Լրահոս
Օրվա լրահոսը

Նորի՞ց «հանձնում են Ղարաբաղը»

Նոյեմբեր 12,2015 10:03

Որքան գոյություն ունի Հայաստանի երրորդ հանրապետությունը, այնքան շարունակվում են խոսակցություններն այն մասին, որ «Ղարաբաղը հանձնում են»: Ընդ որում, նրանք, ովքեր վերջին 25 տարում հայտնում են այդ «լուրը», դրա մասին խոսում են այնպիսի վստահությամբ, կարծես թե տեսել են փաստաթուղթը, որի տակ հայաստանյան եւ ղարաբաղյան կողմը մոտ օրերս պատրաստվում է դնել իր «դավաճան» ստորագրությունը: «Վերջ, ամեն ինչ որոշված է, հանձնած-պրծած է»,- ասում են նրանք: Ամենաշատն այս առումով բամբասում էին ՀՀ առաջին նախագահի մասին, եւ այդ անհեթեթ բամբասանքը հիմք դարձավ պալատական հեղաշրջման համար: Բայց «հանձնելու» մասին խոսակցությունները դրանից հետո էլ չեն դադարել:

Նման պնդումների համար կարող է հիմք հանդիսանալ ցանկացած իրադարձություն: Օրինակ՝ Ռուսաստանի արտգործնախարարի այցը Հայաստան: Իսկապես, էլ ինչի՞ համար կարող էր Լավրովը գալ Հայաստան, եթե ոչ՝ «Ղարաբաղը ծախելու» մասին փաստաթուղթը համաձայնեցնելու: Կամ՝ սահմանադրական փոփոխությունները: Պարզվում է՝ Սահմանադրությունը փոխում են՝ Ղարաբաղը հանձնելու համար: Ճիշտ է, նույնքան անհեթեթ է հակառակ կողմի փաստարկը՝ Սահմանադրությունը փոխում ենք, որպեսզի Արցախը երբեք չհանձնենք:

Ղարաբաղի հարցը, իմ կարծիքով, իր էությամբ կապ չունի ոչ ՀՀ Սահմանադրության, ոչ նրա փոխել-չփոխելու, ոչ էլ ընդհանրապես ներքին քաղաքական պայքարի հետ: Ուրիշ հարց, որ 25 տարի հարցը տարբեր ճամբարներ փորձում են օգտագործել, իշխանությունն ասում է՝ քանի որ կա Ղարաբաղի հարցը, մեր մասին ոչ մի վատ բան չասեք, ընդդիմությունն էլ ասում է՝ քանի որ իշխանությունն ուզում է Ղարաբաղը հանձնել, նա պետք է հեռանա: Կարծում եմ՝ ժամանակն է նման, մեղմ ասած, պարզունակ մակարդակով այս թեման չշոշափել:

Առավել զավեշտական է, երբ որեւէ՝ ռուսաստանյան, թե ամերիկյան փորձագետի, հրապարակախոսի կամ քաղաքագետի հոդված դիտվում է որպես փաստաթուղթ, որը վաղը չէ մյուս օրը պիտի ստորագրվի: Նման հոդվածներն ունեն նույնպիսի «ապացուցողական ուժ», որքան ունի իմ այս հոդվածը: Արդեն առիթ եմ ունեցել գրելու` ցանկացած կարծիք պետք է ընկալել որպես կարծիք, որի հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել՝ ոչ ավելին:

Եվ ահա իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ ժամանակակից Ադրբեջանի հետ անիմաստ է լրջորեն բանակցել ղարաբաղյան կարգավորման խնդրի շուրջ: Եթե մեկը քեզ վրա անընդհատ հարձակվում է եւ օրումեջ խոստանում է քեզ ոչնչացնել, արդյո՞ք նա պատրաստ է քեզ հետ բանակցել: Երբ հաջողվի Ադրբեջանի հետ համաձայնության հասնել սահմաններին իրավիճակը լիցքաթափելու վերաբերյալ, դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել մնացածի մասին: Թե չէ՝ պատկերացրեք, որ որեւէ համաձայնագրում գրված լինի` «Ադրբեջանը պարտավորվում է», «Ադրբեջանը երաշխավորում է». քանի՞ կոպեկ կարժենա այդ թղթի կտորը:
Թալեաթն էլ է շատ բան երաշխավորել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Karen says:

    Եթե ոչինչ չարվի’ շարունակվելու է ռմբակոծությունը, մեծանալու է զոհերի թիվը և ֆինանսական ծախսերը: Մինչև երբ մենք պետք է սուտ հայրենասիրություն խաղանք և խույս տանք հակամարտության կարգավորումից , այն որակելով դավաճանություն:

  2. Հարգելի Կարեն, խոսելը հեշտ է, եթե դու լինեիր այսօր իշխանության մեջ չեմ կարծում որ ավելին կարող էիր անել ,այսօրվա իշխանության զգուշ լինելը այս հարցում գնահատելի է:
    Ես խմբագրի հետ 100 տոկոս համաձայն եմ:

  3. Հ.Շ. says:

    Ոմանք, այդ անձերի կարգին որոնք այդպէս անվերջ յայտնում են թէ Արցախը ծախվում է, կարծես թէ ափսոսում են… պատերազմի օրերը: Տառապում են պատերազմի զիլ կարօտախտով:

    Յետոյ, կայ անշուշտ նիւթի կոպիտ շահագործումը, ներքաղաքական նպատակներով: Ինչո՞ւ չէ, երբ որ նոյն նպատակների համար այդպիսի անձիք չեն վարանում նաեւ տեւաբար մէջբերել Ցեղասպանութիւնը, մեզի բացատրելու համար թէ ահա, նոյն վիճակին ենք մատնուած այսօր…

    Արցախի խնդրի լուծման համար, տակաւին երկար, շատ երկար ժամանակ է պէտք: Սակայն ժամանակը ինքին գործում է ի նպաստ մեզի, գոնէ այդ նիւթին մէջ – որմէ սակայն կախեալ են մնացեալ բոլոր հիմնական նիւթերը – :

    Հարկաւոր է ուրեմն որ այդ արժեգաւոր ժամանակը չմսխենք, եւ զայն օգտագործենք՝ բոլոր մակարդակների վրայ զարգացնելու, զօրացնելու համար Արցախը – եւ նաեւ Հայաստանը – :

    Նուազ խօսք, աւելի աշխատանք,
    դիմացկունութիւն,
    եւ ամէն բան լաւ կը լինի:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

    https://www.shoushisummercamp.org/

    • Հ.Շ. says:

      Ժամի տարբերութեան եւ ժամանակի դասաւորումի պատճառով,
      արդէն միայն – Հայաստանի ժամով – երեկոյան հասնում եմ մի քանի տող գրել Համացանցի այս անկունում:

      Եթէ, վրան ել, երկարօրէն ուշանալու է մեկնաբանութեանս պարզումը, արդէն անիմաստ է, Հայաստանում յօդուածը կարդացողը զայն վաղուց կարդացած եւ բառացիօրէն էջը դարձուցած է: Իսկ արդէն մի քանի Սփիւռքահայեր միայն կը հետաքրքրուին այս նիւթերով, կամ գիտեն կարդալ հայերէն:

      Վստահ եմ որ դիտումնաւոր չէ, սակայն, բացի եթէ նախընտրում էք որ չմասնակցեմ կամ նուազ մասնակցեմ այս թերթին, նկատի ունեցէք այս կացութիւնը:

      Այս գանգատը post ընելը անհրաժեշտ չէ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30