Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտ Թավադյան. «Եթե մենք չլինեինք ԵԱՏՄ անդամ, այդ կորուստներն այսպես թե այնպես լինելու էին». «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 12,2015 11:48

Հատված տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հարցազրույցից:

  – Այսօր անվերջ շեշտում են, թե մեր տնտեսության համար ստեղծված դժվարին իրավիճակի պատճառը ոչ այլ ինչ է, քան անդամակցումը ԵԱՏՄ-ին: Ասել է թե՝ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին նպաստավոր չէ: Կխնդրեի ձեր մեկնաբանությունը: 

-Նախ ասեմ, որ միշտ կողմ եմ եղել «եւ…եւ» բանաձեւին, Հայաստանի ղեկավարությունը փորձեց դա իրականացնել` հնարավորությունների սահմանում: Ես տնտեսագետ եմ, բերում եմ հստակ թվեր ու կատարում կոնկրետ հաշվարկ:

Հիմա եկեք դարձյալ հաշվարկը կատարենք. ասվում է, թե GSP+ ռեժիմով դեպի ԵՄ հայկական արտադրանքն արտահանելով՝ մենք ստանում ենք մոտ 70 միլիոն դոլար: Եթե GSP+ ռեժիմը չլիներ, ապա կունենայինք մոտ 20 միլիոն դոլարի կորուստ: Հիմա դառնանք ԵԱՏՄ-ին ու տեսնենք՝ ինչպիսի կորուստներ կունենայինք, եթե չանդամակցեինք այդ միությանը:

Առաջին՝ նախկինում գազը սահմանին 270 դոլար էր, հետո դարձավ 189, այսօր Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում 165 դոլարով: Սակայն Ուկրաինային զեղչով վաճառում է 230 դոլարով: Հետեւություն. եթե Հայաստանը չդառնար ԵԱՏՄ անդամ, ապա Ռուսաստանը մեզ գազ կվաճառեր 230 դոլարով, այսինքն՝ տարեկան կունենայինք 150 միլիոն դոլարի կորուստ:

Երկրորդ՝ մենք Ռուսաստանից ստանում էինք մոտ 2,2 միլիարդ դոլարի տրանսֆերտներ, հիմա թիվը իջել է, մոտավորապես կազմում է 1,5 միլիարդ: Համոզված եմ, եթե չլինեինք ԵԱՏՄ անդամ, ապա տրանսֆերտների կորուստը կհասներ ոչ թե 1,5 միլիարդի, այլ 800 միլիոնի, ինչը կհանգեցներ լրացուցիչ սոցիալական լարվածության: Դա անընդունելի է մեր երկրի համար:

Իրատես լինենք, ամեն երկիր իր շահերով է առաջնորդվում, եթե չլինեինք միեւնույն ինտեգրացիոն միության մեջ, բնականաբար Ռուսաստանը որոշակի սահմանափակում կդներ մեր առաջ` առաջնությունը տալով այն երկրների աշխատուժին, որոնք անդամ են ԵԱՏՄ-ին:

Երրորդ՝ մենք նաեւ ռազմավարական բնույթի ապրանքներ ենք ստանում Ռուսաստանից, եթե դրանց գինը հավասարվեր շուկայականին, ապա այստեղ եւս մեծ ֆինանսական կորուստներ կունենայինք:

Այլ կետեր եւս կան, եւ այդ ամենը հաշվարկելով՝ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ` ԵԱՏՄ-ին չանդամակցելու դեպքում մենք մեկ միլիարդ դոլարի կորուստ կունենայինք, այսինքն` մեր պետբյուջեի 1/3-ը: Եվ դա կլիներ ԵԱՏՄ-ին մեր չանդամակցության գինը: Փոխարենը, որեւէ այլ աղբյուր որեւէ այլ երկրից չեմ տեսնում այդ տարբերությունը լրացնելու համար: Ու իմ խոսքն այդ մասին է:

Եթե Եվրամիության հետ կնքվի մի պայմանագիր, որով վերջինս մեզ առաջարկի` տարեկան 1 միլիարդ դոլար, որ կարողանանք գազը կոմերցիոն գներով գնել, նաեւ նպաստի ԼՂ հիմնախնդրի հայանպաստ լուծմանը, այսինքն` աջակցի, որ ներկայիս դե ֆակտոն դառնա դե յուրե, այդ դեպքում կասեմ՝ այո, դա միակ ուղղությունն է: Բայց դա ֆանտաստիկայի ժանրից է:

Ռուսաստանի վիճակը, այո, ծանր է, մի՞թե սա չեն գիտակցում նման պնդում անողները: Գիտեք, նրանք շատ ավելի մեծ ընդդիմախոսներ են Հայաստանի ԵԱՏՄ անդամակցմանը, քան Եվրամիության ղեկավարությունը: Մենք լսեցինք ե՛ւ Մերկելի, ե՛ւ Օլանդի կարծիքները. մարդիկ ասում են` հարգում ենք Հայաստանի որոշումը, իսկ Մերկելի խոսքի տողատակերում կար հետեւյալ միտքը` լավ եղավ, որ Հայաստանը մեզանից չկախվեց, ինչպես Ուկրաինան: Մենք մեր շահերը պետք է հստակ գիտակցենք ու գնանք դրանց իրականացման ճանապարհով:

Ռուսական մեծ շուկայում բացասական երեւույթներ են տեղի ունենում, ու տարածաշրջանի բոլոր երկրներն այդ ազդեցությունը կրում են իրենց վրա: Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ երկիր չէ, բայց նրա տնտեսության վրա եւս կա այդ ազդեցությունը: Ստեղծված բարդ իրավիճակները ամենեւին կապ չունեն ԵԱՏՄ-ի հետ:

Հիմա պետք է մտածենք եղած դժվարությունները հաղթահարելու մասին, ինչին կարող են նպաստել ԵԱՏՄ պայմանագրի մեզ համար նպաստավոր դրույթները: Իսկ նրանում կան այնպիսի պայմաններ, որոնք մեզ հնարավորություն են տալիս զարգացնելու հարաբերությունները ե՛ւ ԵՄ-ի հետ, ե՛ւ Իրանի հետ: Մեզ մնում է բոլոր ուղղություններով ազատ աշխատել:

Պետք է ասեմ, որ կորուստները մեծացան նաեւ մեր ու իրենց կողմից վարվող ոչ ճիշտ դրամավարկային քաղաքականության հետեւանքով։ Սակայն դրանք այն կորուստներն են, որոնք պայմանավորված չեն Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցմամբ: Ու եթե մենք չլինեինք ԵԱՏՄ անդամ, այդ կորուստներն այսպես թե այնպես լինելու էին, ավելին՝ դրանց կգումարվեր, ինչպես ասացի, եւս մեկ միլիարդ դոլարը:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30