Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախանշվել են հայ-իրանական տնտեսական համագործակցության նոր հեռանկարներ

Նոյեմբեր 12,2015 14:41

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նոյեմբերի 8-10-ը պաշտոնական այցով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ):

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնական այցը, ինչպես նաև այցի շրջանակում նոյեմբերի 9-ին Թեհրանում տեղի ունեցած Իրան-Հայաստան գործարար համաժողովը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության և Հայաստանի Զարգացման Հիմնադրամի ջանքերով:

Նոյեմբերի 9-ին` Թեհրանում Կարեն Ճշմարիտյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների տնտեսական զարգացման հեռանկարները, Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության և ԵՄ հետ փոխգործակցության ակտիվացման համատեքստում համագործակցության նոր հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն բնագավառում փոխադարձ հետաքրքրությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների, ռադիոէլեկտրոնիկայի, կապի, այդ թվում, ինտերնետ հասանելիության ոլորտներին առնչվող հարցեր:

Մասնավորապես ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արտոնյալ առևտրային ռեժիմները այլ երկրների հետ, ԵԱՏՄ անդամակցությամբ բացվող հնարավորությունները և Հայաստանին վերապահված բացառությունները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրի արձանագրած հաջողությունները: Կարեն Ճշմարիտյանը բարձրացրել է նաև Իրանի կողմից փոխադարձ առևտրում կապի և ինտերնետ ծառայությունների գների իջեցման հարցը, որին ի պատասխան Մահմուդ Վայեզին պատրաստակամություն է հայտնել քննարկել նշված խնդիրը: Նա կարևորել է փոխադարձ ներդրումների, ինչպես նաև փոխադրումների և ճանապարհների կառուցման հարցերը: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնակցել երկու երկրներում կազմակերպվող ՏՏ և ինովացիոն ոլորտների միջոցառումներին, ցուցահանդեսներին:

Նույն օրը ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԻԻՀ առևտրի, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրի հետ: Քննարկվել են երկկողմ առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի միջոցով այլ շուկաներ դուրս գալու հնարավորություններին: Մոհսեն Ջալալփուրն առաջարկել է ստեղծել համատեղ ձեռնարկություններ և դրանց միջոցով դուրս գալ տարածաշրջանի այլ երկրների շուկաներ: Զրուցակիցները կարևորել են նաև ծառայությունների ոլորտում համագործակցության ակտիվացումը և ներդրումների ավելացումը:

Նոյեմբերի 9-ին, օրվա երկրորդ կեսին մեկնարկել է Իրան-Հայաստան գործարար համաժողովը, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը, այդ թվում շուրջ 70 հայ գործարարներ: Միջոցառմանը ներկա էին ԻԻՀ արդյունաբերության, առևտրի և հանքերի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթ Զադեն, բազմաթիվ իրանական պաշտոնյաներ և շուրջ 200 իրանցի գործարարներ։ Ելույթներով հանդես են եկել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթ Զադեն և ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և ԻԻՀ առևտրի, հանքերի, և գյուղատնտեսության պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրը: Գործարար համաժողովի շրջանակում Հայաստանի Արտահանման Ապահովագրական Գործակալության և Իրանի Արտահանման Երաշխավորության Հիմնադրամի միջև ստորագրվել է ՀՀ և ԻԻՀ առևտրի և ներդրումների խթանմանն ուղղված համագործակցության Փոխըմբռնման հուշագիր: Գործարար համաժողովի ընթացքում ներկայացվել են երկու երկրների հնարավորությունները, ներդրումային միջավայրը, համագործակցության հեռանկարները:

Այնուհետև տեղի են ունեցել հայ և իրանցի գործարարների երկկողմ հանդիպումներ: Հատկանշական է, որ հայ գործարարների նման մեծաթիվ պատվիրակություն առաջին անգամ է այցեցել ԻԻՀ: Ինչպես գործարար համաժողովը, այնպես էլ երկու երկրների գործարարների հանդիպումներն աչքի են ընկել քննարկումների արդյունավետությամբ, աննախադեպ ակտիվությամբ, փոխադարձ հետաքրքրությամբ և գործարար կապեր հաստատելու շահագրգռվածությամբ:

Համաժողովի ավարտից հետո կայացել է Կարեն Ճշմարիտյանի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթ Զադեի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայկական ապրանքների` ԻԻՀ արտահանման հնարավորությունները, ԵԱՏՄ անդամակցությամբ բացվող հեռանկարները, տարբեր ոլորտների ընկերությունների համատեղ ծրագրերի իրականացման աջակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նոյեմբերի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Սեիֆ Վալիոլլահի հետ: Քննարկվել են երկու երկրների տնտեսական զարգացման հեռանկարները, բանկային համակարգերի միջև փոխգործակցության հնարավորությունները:

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակության կազմում էին` ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արամ Արսենյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, Հայաստանի զարգացման հիմնադրամի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ներկայացուցիչներ: Գործարար համաժողովին և պաշտոնական հանդիպումներին մասնակցել է նաև ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:

 

ՀՀ  էկոնոմիկայի  նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30