Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ ՀԱԿ-ին. «Մենք մեղավոր չենք,որ դուք գնալով թուլանում եք, հայտնվում լուսանցքում» (Տեսանյութ)

Նոյեմբեր 12,2015 15:21

ԱԺ-ում Վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հակադարձեց հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանին, որը վստահեցրել էր, որ համայնքների խոշորացմանը մարդիկ կողմ են արտահայտվել, դրա մասին են վկայում նաեւ հանրաքվեի արդյունքները:

Հիշեցնենք, որ այս նախագծով կառավարությունը մտադիր է Լոռու մարզում, Սյունիքում եւ Տավուշի մարզում համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրն իրագործել:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ինքն անձամբ այցելել է Դիլիջանի ծրագրում ընդգրկված բոլոր գյուղերը եւ քարոզչություն է արել՝ խոշորացման դեմ. «Սյունիքում ցավոք չարեցինք քարոզչություն, սակայն այնտեղ, որտեղ արեցինք, արդյունքները ուղղակի շշմեցուցիչ էին: Մայիսի 17-ին անցկացրած հանրաքվեի արդյունքներով համայնքների գերակշռող մեծամասնությունը մերժեց խոշորացման ծրագիրը»:

Նա նշեց, որ Հաղարծին գյուղում 444 մարդ դեմ է արտահայտվել, իսկ այո-ի կողմնակիցները եղել են 232-ը:

ՀԱԿ-ը գտնում է, որ այս պայմաններով խոշորացումը նվազեցնելու է ժողովրդի դերը՝ սեփական իշխանություն ձեւավորելու գործում եւ նպաստելու է դեպի նոր կենտրոններ բնակչության միգրացիային՝ հանգեցնելով որոշ բնակավայրերի դատարկմանը: Սահմանամերձ գյուղերում մարդ չի մնա եւ դա կսպառնա արդեն մեր ազգային անվտանգությանը. «Ինչի՞ համար են հանրաքվեի հստակ արդյունքները, եթե դուք պետք է արհամարհեք դրանք: Ի՞նչ եք ապացուցում, որ թքա՞ծ ունեք ժողովրդի կամքի վրա, մեկ անգամ եւս ցուցադրում եք ձեր պատկերացումները ժողովրդավարության մասի՞ն: Սա ցույց է տալիս իշխանության արհամարհանքը:

Այս նախագծով, ըստ Լեւոն Զուրաբյանի, կառավարությունը փորձում է սահմանադրական նորմերի խախտմամբ սղացնել ժողովրդի կամքը անտեսող որոշումներ. «Ես պահանջում եմ ԱԺ ղեկավարությունից՝ դիմել կառավարությանը քննարկման օրակարգից հանել այս նախագիծը: Թող կառավարությունը ներկայացնի հանրաքվեների իրական արդյունքները, ոչ թե դրանք թաքցնի ԱԺ-ից, այն էլ Սահմանադրության ոտնահարմամբ: Իսկ եթե դա չարվի եւ օրինագիծը դրվի քվեարկությամբ, այն ի սկզբանե կլինի հակասահմանադրական ակտ եւ դրան կողմ քվեարկած բոլոր պատգամավորները կխախտեն Սահմանադրությունը»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ցույց տալով Սահմանադրությունը, Լեւոն Զուրաբյանին պատասխանեց. «Խոսում եք մի բանի մասին, որը գոյություն չունի: Չի կարելի կիսատ-պռատ բաներ ասել, չի կարեի արհամարհել Սահմանադրությունը: Ինչո՞ւ չեք ասում այն դրույթը, որ համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել՝ անկախ տեղական հանրաքվեների արդյունքներից: Չի կարելի ցանկացած հարց սարքել ձեր չկայացած քաղաքական թիմի, քաղաքական ամբիցիաների հարց, մենք մեղավոր չենք, որ գնալով թուլանում եք, նայեք խնդիրը, նախևառաջ, ձեր մեջ, մենք մեղավոր չենք, որ դուք հայտնվել եք լուսանցքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30