«Պարալլելս Ֆիլմ» կինոընկերության հիմնադիր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ռեժիսոր Մարինե Զաքարյանի «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագիծն ընդգրկվել է B’EST EAVE (Baltic Bridge East by West)` Բալթյան կամուրջ արևելք-արևմուտք, կինոնախագծերի զարգացման եւ կինոպրոդյուսերների վերապատրաստման ծրագրի եւ ֆիլմերի ցանկում:
B’EST-ը կազմակերպվում է Տալլինի կինոփառատոնի Baltic Event նախաձեռնության, Ռուսական RFilms և CTB ընկերությունների, Եվրոպական Աուդիովիզուալ Ձեռնարկատերեր՝ EAVE և Creative Europe MEDIA կառույցների համատեղ ջանքերով եւ նախատեսված է այն կինոպրոդյուսերների համար, ովքեր ունեն միջազգային համատեղ արտադրության փորձ և նոր մրցունակ կինոնախագծեր: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ «Տատիկիս վարսերը» Տալլինում նոյեմբերի 18-ին ներկայացնելու է ֆիլմի գործադիր պրոդյուսեր Րաֆֆի Նիզիբլյանը:
Հովհաննես Գալստյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ B՝EST-ը իրենց կինոնախագիծը միջազգային ֆոնդերին և կինոընկերություններին ներկայացնելու բացառիկ հնարավորություն է:
Ինչ վերաբերում է Տալլինի կինոփառատոնին, նրա խոսքով. «2015թ.ին Տալլինի կինոփառատոնը Կինոպրոդյուսերների համաշխարհային ֆեդերացիայի (FIAPF) կողմից ստացել է Ա Կարգի մրցութային կինոփառատոնի կարգավիճակ, ինչը կտրուկ բարձրացրել է կինոփառատոնի վարկանիշը՝ իր վրա սևեռելով Եվրոպական կինոինդուստրիայում ներգրավված ընկերությունների, ֆոնդերի հետաքրքրությունը: Դեռ գարնանն էր հայտարարվել, որ Տալլինի կինոփառատոնը հանդիսանալու է այն հիմնական հարթակը, որտեղ նախկին ԽՍՀՄ երկրների կինոպրոդյուսերները կարող են հանդիպել Արևմտյան Եվրոպայի իրենց կոլեգաների հետ՝ համատեղ կինոնախագծեր իրականացնելու համար»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ