Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրգործեր հարուցեք եւ դատե՛ք Տեր-Պետրոսյանին, ոչ թե դատարկաբանեք»

Նոյեմբեր 12,2015 17:00

Զոյա Թադեւոսյանը կոչ է անում ցույց տալ Լեւոն Տեր-Պետրոսյանի թալանածը եւ նրան պատասխանատվության ենթարկել, եթե թալանչի է

«Ցույց տվեք Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ թալանված կարողությունները: Այդ թալանված կարողությունների տերերին բերեք հրապարակ, քրեական գործեր հարուցեք եւ դատեք, ոչ թե դատարկաբանեք»,- «Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանն այսպես պատասխանեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանին, որը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ այս իշխանությունները կեղծելով վերարտադրվելը ընդօրինակել են Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից:
Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ «Այս իշխանություններին պետք է ամեն օր դուք ծափահարեք, որ այդ ավանդությամբ ընդունեցիք Սահմանադրությունը: Լավագույնս ձեր հորդորները կատարում են: Ասում էիք՝ պետք է կեղծելով վերարտադրվենք, մարդիկ անում են՝ ի՞նչ եք ուզում: Դուք մի հատ դարակազմիկ եզրույթ ունեիք, որ պոլի փետ լինի՝ ՀՀՇ լինի: Այս մարդիկ կատարելության են հասցրել դա: Սա ենթադրում է, որ ինչքան հանցագործ, ժուլիկ լինի՝ խցկվի իշխանություն: Հիմա անում են, ի՞նչ եք ուզում: Դուք լավագույն դաշնակիցն եք այսօրվա իշխանությունների»:

Զոյա Թադեւոսյանը հերքեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ընտրակեղծիքներ են եղել. «Պետության մասին մտածող քաղաքական գործիչը պարտավոր է խոսել փաստերով: Եթե փաստեր ունի, թող անպայման քրեական գործեր հարուցի, եւ պատասխանատվության ենթարկեն բոլոր նրանց, ովքեր թալանչի են, որպեսզի այդպիսի նախադեպերը մեկընդմիշտ պատմական զարգացման ընթացքից դուրս գան, ոչ թե դատարկ տեղը խոսեն: Ես դա համարում եմ դատարկաբանություն այնքան ժամանակ, քանի դեռ այդ մարդիկ քրեական գործերի համար հիմքեր չեն ստեղծել: Չի կարելի անընդհատ խոսել դատարկ տեղը: Տեր-Պետրոսյանը մեկ անգամ Մատենադարանի հարթակից ասաց՝ եթե ես եւ իմ կողքը կանգնած հազարավոր մարդիկ ունենք այնպիսի հանցանքներ, որ կարող եք մեզ դատի տալ, դատի տվեք, եւ ես քաղաքական դաշտից դուրս եմ գալու: Քար լռություն է պահպանվել մինչեւ օրս: Թող դատի տան մարդկանց, ինչի՞ են սուտ խոսում: Տեր-Պետրոսյանը չի թալանել, Տեր-Պետրոսյանի կողքի մարդիկ չեն թալանել: Եթե թալանել են, ապա ինչու այսօր այդքան հարուստ ու օլիգարխ չեն, ինչպես նրանք, ովքեր թալանեցին Քոչարյանի ու Սերժի ժամանակ: Իսպանիայում, Բուլղարիայում Տեր-Պետրոսյանը առանձնատներ, ամառանոցներ չունի: Իրենք ասում են ու անցնում առաջ, ով կհավատա՝ կհավատա»:

Զոյա Թադեւոսյանը մի միջադեպ ներկայացրեց. «Երկու հարեւան վիճում են, մեկը մյուսին ինչ ասես ասում է՝ դու էս ես, էն ես, նա էլ շուռ է գալիս, ասում է՝ քո կինն էլ է անբարոյական, քո քույրն էլ, քո մերն էլ: Ասում է՝ քուրս ու մերս հասկացանք, ախպեր ջան, բայց ես քույր չունեմ, հարեւանը պատասխանում է՝ հետո՞ ինչ չունես, զատո բոլորն էլ լսեցին, որ երեքն էլ էդ են, դե գնա, ապացուցի: Իրենք այդ հարեւանի ենթատեքստով են ապրում: Հիմա ասում են՝ հասարակությունն էլ լսում է: Հետո մի բան էլ կա՝ լավ, ասենք, Տեր-Պետրոսյանը արել է այդ ամենը, դուք էլ դատի չեք տալիս՝ ձեր գործն է, բա դուք սրտացավ քաղաքացիներ չե՞ք, ինչո՞ւ չեք վերացնում այդ հիմքերը, ինչո՞ւ տնտեսությունը չեք դնում նորմալ զարգացման հիմքերի վրա, ինչո՞ւ ոչ մի պաշտոնյա իր տեղում չէ, ինչո՞ւ են թալանում: Այդ հարցերը դուք դնեիք եւ Տեր-Պետրոսյանին ապացուցեիք, որ ինքը սխալ է: Այսինքն՝ ինքը սխալ է գործել, դուք էլ շարունակում եք, հա՞, տեղը արե՞լ եք: Չեմ հասկանում այդ տրամաբանությունը»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Կը կարծէք որ եթէ հարիւր տոլարի գողութիւն բռնէին մինչեւ հիմա հանգիստ կը թողէին ԼՏՊ ?
    Միայն միլիառներ գողցողները անմեղներ կը փնտռեն որ զիրենք մոռնանք ։ Գայլին եւ Գառան պատմութիւնը որ երեխան չի գիտեր այսօր։ Մեզի ծանօթ են մեր բոլոր հրէշ գայլերը հարկ չկայ մեռեալներու մէջ փնտռել զանոնք։ Ոսկրով կաշիով մեր մէջ են եւ օրըստօրէ աւելի գործունեայ ։
    մնացեալը ԴԱՏԱՐԿԱԲԱՆՈՒԹԻՒՆ Է պարզապէս։վերեւ ըսուածի նման։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30