ այդ կերպ փորձելու ազդեցություն ունենալ մեր ընտրողների ընտրական վարքագծի վրա:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ դա իր մեջ ռիսկ չի՞ պարունակում ուղիղ եթերում մոտենալ գյուղացիներին, որոնք իրենց ամենօրյա հոգսերն ունեն եւ բնականաբար իրենց կենցաղային բոլոր խնդիրները իշխանությունների առջեւ կդնեն՝ նա պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ իշխանությունները պետք է վախենան քաղաքացիների հետ շփվել, այդ թվում նաեւ՝ ուղիղ եթերում: Որեւէ իշխանություն, որ նման վախի զգացում ունի՝ հարցեր են առաջանում»:
Դիտարկմանը, որ ոչ-ի ճակատից վստահեցնում են, որ մարզերում ում մոտենում են, բոլորը ոչ են ասում՝ Սամվել Ֆարմանյանն արձագանքեց. «Ավելի լավ, այդ ուղիղ եթերներին կարձանագրենք, որ իրենք ճիշտ են ասում: ՀԱԿ խմբակցության ղեկավարի կողմից վերջին շրջանում արտահայտված մտքերը քանի որ արդեն տիեզերական այլ հարթության տրամաբանության մեջ են, ինձ համար շատ դժվար է ըմբռնել այդ հարցադրումների իմաստը, խորությունը, ապա նաեւ մեկնաբանել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ