Գործադիրը հավանություն է տվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Առաջարկվող փոփոխություններով կընդլայնվի վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինների շրջանակը և կհստակեցվեն 48-րդ հոդվածի ներկայիս կարգավորումները:
Կառավարությունը քննարկել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն, մասնավորապես, եթե ինքնաբացարկի մասին դիմում է ներկայացնում պատգամավորի կին թեկնածուն, ապա մանդատը փոխանցվում է կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի հաջորդ կին թեկնածուին: Կառավարությունը դեմ է ներկայացված օրինագծի ընդունմանը, քանի որ նախագծով նախատեսված կարգավորումներն ամբողջական չեն, առկա են լրամշակման և խմբագրման կարիք ունեցող դրույթներ:
Գործադիրը բացասական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված` ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում փոխհատուցման գումարը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) տալու մասին» ՀՀ օրինագծին: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ, անհրաժեշտ է փոխհատուցման ցուցակում հաշվառված ավանդատուի մահվան դեպքում, նախատեսված փոխհատուցման գումարը ստանալու իրավունքը տալ ժառանգներին` անկախ նրանից այդ գումարը համապատասխան մարմիններին փոխանցվել է, թե ոչ:
Կառավարությունը սկզբունքային առարկություններ չի ներկայացրել ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրինագծի լրամշակված տարբերակի վերաբերյալ՝ միաժամանակ ներկայացնելով մի քանի առաջարկություններ:
Կարդացեք նաև
Օրինագիծն ու կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ