ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել մի խումբ գյումրեցի դպրոցականների հետ, ովքեր համագործակցում են Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության հետ: Հանդիպման առաջարկությունը եղել է աշակերտներինը, որին էլ ընդառաջել է նախարարը:
Աշակերտները նախարարին դիմել են իրենց մտահոգող մի շարք հարցերով, որոնք վերաբերել են դպրոցական կրթական ծրագրերին, բուհական ընդունելության հարցաշարերը ներառող շտեմարաններին, Գյումրիում գործող բուհերի գործունեությանը և մի շարք այլ խնդիրների: Աշակերտներից մեկը հարց է բարձրացրել, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի հրապարակած շտեմարանների ու դասագրքերի միջև կան անհամապատասխանություններ: Նախարարն առաջարկել է՝ ասվածը հիմնավորել կոնկրետ օրինակներով և փաստարկված ներկայացնել ԿԳՆ. «Եթե Դուք ներկայացնեք կոնկրետ օրինակներ, ես խոստանում եմ հարցը քննարկել ԳԹԿ-ի հետ և տալ լուծում»,- նշել է նախարար Ա. Աշոտյանը:
Մեկ այլ աշակերտ էլ հարց է բարձրացրել, որ օրինակ՝ Ֆիզիկայի 10-րդ դասարանի դասագրքում կան բանաձևեր, որոնք սովորելու համար անհրաժեշտ է մաթեմատիկայից տիրապետել ածանցյալ թեմային, մինչդեռ ածանցյալը ընդգրկված է մաթեմատիկայի 11-րդ դասարանի 2-րդ կիսամյակի ծրագրում: Նշելով, որ խնդիրն ընդունելի է, նախարարը ներկայացրել է դասագրքերի հրատարակման ընթացակարգը: Ա. Աշոտյանի պարզաբանմամբ՝ դասագրքերը հրատարակվում են մրցութային կարգով՝ հեղինակները ընտրվում են մասնագիտական հանձնաժողովի կողմից, բացի այդ մինչ հրատարակվելը դրանք նաև մասնագիտական կարծիքի և դիտողությունների համար ուղարկվում են բոլոր դպրոցներին. «Ամեն դեպքում Ձեր բարձրացրած հարցը վերաբերում է միջառարկայական կապերի համադրելիությանը, որը մասնագիտական քննարկման խնդիր է: Բարձրացված խնդիրները նկատի ունենալով, մենք հիմա կանգնած ենք կրթական ծրագրերի վերանայման անհրաժեշտության առջև:
Վստահ եղեք, որ եթե անգամ մենք Ձեր մատնանշած բոլոր խնդիրները հաշվի առնենք, միևնույն է, անպայման կլինեն մարդիկ, ովքեր կդժգոհեն նոր դասագրքերից: Մասնագիտական հանրույթը Հայաստանում միատարր չէ, չկա որևէ հարց, որի վերաբերյալ մասնագետները համակարծիք են: ԿԳՆ-ն փորձում է լսել բոլոր կարծիքները և գտնել մասնագիտական կոմպրոմիսի, ոսկե միջինի տարբերակը»,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ անկախ ներկայացված խնդիրներից՝ չկա այնպիսի հանգամանք, որը կարող է իրական խոչընդոտ հանդիսանալ աշակերտի բարձր առաջադիմության համար:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ավագ դպրոցների և 12-ամյա կրթության վերաբերյալ հարցին՝ նախարարն ընդգծել է, որ այդ բարեփոխումը եվրոպական կրթական տարածք միասնական ստանդարտ է, որն ընդունվել է նաև Հայաստանում. «Եթե դուք ուզում եք մասնագետ դառնալ եվրոպական կրթական տարածքում, եթե ուզում եք, որ ձեր կրթական փաստաթղթերն ընդունվեն այդ տարածքում, ուրեմն պետք է հասկանանք, որ ավագ դպրոցի բարեփոխումն առաջին հերթին ձեզ էր անհրաժեշտ: Այդ ստանդարտը Հայաստանում չի ստեղծվել. մենք, լինելով եվրոպական կրթական տարածքի անդամ երկիր, միացել ենք այդ ստանդարտին, որը ճիշտ որոշում է: Այլ հարց, որ ավագ դպրոցի բարեփոխման ծրագիրը դեռևս չի գոհացնում ոչ մեզ, ոչ էլ հասարակությանը: Ավագ դպրոցի ծրագրին անցում կատարելու որոշումը կայացվել է Հայաստանի տնտեսության երկնիշ աճի պայմաններում: Ցավոք՝ ռեֆորմի իրականացման առաջին տարիները համընկան համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներին և պետությունը չկարողացավ ավագ դպրոցներին հատկացնել ցանկալի միջոցներ: 2008 թվականին փորձնական բացվեցին առաջին ավագ դպրոցները, իսկ մեկ տարի անց ծրագիրն ամբողջությամբ ներդրվեց:
Մենք ստացել էինք շենքային վատ պայմաններով դպրոցներ՝, սակայն ֆինանսավորման պայմաններում: Մենք անցել ենք դժվարին ու ծանր ճանապարհ և այսօր ասել, թե ավագ դպրոցները կայացած են՝ ճիշտ չի լինի: Բայց նաև փաստ է, որ մենք ունենք կայացած և լավ արդյունքներ ունեցող ավագ դպրոցներ և դա արձանագրված է նաև միջազգային տարբեր գնահատականներում: Ավագ դպրոցի բարեփոխման ծրագրից մենք երբեք չենք հրաժարվելու, 12-ամյա կրթության ծրագիրը հետընթաց չունի՝ սա միանշանակ է»,- ասել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ օրերս Փարիզում տեղի է ունեցել աշխարհի կրթության նախարարների հանդիպումը, որտեղ քննարկվել են համաշխարհային կրթության զարգացման հեռանկարները. «Այդ հանդիպման ժամանակ որոշվել է, որ մինչև 2030 թվականը բոլոր երկրներում պետք է անցում կատարվի 12-ամյա կրթության, որից առնվազն 9-ամյա կրթությունը պետք է լինի պարտադիր: Այսինքն՝ աշխարհն այսօր ուզում է անել մի քայլ, որը մենք արել ենք դեռևս 15 տարի առաջ, իսկ մենք արդեն Հայաստանում սահմանել ենք 12-ամյա պարտադիր կրթության շեմ: Նույն փարիզյան հանդիպման ժամանակ որոշվել է նաև անցում կատարել համընդհանուր ներառականության, մի բան, որը նույնպես Հայաստանում արդեն արվել է: Ես այս ամենի մասին ձեզ պատմում եմ, որպեսզի հասկանաք, որ մեր կրթական համակարգն առաջ է գնում ճիշտ ճանապարհով»,- նշել է նախարարը:
Աշակերտներն Ա. Աշոտյանին հարցեր են ուղղել նաև Գյումրիում գործող բուհերի վերամիավորման, դպրոցների շենքային պայմանների ու վերակազմավորման, կրթության ընդհանուր որակի և դասապրոցեսները նոր՝ ժամանակակից մեթոդներով կազմակերպելու վերաբերյալ:
Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությանը՝ հանդիպումը կազմակերպելու, ինչպես նաև աշակերտներին ակտիվություն և նախաձեռնողականություն ցուցաբերելու համար:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն