Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փայլակ Հայրապետյան. «Աշոտ Սուքիասյանն, իմ իրավաբանին կաշառելով, կատարել է այդ գործարքները» (Տեսանյութ)

Նոյեմբեր 12,2015 16:16

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Վարդան Գրիգորյան) այսօր շարունակվեց «օֆշորի գործով» դատական նիստը: Ընթանում է ապացույցների հետազոտման փուլը:
Այսօրվա դատական նիստին հետազոտվեց Կիպրոսի Հանրապետության հետ իրավական օգնության աջակցության շրջանակներում միջնորդությունների կատարման արդյունքների զննության վերաբերյալ արձանագրությունը: Այստեղ ներկայացված են տվյալներ այն մասին, թե օրինակ`օֆշորի գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին պատկանող «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի կողմից որքան գումար է փոխանցվել Կիպրոս և ինչի համար:

Օֆշորի գործով տուժող գործարար Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը, ինչպես և նախորդ նիստում, պնդեց, որ Փայլակ Հայրապետյանի գույքի գրավադրմամբ գումարները չեն ծախսել բիզնես ծրագրի համաձայն: Նա դատարանի դահլիճում հայտարարեց. «Տաս միլիոնից ավելի վարկ է տրամադրվել հանքերի տաքացման համար, բայց այն չի օգտագործվել նպատակային»:

Ofshor_Paylak

Միջամտեց ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը, թե «հո Նոր տարվա տոլմա չէր, որ տաքացվեր, դա վերաբերում էր օդափոխությանը»:

Նրան հակադարձելով` պարոն Փիրուզյանն ասաց. «Ապացույցները ներկայացվելուց հետո համոզվեցինք, որ վարկի առաջին իսկ օրվանից ոչ մի կոպեկ չի ծախսվել բիզնես ծրագրի նպատակով: Անհասկանալի է, թե այդ ի՞նչ նպատակներով են այս գումարները Կիպրոս փոխանցվել: Կիպրոսն ընդհանրապես այս վարկի, Փայլակ Հայրապետյանի հետ կապ չուներ: Եթե տուժողն իմանար, որ իր գումարները գնում է Կիպրոս, նա չէր համաձայնի: Նա ներդրումներ է արել Սիերա Լիոնեում հանքերի ամրացման համար, որից հետո պետք է ադամանդ գար Հայաստան: Բայց նման բան չի եղել: Սա փողերի լվացում է, խարդախությամբ Հայրապետյանի գույքին տիրանալ ու գումարներն անձնական կարիքները հոգալու համար ծախսել: Բոլոր ապացույցները փաստում են, որ նախաքննական մարմինների՝ Աշոտ Սուքիասյանին վերագրված մեղադրանքները տեղին են»:

Յուրիկ Խաչատրյանը հորդորեց նման հայտարարություններ չանել դատարանի դահլիճում, քանի դեռ չեն կարող մատնանշել փաստեր, սակայն դատավորը միջամտեց, թե ինքը պատրաստ է բոլոր կողմերի հանգամանալից ելույթները լսել: Նաև վրդովվեց, թե ամեն անգամ գործի ողջ նյութերին անդրադառնալու փոխարեն, ավելի լավ է կոնկրետ ապացույցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել, անդրադառնալ այն միլիոններին, որ ամբաստանյալի կազմակերպությունից փոխանցվել են Կիպրոս:

Յուրիկ Խաչատրյանը, անդրադառնալով Շալիկո Փիրուզյանի հայտարարություններին, հարցրեց. «Որ ասում եք, թե գումարները ծախսվել են անձնական նպատակների համար, մեկ հիմք կա՞: Դա կերևա քննության ավարտին, երբ կհետազոտվեն բոլոր փաստաթղթերը: Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե Փայլակ Հայրապետյանի գույքը գրավադրելով են նրա գույքին տիրացել, ապա հիշեցնեմ, որ տուժողների գույքը Աշոտ Սուքիասյանը չի գրավադրել, այլ տուժողներն իրենք իրենց կամքով են գրավադրել այն` կողմերի միջև կնքված պայմանագրերով»:

Փայլակ Հայրապետյանը, վերջակետ դնելով կողմերի հակադարձումներին, հայտարարեց. «Հիմքը սա է. իմ տրամադրած գումարներից 4 միլիոն դոլարը հատկացվել է երկու լվացող մեքենա, 5 միլիոն դոլարը` այլ մեքենա սարքավորումներ ձեռք բերելու համար: Ես այդ գումարները չեմ տվել, որ Աշոտն իր սեփական կարիքները հոգա: Նա իմ իրավաբանին կաշառելով, այդ գործարքներն արել է: Ես փողերս տվել են հայրենիքին ծառայեցնելու համար, ոչ թե հարյուր տեղ բաժանելու, Կիպրոս ուղարկելու համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30