Գյումրու ՀԱԿ կառույցում, գնահատելով Շիրակի մարզի «Այո» շտաբի քարոզարշավը, նշել էին, որ իրենց կարծիքով «ամենապրիմիտիվն ու անգրագետը» քաղաքապետ Սամվել Բալասանյանինն է: Նրանք որպես օրինակ մեջբերել էին քաղաքապետարանի աշխատակիցների այցերը մանկապարտեզներ, որտեղ վերջիններս հորդորել էին սահմանադրական փոփոխություններին քվեարկել «Այո», որպեսզի Գյումրին այլեւս քավության նոխազ չդառնա, Սերժ Սարգսյանը լավ աչքով նայի այս քաղաքին:
Բացի այդ, Գյումրու ՀԱԿ կառույցից չէին թաքցրել նաեւ իրենց զարմանքն առ այն, որ Գյումրու կենտրոնական հատվածում հայտնվել են Սամվել Բալասանյանի լուսանկարներով ցուցապաստառներ, որտեղ գրված է «Հպարտ եմ ծառայել գյումրեցիներին»: ՀԱԿ կառույցից հարցնում էին ՝ հիմա այս մարդը իր քարոզարշա՞վն է անում, թե՞ սահմանադրական հանրաքվեի:
Արձագանքելով «Ոչ»-ի շտաբից հնչող քննադատություններին, Սամվել Բալասանյանի խորհրդական Սահակ Սահրադյանն ասաց. «Ոչ»-ի կողմնակիցները փոխանակ ներկայացնեն սահմանադրական փոփոխությունների լավ կամ վատ կողմերը, փորձում են ժողովրդի սոցիալական խնդիրներն օգտագործելով՝ լարվածություն ստեղծել: Նրանք մոռանում են, որ Հայաստանի, մասնավորապես Գյումրու այսօրվա սոցիալ-տնտեսական վատ կացության մեջ պատասխանատվության լրջագույն բաժին ունի իրենց կուսակցապետը՝ Տեր-Պետրոսյան Լեւոնը: Ինչ վերաբերում է «Պառլամենտ» ամսագրի գովազդին՝ քաղաքապետի նկարներով, այն ավելի շուտ է փակցվել՝ նախքան քարոզարշավը սկսվելը ու քարոզարշավի սկսվելուց առաջ հանվել է, որպեսզի քարոզարշավի ընթացքում լրացուցիչ շփոթ չառաջացնի:
Ինչ վերաբերում է իմ համեստ անձի վրա մտասեւեռվելուն, ապա հարգելի քաղաքական գործչին խորհուրդ կտայի ընթերցել իմ հերքումը: Ես ասել եմ ընդամենը, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում ավելի լայն հնարավորության է ստեղծվում Գյումրի քաղաքի համար հատուկ կարգավիճակ ունենալ, ինչը իր հերթին ավելի մեծ ֆինանսական հոսքեր կբերի: Օրինակը բերել եմ Երեւանի վրա, նաեւ ասել եմ ու այսօր էլ եմ կրկնում, որ այսօրվա պայմաններում Գյումրին իր իրավական, ֆինանսական կարգավիճակով ընդամենը համայնքի կարգավիճակ ունի, ինչը Գյումրու խնդիրներով մտահոգ որեւէ մարդու չի բավարարում: Պատրաստ եմ այս մասին խոսել նորից ու նորից, որովհետեւ ի տարբերություն որոշ մարդկանց, Սամվել Բալասանյանն ու իր թիմը չեն բավարարվում խնդիրն ընդամենը մատնացույց անելով, այլ փորձում են լուծումներ գտնել»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչո՞ւ է այս ամենի մասին խոսվել մանկապարտեզներում, աշխատանքի ժամին, Սահակ Սահրադյանը պարզաբանեց. «Մանկապարտեզներում հատուկ քարոզարշավ չի իրականացվել, ես՝ որպես քաղաքապետի խորհրդական, մշտական հանդիպումների շարք եմ ունենում քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցների ու բնակիչների հետ: Նախ` հանդիպումը եղել է քաղաքի հետ կապված, հնչել են հարցեր մանկապարտեզի սննդի որակի, ջեռուցման, քաղաքի ընդհանուր խնդիրների, որովհետեւ ամեն մի մանկապարտեզ մի թաղի պատկերն է: Հանդիպումը եղել է մանկապարտեզում, բայց չի եղել հատուկ հանդիպում սահմանադրական փոփոխությունների մասին: Հնչել է հարց Սահմանադրության հետ կապված, ներկայացրել եմ իմ անձնական տեսակետը ու ասել եմ, որ եթե ցանկություն կա խոսելու այդ թեմայով պատրաստ եմ բակերում, թաղերում, ցանկացած պահի իմ հիմնավորումները ներկայացնել, մեկ-երկու բառով ասել եմ իմ կարծիքով սահմանադրական փոփոխությունների մասին:
Մանկապարտեզ իմ այցը եղել է զուտ աշխատանքային ու կոչ եմ անում մեր գործընկերներին որակավորումների, պիտակների դաշտ չմտնել՝ անգրագետ, պրիմիտիվ…Մենք ամեն կերպ փորձում ենք մեր ընդդիմախոսների հետ այդ դաշտից դուրս հարաբերվել…Մենք պատրաստ ենք ներկայացնել մեր մոտեցումները, եթե համապատասխան հարթակ լինի: Պարզապես ես հետեւում եմ սահմանադրական փոփոխությունների շուրջ հեռուստատեսությամբ ծավալվող բանավեճերին, բայց բուն թեմային առնչվող քննարկում չեմ տեսնում, դրա համար մեզ համար նույնիսկ այս պահին անտրամաբանական է մտնել այդ քննարկումների դաշտ, որովհետեւ Սահմանադրական քննարկում ընդդիմախոսների՝ «Ոչ»-ի կողմնակիցների կողմից չկա, կա նախընտրական իրավիճակին բնորոշ քննադատությունների, որակումների շարան, որին եթե այդ տրամաբանությամբ պատասխանենք, շատ հեշտությամբ իրենց կուսակցապետի ղեկավարման շրջանի հետ կապված կարելի է շատ-շատ հիշեցումներ անել: Սա սահմանադրական կարգի վերաբերյալ հարց է, կարծում եմ՝ ճիշտ չէ մտնել այդ դաշտ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Սահակ Սահրադյանի ֆեյսբուքյան էջից