ԲՀԿ խմբակցության անդամ, Միավորված աշխատանքային կուսակցության առաջնորդ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ ժամանակավրեպ է համարում նախկին եւ գործող իշխանությունների ներկայացուցիչների փոխադարձ մեղադրանքները ընտրակեղծարարության արատավոր պրակտիկան մեր ընտրական համակարգի «անբաժանելի մասը» դարձնելու կամ ժամանակի ընթացքում կատարելության հասցնելու վերաբերյալ
-Իրար մեղադրում են, թե՝ դո՛ւք կեղծեցիք, խախտեցիք, հոսանքը անջատեցիք, քվեատուփերը գողացաք, անցկացրիք բռնապետական ռեժիմի կյանքը երկարացնող սահմանադրությունը…
Այս «բանավեճին» վերջ տալու համար առաջարկում եմ հետեւյալը. «կողմերը» բաժանվում են երկու թիմի, ամեն թիմում՝ հակառակ կողմից մեկական ներկայացուցիչ, մի թիմը գնում է «Զվարթնոց» օդանավակայան, մյուսը՝ Բագրատաշենի անցակետ, եւ ֆիքսում են իրենց գործունեության հետեւանքները՝ ոնց են մարդիկ ափալ-թափալ լքում այն իրավական տարածքը, որտեղ իրենք նախկին եւ ներկա իշխանություններ են։
-Հանրապետականները պնդում են, որ տարիների ընթացքում Ընտրական օրենսգիրքը արմատական բարեփոխումների է ենթարկվել՝ վերահսկողության մեխանիզմներն էապես կատարելագործվել են եւ այսօր անհամեմատ ավելի արդյունավետ են, քան 90-ականների կեսերին, երբ ՀՀՇ-ն դնում էր ընտրակեղծարարության հիմքերը։
Կարդացեք նաև
-Ընտրական օրենսգրքի եւ ցանկացած օրենսդրական նախաձեռնության անցկացնողը տվյալ պահին գործող քաղաքական մեծամասնությունն է։ Եթե իշխանությունը գնում է փոփոխությունների Ընտրական օրենսգրքում՝ ներդնում է մեխանիզմներ խախտումների դեմն առնելու համար, այսինքն՝ օրենքով փակում է ընտրակեղծիքների ճանապարհը, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ վստահ չէ իր վրա, ճի՞շտ է։ Ինչո՞ւ եմ սա ասում. որովհետեւ գործող իշխանության գործիքները՝ կեղծելու ընտրությունների արդյունքները, միշտ ավելի շատ են։
Հետեւաբար իշխանության մեջ կա սթափ մտածող հատված, եւ կա կեղծիքների տրամադրված հատված, համաձա՞յն եք։ Սթափ հատվածն ասում է՝ փակենք խախտումների ճանապարհը, որպեսզի կեղծիքների հակված հատվածը չունենա մեծ հնարավորություն կեղծելու ընտրությունները։ Երբ այդ սթափ հատվածը գերակշռի, ընտրողը կգա եւ կընտրի այն քաղաքական ուժին, որին վստահում է։ Շա՛տ ողջունելի ճանապարհ է՝ պետք է գնալ այդ ճանապարհով։
-Մեծամասնությունը կարող է առարկել, թե ընտրությունների թափանցիկությունը երաշխավորող լրացուցիչ մեխանիզմներն ամրագրում ենք ոչ թե իրար չվստահելու եւ արջի ծառայություններ մատուցողներին կարգի հրավիրելու, այլ շահարկումների դեմն առնելու համար։ Ասում են՝ ընդդիմությունն է պահանջում այդ երաշխիքները, մեզ որ մնար՝ անձնագիրը դրոշմակնքելու դրույթն էլ չէինք մտցնի Ընտրական օրենսգրքի մեջ։
-Էլի եմ ասում՝ իշխանության համար կեղծիքներ անելը միշտ ավելի հեշտ է, քան ընդդիմության համար, եւ եթե իշխանությունը փոխում է Ընտրական օրենսգիրքը, որպեսզի սահմանափակի կեղծիքների ծավալը, ուրեմն խնդիր ունի։
Ո՞րն է այդ խնդիրը։ Որպեսզի քաղաքացին գնա եւ քվեարկի իշխանության օգտին, նա պետք է այդ իշխանության գործունեությունից գոհ լինի՝ տեսնի իրական փոփոխություններ իր կյանքում։ Պարզ է, չէ՞։ Ակնհայտ է, որ քանի դեռ մեր կյանքում դրական փոփոխությունները շոշափելի չեն, քաղաքացին դժգոհ է լինելու իշխանության գործունեությունից։
Բայց իշխանության մեջ կա մի հատված, որը միշտ ուզում է մնալ իշխանության։ Այդ հատվածը չի կարողանում պայմաններ ստեղծել, որ քաղաքացին իրենից գոհ լինի ու քվեարկի իր օգտին, եւ ման է գալիս սողանցք՝ մնալու իշխանության, հաշվի չառնելով քաղաքացու ձայնը։ Սա նկատի ունեմ՝ ասելով, որ իշխանության մեջ կա երկու հատված՝ սթափ հատված եւ շահագրգիռ հատված, որը հակված է կեղծիքների։
Այն պահին, երբ սթափ հատվածը կթելադրի խաղի կանոնները, խնդրահարույց շատ հարցեր կվերանան մեր քաղաքական օրակարգից։ Ցավոք, մենք դեռեւս չենք հասել այդ հանգրվանին։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում