Բացի կենդանիներ ցուցադրելուց՝ կենդանաբանական այգիների առաքելությունն է գիտնականների մասնակցությամբ կատարել գիտահետազոտական աշխատանքներ: Այսօր այս մասին «Ելակետ» ակումբում ասաց «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության խմբի ղեկավար Սիլվա Ադամյանը, որն արդեն քանի տարի է՝ ահազանգում է հայաստանյան կենդանաբանական այգիներում տիրող գարշահոտության, կենդանիներին ստորացնող ու տանջանքների ենթարկող պայմանների մասին:
Տիկին Ադամյանի խոսքերով, այսօր մեր երկրի կենդանաբանական այգիները միայն «բնապահպանական դաստիարակության» համար են, քանի որ ֆինանսների բացակայության պատճառով՝ այգին չունի այն աշխատակազմը, որը կարող է նաեւ կենդանիներին գիտահետազոտել:
Սիլվա Ադամյանը վստահեցնում է, որ ամեն մի կենդանի իր միջավայրում պետք է ապրի, քանի որ նրան կտրելով իր միջավայրից, բնակլիմայական պայմաններից, նրան մարդիկ տանջանքների են ենթարկում. Օրինակ` արեւադարձային երկրների կենդանին իր միջավայրից դուրս իրեն վատ է զգում:
Aravot.am-ի այն հարցին, թե կենդանիների պաշտպանության մասին մեր երկրի օրենքով էլ չի կարելի կենդանիներին տանջել, նրանց նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերել, հակառակ դեպքում նախատեսված է պատասխանատվություն, արդյոք չի՞ նշանակում, որ իրավունք չունենք մեր երկրի կենդանաբանական այգիներում պահել արեւադարձային երկրների կենդանիներ, որոնց կտրելով իրենց միջավայրից, նրանց տանջանքների ենք ենթարկում, տիկին Ադամյանն ասաց, որ կոնվենցիաներ ենք ստորագրել, որով կարելի է կենդանիներ փոխանակել. «Դուք կարող եք տրոպիկական կենդանուն բերել այստեղ եւ պահել, օրենքը դա թույլ է տալիս, այլ հարց է, թե դուք ոնց եք նրան պահում»:
Մանրամասները տեսանյութում
Կարդացեք նաև
Սիլվա Ադամյանը նաեւ ասաց, որ տարիներ ի վեր Երեւանի կենդանաբանական այգում «սարսափելի» պայմաններ են եղել, սակայն այժմ վիճակը բարվոք է եւ դեպի լավն է գնում: Ըստ նրա՝ լուրջ խնդիրներ կան Հայաստանի այլ վայրերում գործող կենդանաբանական այգիներում, որոնք մասնավոր են եւ միայն ստեղծված են զվարճանքի համար. «Այդ տեղերում կենդանիները մարդու կողմից ենթարկվում են լուրջ ճնշումների: Այգին բացում են, բայց չգիտեն ինչպես պետք է վարվեն այդ կենդանիների հետ, կամ իրենց ֆինանսական վիճակը թույլ կտա՞ մինչեւ վերջ հոգ տանելու այդ կենդանիների համար»:
Նա մեջբերեց Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքերը, համաձայն որոնց՝ այգում չի կարելի պահել այնպիսի կենդանիներ, որոնք չեն հարմարվում Հարավային կովկասի պայմաններին, ապա հիշեցրեց, թե ինչպիսի խնդիրներ եղան փղի հետ:
«Փրո Փոուզ» կենդանապաշտպան բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանն անդրադառնալով օրենսդրական խնդիրներին, ասաց, որ օրենքով կենդանիներին խոշտանգումների համար որոշակի տույժեր նախատեսված են, սակայն ոչ միայն մենք չունենք նախադեպեր, այլեւ մարմինները, որոնք պատասխանատու են իրավիճակի շտկման, հայտնաբերման համար, անգործության են մատնված:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Պետք է արգելել ընդհանրապես կենդանիներին անազատության մեջ պահելը: Ու ամեն ինչ կընկնի իր տեղը: Կենդանինե՞ր եք ուզում տեսնել, տեսեք նրանց բնության մեջ, ու ոչ երբեք վանդակում: Բայց տեսնես ինչքա՞ն ժամանակ է պետք, որ մարդկությունը հասնի այդ մակարդակին: