Նոյեմբերի 12-ին, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը անցկացրեց ԱՄՆ Խաղաղության կորպուսի 39 կամավորների երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ ԽԿ կամավորները դասընթացների ավարտից հետո կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ կապրեն երկու տարի և կաշխատեն ԽԿ–ի երկու ծրագրերի շրջանակներում՝ անգլերեն լեզվի ուսուցում և համայնքի ու երիտասարդության զարգացում։ Արարողությունը անցկացվեց Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Միջոցառմանը ներկա էին ավելի քան 200 հյուրեր, այդ թվում՝ նախարարությունների ներկայացուցիչներ, մարզպետներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միջոցառումը նաև տոնում էր 12 շաբաթյա դասընթացի հաջող ավարտը, որի ընթացքում կամավորները սովորեցին հայերեն և ծանոթացան հայ մշակույթին։
Կամավորների այս խումբը ներկայացնում է Միացյալ Նահանգների ժողովրդին. նրանք պատկանում են տարբեր էթնիկ և ռասսայական խմբերի, ունեն տարբեր կրոնական և սոցիալ-տնտեսական կարգավիճակ: Կամավորների տարիքը տարբեր է՝ 21-ից մինչև 76 տարեկան:
Միջոցառման ժամանակ կամավորները կատարեցին հայերեն երգ և իրենց հայերեն ելույթների միջոցով հյուրերի հետ կիսեցին Հայաստանից ստացած իրենց տպավորությունները։ Կամավորների այս նոր խումբը կհամալրի արդեն աշխատող կամավորների շարքերն ու Հայաստանի դպրոցներում, համալսարաններում և հասարակական կազմակերպություններում աշխատող կամավորների թիվը կհասնի մոտ 80-ի:
Կարդացեք նաև
ԱՄՆ Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961թ. ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի կողմից և այդ ժամանակից ի վեր ավելի քան 200 000 կամավոր է ծառայել 139 երկրում։ 1992թ–ից մինչ այսօր Հայաստանում աշխատել են Խաղաղության կորպուսի ավելի քան 950 կամավորներ:
Խաղաղության կորպուսը ունի երեք նպատակ՝ մասնագիտական օգնություն ցուցաբերել հյուրընկալող երկրին, օգնել հյուրընկալող երկրի ժողովրդին ավելի լավ ճանաչել ամերիկյան ժողովրդին և օգնել ամերիկյան ժողովրդին ավելի լավ ճանաչել հյուրընկալող ժողովրդին։
Մամլո հաղորդագրություն