Հովհաննես Հակոբյանն արդեն հինգ տարի է՝ ապրում է զինվորի առօրյայով, նրա խնդիրներով, կիսում զինվորի հոգսը և ամենաշատն է անհանգստանում զինվորականի առողջությամբ: Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտելուց անմիջապես հետո` Հովհաննեսը զորակոչվել է Հայկական բանակ: Այժմ ծառայությունը շարունակում է որպես բրիգադի բուժ ծառայության պետ: Բրիգադի բժիշկը` իր հասանելիք արձակուրդն է փորձում վայելել ծննդավայր Էջմիածնում:
Արձակուրդում գտնվող բժիշկը կիսվեց իր դժվարին ու պատասխանատու աշխատանքի, սահմանում կանգնած զինվորի առողջության և ռազմական բժշկի հոգատարության և հետևողականության մասին:
Aravot.am-ի հետ զրույցում կապիտան Հովհաննես Հակոբյանն ասաց. «Սահմանում ամեն ինչ այլ է`մանավանդ մեզ մոտ: Իմ հսկողության տակ լինելով այդքան շատ զինվորներ և սպաներ` ահավոր մեծ ջանք ու լարվածություն է պահանջում ծառայությունը: Կարող եք հավատալ, թե չէ, բայց սահմանին կանգնած` զինվորի առողջության մասին մտահոգվող բժիշկը կորցնում է քունն ու դադարը: Յուրաքանչյուր պատահար կարող է ճակատագրական լինել, իսկ ռազմական գործում ճակատագրերի հետ խաղալը վտանգավոր է»:
Կարդացեք նաև
Խոսելով մասնագիտական նրբությունների մասին՝ Հովհաննեսն ասաց, որ եթե բժիշկը կարող է օգնել իր կարիքն ունեցող մարդուն, և իրեն հերոս համարել, ուրեմն սխալ մասնագիտություն է ընտրել: «Բնականաբար լարված իրավիճակներ շատ-շատ են լինում: Բանակն ինքնահաստատվելու, սովորելու և սովորեցնելու հրաշալի դպրոց է `կյանքի դպրոց: Իսկ բժշկի պարագայում ամեն ինչ առավել քան լուրջ է: Բժիշկն էլ հայոց բանակի սպա է: Ցանկացած պահի պատրաստ պիտի լինես զենք վերցնես, մարտնչես թշնամու դեմ`վայր չդնելով նաև բժշկական գործիքներդ»:
Իսկ թե ինչպես է փորձում կազմակերպել այդքան սպասված արձակուրդը` Հովհաննեսը լակոնիկ, բայց բովանդակալից պատասխան տվեց. «Հայոց բանակի սպան հանգստի պահին անգամ անհանգիստ է: Քանի որ պատասխանատու ես ոչ միայն հարյուրավոր զինվորների, և քո խղճի ,այլ նաև հայրենիքի առաջ»:
Հայկ ՄԱԳՈՅԱՆ