Լրահոս
Օրվա լրահոսը

Դիակերության օրը. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 12,2015 12:07

Երեկ 61 տարեկան հասակում հանկարծամահ է եղել թատերագետ, լրագրող Լեւոն Մաթաֆյանը։

Դե, ի՞նչ պիտի ասենք այս առթիվ։ Ցավակցամ ենք նրա ընտանիքին, հարազատներին, մտերիմներին։

Ինչպես տեսնում եք, երկու նախադասությամբ այս տհաճ իրադարձության մասին տեղեկացրինք ու վերջ։

Բայց՝ ոչ, երեկ այս մարդու մահը սոցցանցերի ամենաքննարկվող թեման էր դարձել։ Բազմաթիվ դեմքեր լուրջ-լուրջ քննարկում էին, թե արդյո՞ք բարոյական մարդ էր հանգուցյալը։ Պարզվում է, Լեւոն Մութաֆյանը բազմաթիվ մարդկանց հետ հակասություններ է ունեցել, իրար հետ վիճել, ֆեյսբուքներում իրար բլոկ-մլոկ արել։ Բայց հիմա մարդը մահացել է, սակայն նրա հետ խնդիրներ ունեցողների մի մասի համար նա դեռ ապրում է։ Չէ որ չէ, վատ մարդ էր, իմ մասին էլ ստատուս է գրել։

Հայաստանի կեսը մյուս կեսի մասին հաստատ մի վատ ստատուս գրել է, հետո՞։

Մենք անդրադառնում ենք այս թեմային, որովհետեւ սա զուտ կենցաղային խնդիր չէ։ Սա մշակույթ է, մտածելակերպ, հոգեբանություն, որը բավական սերմանված է մեր մեջ։ Երեկ բազմաթիվ օգտատերեր, ընդ որում, լուրջ մարդիկ, հայտնի, բարձրագույնավարտ, կարդացած, իրենց Աստծո տեղապահի տեղ էին դրել ու որոշում էին՝ ներե՞լ, թե՞՝ չներել հանգուցյալին։ Իր մասին վատ բան ասե՞լ, թե՝ չասել։ Իբր քրիստոնյաներ ենք, բայց հանդուրժողականությունը, ներողամտությունը, որը քրիստոնեության անկյունաքարային արժեքներից մեկն է, բացարձակ խորթ է մեզ համար։

Ուղղակի ապշեցուցիչ է, որ այսքանից հետո, հերիք չէ, քննարկում էին նրա կյանքը, օրվա գլխավոր թեմա էին դարձրել, թե ինչ հանգամանքներում է մահացել։ Չէ, պիտի անպայման պարզել, թե որտեղ է մահացել։ Հավաստի աղբյուրներից ճշտել, թե մենա՞կ է եղել, թե՝ ոչ։ Անհավատալի է, որ սա կարող էր լրագրողներին հետաքրքրել։

Եթե Լեւոն Մութաֆյանը բարձրաստիճան ինչ-որ պաշտոնյա լիներ, կամ շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչ, միգուցե, ընդգծում ենք, միգուցե կարելի է պարզել, թե ինչ հանգամանքներում է մահացել։ Բայց սովորական մարդ է, սովորական կյանքով ապրած, պաշտոնյա չէ, ամենաանհայտ մարդը չէ, բայց ամենահայտնին էլ չէ, գնալ, անկողինը քրքրել… Երեկ մեր գործընկերներից մեկը դիպուկ նկատեց, դիակապաշտ ենք դարձել։ Ես նույնիսկ կասեի՝ սատանայապաշտ, որովհետեւ նրանք են դիակների հետ կապված ինչ-որ ծեսեր, գործողություններ կատարում։

Հիմա որ երեկ թատերագետի մահվան որոշ հանգամանքներ պարզեցին, պարզեցին նաեւ, թե արդյո՞ք մենակ է եղել՝ դրանից ի՞նչ է փոխվելու։ Լավ, որոշ սենսացիոն մանրամասնհր ճշտեցինք, դրանով հագուրդ տվեցինք մեր անասնական բնազդներին, սրտներս հովացրինք, հետո՞։ Մի՞թե սա նորմալ է:

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30