Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, «Ա1+»-ի հետ համագործակցությամբ, սկսում է նոր հեռուստանախագիծ, որի շրջանակում «Այո» եւ «Ոչ» ճակատների ներկայացուցիչները կշրջեն Հայաստանի մարզերով՝ տեղի բնակիչներին ներկայացնելով իրենց դիրքորոշումը:
«Մենք սկսում ենք մի նոր հեռուստանախագիծ, որը 20 օր շարունակ առանց ընդհատումների եւ շաբաթ-կիրակիների կլինի ուղիղ եթերում: Այն կոչվում է «Այո եւ Ոչ» : Սա քարոզարշավ է Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում՝ երկու ուղղությամբ՝ Հյուսիս եւ Հարավ: Յուրաքանչյուր ուղղությամբ գնում են ութական մասնակիցներ, չորսը՝ «այո»-ից եւ չորսը՝ «ոչ»-ից»,-ներկայացրեց ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը:
Հեռուստանախագիծն ուղիղ եթերով հեռարձակվելու է «Ա1+» հեռուստաընկերության լայվսթրիմով եւ «Յուքոմ»-ի «Արմնյուզ» հեռուստաալիքով:
Մտահղացման հեղինակը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է, ով «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Վերջին մի քանի տարիների ընթացքում միշտ եղել է այն միտքը, թե ինչու մեզ մոտ չի կայանում այն քաղաքական մշակույթը, որն ընդունված է ամբողջ աշխարհում: Վերջին 20 տարում ամեն ինչ մեզ մոտ իջել է հարթակից ներքեւ՝ հայհոյանքների, մեղադրանքների եւ անձնական թշնամանքի: Չկան այն գաղափարական բախումները, բացատրական աշխատանքները, ինչպես միմյանց, այնպես էլ՝ ազգաբնակչության հետ: Սա առիթ էր, որպեսզի մարդիկ, որոնք իրար հետ նույն ավտոբուսով ճանապարհ են գնում, իրար հետ հաց են ուտում նույն սեղանի շուրջ, այդ թվում եւ՝ գյուղացիների, լինեն լավ հարաբերությունների մեջ, բայց չփոխեն իրենց համոզմունքները»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ