Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները գրեթե ամեն առիթով հայտարարում են, որ իրենք են ամենից շահագրգռված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, այսպես ասած, արդար անցկացնելու մեջ և իրենք չեն ցանկանում, որ հանրաքվեի արդյունքները կեղծվեն: Երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին հայտարարել է նաև ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մեր խնդիրն է, որպեսզի սահմանադրական հանրաքվեն անցնի բացառապես,- սա անկեղծ եմ ասում, լուրջ եմ ասում,- ժողովրդավարական չափանիշների համաձայն: Մեզ կեղծված հանրաքվե պետք չէ: Կունենանք որակյալ հանրաքվե՝ կունենանք բարեփոխված Սահմանադրություն: Չենք ունենա որակյալ հանրաքվե՝ այդ բարեփոխված Սահմանադրությունը գրոշ չի կարող արժենալ»,- ասել է ՀՀԿ խոսնակը:
Հարկ է ուշադրություն դարձնել՝ նա չի ասում, որ եթե չենք ունենա որակյալ հանրաքվե, ուրեմն չենք էլ ունենա բարեփոխված Սահմանադրություն: Նա ասում է, որ եթե չենք ունենա որակյալ հանրաքվե, ապա բարեփոխված Սահմանադրությունը գրոշի արժեք չի ունենա: Այսինքն՝ այնուամենայնիվ, եթե հանրաքվեն կեղծվի էլ, միևնույն է՝ մենք կունենանք նոր Սահմանադրություն, սակայն պարզապես այդ Սահմանադրությունը գրոշի արժեք չի ունենա:
Այսինքն՝ այստեղ հստակ է երկու իրողություն: Նախ՝ փաստորեն ստացվում է, որ ՀՀԿ-ն կարող է կեղծիքով անցկացնել Սահմանադրությունը, սակայն դրանից կտուժի հասարակությունը, ոչ թե ՀՀԿ-ն, որովհետև եթե Սահմանադրությունը արժեք չունենա, ապա դրանից տուժողը հասարակությունն է լինելու, քաղաքացին, ինչպես 20 տարի շարունակ՝ արժեք չունեցող Սահմանադրության պայմաններում: Եվ երկրորդը՝ կեղծիքը, այնուամենայնիվ, չի խանգարելու ՀՀԿ-ին, և Սահմանադրությունը, թեկուզ կեղծիքով, անցնելու է, այսինքն՝ ըստ էության հասարակությունը պետք է որոշի, թե ինչպես է ավելի լավ՝ քվեարկել ինչպես ՀՀԿ-ն է ուզում, թե ՀՀԿ-ն անցկացնի կեղծիքով, և Սահմանադրությունը նույնիսկ գրոշի արժեք չունենա՝ ի վնաս հասարակության:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում