Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից նոյեմբերի 12-ին հետաքրքրվեց՝ ՀՀԿ խմբակցության շատ անդամներ այս պահին, երբ ԱԺ-ում նիստեր են ընթանում, գնացել են մարզեր՝ քարոզարշավի, Դուք այդտեղ խախտում տեսնո՞ւմ եք:
Նա պատասխանեց. «Ռեալիթի շոուի մեջ ես ուրիշ խնդիր եմ տեսնում, ոչ թե այն, որ աշխատանքային ժամին գնացել են: Ռեալիթի շոուն դա զվարճալի շոու է, ծրագիր է, հայտնի է ամբողջ աշխարհում: Երբ որ մարդկանց, ոնց որ ապակե բանկաների մեջ տառականներին, դրել են համընդհանուր դիտողության պայմաններում եւ այդ մարդիկ ամբողջ օրը՝ 24 ժամ զբաղվում են նրանով, ինչով սովորաբար մարդիկ զբաղվում են իրենց կյանքում: Սա ռեալիթի շոու է, ճաշակի հարց է, որը կարելի է սիրել եւ չսիրել: Երբ դա բիզնես ծրագիր է հեռուստատեսային, ես դրան նորմալ եմ վերաբերվում, իսկ երբ դա սկսում են խառնել դեմոկրատական քաղաքական բանավեճի ֆորմատների հետ, սա կարելի է կոչել քաղաքականությունը կրկես դարձնել»:
Մենք ճշտեցինք՝ Դուք դրա՞ համար չմասնակցեցիք դրանց՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ոչ միայն դրա համար, որ դա կրկես է եւ քաղաքականությունը կրկեսի են վերածում, այլեւ ուրիշ հանգամանք էլ կա: Ինչպես Աշոտյանի հաղորդումը, որտեղ Հանրային հեռուստաընկերությունում «անաչառ» լրագրողի դերում հանդես է գալիս իշխող կուսակցության փոխնախագահը՝ կարկառուն ղեկավարներից մեկը եւ հավաքում են հատուկ լսարան, որը ծափահարում է իր բոլոր ասածներին, նույն բանը կիրառելու են այս ռեալիթի շոուին: Այսինքն, գնում են տարբեր գյուղեր, հավաքում են իրենց գործակալներին, իրենց հլու-հնազանդ ժողովրդին, որը գալու է եւ ծափահարելու է այո-ին, սա արդեն ռեալիթի շոու չի, սա վիրտուալ էլ չի, ստի, սուտ աշխարհի, կեղծ աշխարհի շոու է: Նման պայմաններով, երբ սա կրկես է եւ վարժեցված մարդկանց բերում են այո ասելու, մենք նման պայմաններով շոուի չենք մասնակցի: Կան դեմոկրատական բանավեճի ընդունված կանոններ: Ինչո՞ւ են ուզում հեծանիվ հնարեն: Ուզում են հնարեն, որովհետեւ Հայաստանում ժողովրդավարություն չկա, ուզում են նորմալ բանավեճի ֆորմատը փոխարինեն ինչ-որ մոգոնված սխեմաներով»:
Նա հորդորեց ԱՄՆ-ում, Ֆրանսիայում քաղաքական բանավեճերը նայել եւ սովորել, թե ինչպես պետք է կազմակերպել դրանք. «Նայեք ինչպես են դա անում լեհերը, թուրքերը, հույները: Քանի որ վախենում են կիրառել այդ բանաձեւերը, երեւակայությունը աշխատեցնում են ու մոգոնում են ամենահիմար ֆորմաները, միայն թե իրենց ծափահարեն եւ իրենք իրենց ապահով զգան»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ ՀՀԿ-ականները, օրինակ, Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ սա երիտասարդներին կկլանի, նրանց համար գրավիչ կլինի եւ կմասնակցեն այս փոփոխությունների գործընթացին՝ Լեւոն Զուրաբյանն ասաց. «Գիտեք, հիմա կարող է ստրիպտիզն էլ ինչ-որ մեկին կլանի, դա չի նշանակում, որ ստրիպտիզը կարելի է խառնել քաղաքական բանավեճի հետ: Հիմա կարող է իրենք այդպիսի բան էլ առաջարկեին, մենք պիտի այդ կլանելու արգումենտի հետեւի՞ց գնայինք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ