Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի «երեւանյան ռեւերանսներն» անհրաժեշտ է ամրագրել բանակցային գործընթացում

Նոյեմբեր 12,2015 16:00

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի` Մոսկվան ԼՂ կարգավորման գործընթացում ստիպված է  «փոխել «մեղեդին» եւ փորձել հանդես գալ կառուցողական դիրքերից, գոնե արտաքուստ»:

– ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովը հավանության արժանացրեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ վիճահարույց զեկույցի նախագիծը, որին բավական կոշտ արձագանքեց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը. այս փաստը ազդեցություն կունենա՞ բանաձեւի ճակատագրի վրա, եւ ինչի՞ արդյունք էր այս նախագծի ընդունումը, պարոն Մեհրաբյան:

– ԵԽԽՎ-ում տեղի ունեցածն ուղղակի ահազանգ է, թե ինչ խայտառակություն է տիրում Հայաստանի եւ արտաքին աշխարհի փոխհարաբերություններում: Դա ոչ թե անսպասելի եւ ցավալի «վթար» էր, այլ պարզ օրինաչափություն: Իհարկե, շատ հարմար է դա բացատրել «նավթի հոտով», խավիարով կամ «հայի բախտով»: Սակայն իրականությունը մեր մասով այն է, որ կոռումպացված օլիգարխիկ համակարգի արտաքին քաղաքականությունը, որպես ներքին քաղաքականության շարունակություն, չի կարող նույնպես արատավոր չլինել, չի կարող նույնպես հակապետական չլինել: Եվ տեղի ունեցածն ուղղակի այս օրինաչափության վառ դրսեւորումներից մեկն է:

Անշուշտ, շատ մեծ են հիմքերը՝ պնդելու, որ կոռումպացված հետխորհրդային ռեժիմների շոշափուկները հասել են նաեւ եվրոպական կառույցներ, եւ փաստ է նաեւ, որ այդ բռնապետական ռեժիմները միջազգային թատերաբեմում այսքան լկտի չէին պահի իրենց, եթե չլինեին նրանց հովանավորների եւ լոբբիստների «ակումբները» միջազգային կառույցներում: Բայց նաեւ փաստ է, որ նրանք չեն, որ մեծ հաշվով ձեւավորում են քաղաքական կուրսը: Իսկ ինչո՞ւ հայկական կողմին քչերը պաշտպանեցին: Պարզ չէ՞ր, որ, ասենք, միջազգային պատժամիջոցների ներքո գտնվող տարբեր կիսելյովներին մինչեւ դռան շեմ «ջիփ»-ով բարձրանալու «պատվին» արժանացրած խորհրդարանի պատվիրակությանը հենց այսպե՛ս պետք է վերաբերվեն, պատվիրակությանը, որը գլխավորում է «Գրիբոյեդով» ակումբի անդամը, եւ որին, ըստ մամուլի չհերքված հրապարակումների՝ հենց այդ պատճառով խնդրեցին հեռանալ Հայաստան-ԱՄՆ բարեկամության պատգամավորական խմբի նախագահի պաշտոնից եւ դադարել անլրջացնել այդ կարեւոր ոլորտը: Հենց այդ որակի էլ խորհրդարանական դիվանագիտություն ունենք: Եվ դիվանագիտություն՝ ընդհանրապես:

Պարոն Ուորլիքի կոշտ եւ համարժեք արձագանքից հետո հուսով եմ, որ ԵԽԽՎ-ն հունվարին, այնուամենայնիվ, ընթացք չի տա այդ խիստ վնասակար փաստաթղթին: Այդ փաստաթուղթն ինքնին, բացի հակահայկական եւ միակողմանի լինելուց նույնիսկ վերնագրում, ընդամենն էլ ավելի սանձարձակ կդարձնի Ադրբեջանին եւ կընդլայնի Ռուսաստանի մանեւրելու դաշտը տարածաշրջանում, ինչը խիստ ոչ շահեկան է թե՛ ԵՄ, թե՛ ԱՄՆ, թե՛ բանակցային գործընթացի համար: Այդ վտանգները Վաշինգտոնում շատ լավ են պատկերացնում, ինչով էլ պայմանավորված է Ուորլիքի խիստ եւ շուտափույթ արձագանքը: Եվ ԱՄՆ մոտեցումներն այս հարցում կիսում է նաեւ պաշտոնական Լոնդոնը, ինչի վկայությունն է Միացյալ Թագավորության դեսպանի հայտարարությունը՝ ուղղակի հղում անելով բրիտանական ԱԳՆ-ին: Սակայն այս ամենը նաեւ վկայում է, թե ինչ աստիճանի է դեգրադացվել հայկական դիվանագիտությունը, եւ որ անհնարին է ակնկալել որեւէ հաջողություն միջազգային ասպարեզում, երբ դիվանագիտությունը ոչ թե սպասարկում է պետության եւ քաղաքացիների շահը, այլ ստանձնել է պետության գլխին կախված Կրեմլի «ժուչոկ»-էնտուզիաստի դեր՝ ի վնաս պետությանը:

– ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրահանձնաժողովին (ԵՀ) Հայաստանի հետ բանակցություններ սկսել նոր շրջանակային համաձայնագրի շուրջ: Սպասվում է, որ բանակցությունները կմեկնարկեն մինչեւ տարեվերջ: ԵՀ ներկայացուցիչ Գունար Վիգանդը Երեւանում օրերս նշեց. «Չեմ կարծում, որ Ռուսաստանը կմիջամտի Հայաստան-ԵՄ բանակցություններին»: Պարոն Մեհրաբյան, ԵՏՄ-ին անդամակցության պայմաններում այս հնարավորությունը որքանո՞վ կարող է զարգացում ապահովել ՀՀ քաղաքացիներին:

– Մեկնարկում է շատ կարեւոր եւ դինամիկ գործընթաց, որի ելքը պայմանավորված կլինի մի շարք հանգամանքներով: Պարոն Վիգանդի հայտարարությունն, իհարկե, դիվանագիտական հռետորաբանության մեծ չափաբաժին է պարունակում, քանզի չի կարող վստահություն լինել Ռուսաստանի մտադրությունների եւ հետագա գործողությունների նկատմամբ: Հույսը վատ բան չէ, բայց հուսալիությունն այստեղ ավելի կարեւոր է: Լուրջ եւ դրամատիկ քայլեր են պետք, որպեսզի չկրկնվեն անցյալի բացթողումները, ապահովվի գործընթացի հաջող ընթացքը եւ արդյունքը: Դա ասելով՝ ամենեւին նկատի չունեմ այն, ինչ այսօր խոսվում է. Հայաստանի «պարտավորություններ ԵՏՄ շրջանակներում» եւ այլն: Հայաստանին պարտադրել են այդ՝ այսպես կոչված, պարտավորությունները, որոնց միակ նպատակն է թույլ չտալ ՀՀ-ԵՄ մերձեցում եւ ազատ առեւտրի ռեժիմ, զրկել Հայաստանին ինքնուրույնությունից եւ իր շահերով առաջնորդվելու հնարավորությունից՝ օրինականացնելու Հայաստանի փաստացի օկուպացիան: Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի այս գործընթացով ընձեռված հնարավորությունն օգտագործի եւ մաքրի երկիրն այդ կրիմինալ աղբից: Հայաստանը պետք է արմատապես վերանայի իր անվտանգության եւ էներգետիկ քաղաքականությունը, մաքրի դիվանագիտության Ավգյան ախոռները: Իսկ կհաջողվի, թե ոչ՝ կախված է յուրաքանչյուրիցս:

– Վերջերս Սերժ Սարգսյանն էր բանակցություններ վարում Թբիլիսիում Վրաստանի իշխանությունների հետ, մի քանի օր անց՝ Ադրբեջանի նախագահը: Վրաստանում Ալիեւը հայտարարել է, որ իր երկիրն «ունի» բավականաչափ գազ, որպեսզի Եվրոպային գազ մատակարարի նաեւ 100 տարի անց: Մյուս կողմից՝ Իրանն է հայտարարում, որ պատրաստ է Եվրոպայում գազ վաճառել, նույնիսկ եթե դա ոչ շահավետ է։ Պաշտոնական Թեհրանը բազմիցս նշել է, որ հավանական է համարում իրանական գազի տարանցումը դեպի Եվրոպա, իսկ իրանական գազը դեպի Եվրոպա տարանցելու երկու ուղի կա` թուրքական եւ հայ-վրացական: Տարածաշրջանում այս նոր շահերի բախման կիզակետում ՀՀ-ի կողմից ինքնուրույն քաղաքականությունը կարո՞ղ է արդյունքների հանգեցնել:

– Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը մրցակիցներ են համաշխարհային էներգետիկ շուկայում, եւ երեքի էներգակիրների գլխավոր սպառողներն Արեւմուտքում են: Հետեւաբար կոշտ պայքարը նրանց միջեւ անխուսափելի է, եւ այդ պայքարի ընթացքում նրանք պետք է փորձեն գայթակղել տարանցման հնարավորություններ ունեցող երկրներին՝ Հայաստանին, Վրաստանին եւ Թուրքիային: Եվ այստեղ ուրվագծվում են շահերի թե՛ համընկնում, թե՛ հակասություններ տարբեր սուբյեկտների միջեւ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ինքնուրույն քաղաքականություն վարելու համար նախ անհրաժեշտ լինե՛լ այդ սուբյեկտներից մեկը: Իրականում, «Գազպրոմին» եւ «Ռոսնեֆտին» հանձնելով մենաշնորհը եւ կնքելով նրանց հետ գաղութատիրական պայմանագրեր, շարունակելով կրել այդ ծանր եւ ամոթալի լուծը՝ Հայաստանն ինքն իրեն ոչ մի շանս չի թողնում, որպեսզի հաղթող դուրս գա այս մրցակցության մեջ, որի ելքն էլ մեծապես կանխորոշելու է հետագա Պատմությունը: Հետեւաբար, Հայաստանին անհրաժեշտ է օր առաջ թոթափել այդ մենաշնորհների լուծը եւ առաջնորդվել սեփական շահերով, այլ ոչ թե դառնալ այն հիմարը, վերախմբագրելով Բիսմարկի խոսքերը, որը սեփական կողերով առաջ է տանում մեռնող կայսրության շահերը տարածաշրջանում:

– Ռուս պաշտոնյաների կողմից ԱՊՀ սահմաններն ամրացնելու մասին հայտարարություններ են հնչում: Սիրիական ճգնաժամում Ռուսաստանի ուղղակի մասնակցությունը, ռուսական օդուժի հարվածները «Իսլամական պետությանը» (ԻՊ) որքանո՞վ են նոր մարտահրավեր նախ` Ռուսաստանի, ԱՊՀ-ի համար, եւ ինչու չէ, որպես ՌԴ-ի ռազմավարական դաշնակից` տարածաշրջանային առումով նաեւ՝ Հայաստանի համար:

– Նախ՝ Պուտինի ռեժիմի քաղաքականության գլխավոր շարժառիթը եղել եւ մնում է ինքնապահպանման եւ ինքնավերարտադրության հրամայականը: Այդ առումով բոլոր հետխորհրդային կոռումպացված օլիգարխիկ ռեժիմները մեկին մեկ նման են իրար՝ չնայած որոշ առանձնահատկությունների կամ մասշտաբների տարբերության: Նրանք բոլորն էլ կարիք ունեն թե՛ արտաքին թշնամու կերպարի, թե՛ ինքնամեկուսացման: Եվ Ռուսաստանը, օգտագործելով այդ ԻՊ գործոնը, կարող է փորձել կառուցել նոր «երկաթե վարագույր-լայթս»՝ սահմանազատելով աշխարհից այն տարածքները, որոնց նա հավակնում է համարել որպես իր «էքսկլյուզիվ շահերի գոտի»: Իհարկե, խոսքն այստեղ հետխորհրդային երկրների մասին է: Եվ երկրորդը՝ պետք է նշեմ, որ Ռուսաստանի օդային հարվածների միայն 10 տոկոսն է լավագույն դեպքում բաժին հասել ԻՊ-ին, ինչի մասին բազմիցս ասվել է թե՛ պաշտոնական հայտարարություններում, թե՛ մամուլի հրապարակումներում: Հետեւաբար խոսել Ռուսաստանի՝ ԻՊ դիրքերին հարվածելու մասին պետք է պայմանականորեն եւ շատ մեծ վերապահումներով: Սիրիայի պատերազմին Մոսկվայի միջամտության գլխավոր շարժառիթը եղել եւ մնում է Ասադի ռեժիմի պահպանումը՝ ի հեճուկս Արեւմուտքի եւ նրա դաշնակիցների, ինչպես նաեւ՝ Ուկրաինայում կրած անհաջողությանը եւ դրան հաջորդած պատժամիջոցների ֆոնին Արեւմուտքի հետ ինչ-ինչ «ընդհանուր շահեր» ուրվագծելը: Պետք է ասել, որ դա առանձնապես չի տպավորում Արեւմուտքին, եւ մյուս կողմից՝ Պուտինը, հատկապես Եգիպտոսի երկնքում օդանավի կործանումից հետո, որի պատճառն ըստ ամենայնի ահաբեկչությունն է, թաթախվում է այդ քաղաքացիական եւ միջկրոնական պատերազմի ճահիճը՝ չունենալով դրանից դուրս գալու որեւէ խելամիտ ռազմավարություն (exit strategy): Սա ուղղակի աղետալի վերջաբան է խոստանում ոչ միայն Պուտինի իշխանությանը, այլեւ Ռուսական պետությանը՝ իր կայսերական բոլոր պրոյեկտներով հանդերձ: Իսկ հետխորհրդային երկրներին եւ այդ թվում՝ Հայաստանին սա ժամանակային առումով բացում է հնարավորությունների պատուհան, որպեսզի պատրաստվեն ապագայի անխուսափելի վերաձեւումներին: Իսկ այդ պահը յոթ սարի հետեւում չէ:

– Երեւան անսպասելի այց կատարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ո՞րն էր այդ այցի նպատակը:

– Ի սկզբանե պարզ էր, որ պաշտոնական Մոսկվայի ամենածանրաբեռնված պաշտոնյայի հրատապ աշխատանքային այցը Հայաստան պայմանավորված է Ռուսաստանի համար ռազմավարական կարեւորության եւ հրատապ խնդիրներով, որտեղ Հայաստանին վերապահված է որոշակի դերակատարություն: Պարոն Լավրովի «երեւանյան ռեւերանսներից» բաժին հասավ բոլորին՝ Մինսկի խմբին, Ասադին, սիրիացի քրիստոնյաներին, «Իսլամական աշխարհին», շիաներին, սուննիներին, մասամբ՝ Արեւմուտքին, որին նաեւ հասցեագրվեց անուղղակի կշտամբանք, եւ այս ամենը մի նպատակ է հետապնդում. շարունակելով Արեւմուտքի հետ ռազմավարական դիմակայությունը՝ ճեղքել միջազգային մեկուսացումը, փորձել ամրապնդվել հավասար գործընկերոջ կարգավիճակում:

Իհարկե, ամերիկացի համանախագահի կոշտ արձագանքը ԵԽԽՎ զեկույցի հետ կապված չէր կարող անտարբեր թողնել Մոսկվային, եւ Լավրովը, փաստորեն, համաձայնվեց Երեւանի եւ Վաշինգտոնի՝ արդեն իսկ արտահայտած մոտեցումների հետ: Սա այն նույն Մոսկվան է, հիշեցնեմ, որ իր բազմամիլիարդավոր զինամատակարարումներով լկտիացրեց Ալիեւի ռեժիմին՝ մոտեցնելով տարածաշրջանը պայթյունի: Եվ բախվելով հայտնի պատճառներով առաջացած գրեթե անհաղթահարելի բարդություններին՝ Մոսկվան ստիպված է փոխել «մեղեդին» եւ փորձել հանդես գալ կառուցողական դիրքերից, գոնե արտաքուստ: Սա դրական զարգացում է Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում, եւ այն անհրաժեշտ է ամրագրել բանակցությունների ներկա փուլում:
Հետեւաբար հայկական կողմի խնդիրն է, հնարավորինս հեռու մնալով ռուսական շահերի մարտակառքից, դիվերսիֆիկացնել իր տարածաշրջանային քաղաքականությունը, ուժեղացնել բանակցային դիրքերը եւ փորձել դուրս գալ փակուղային վիճակից: Եվ նաեւ՝ օբյեկտիվորեն առաջացած դադարն օգտագործել իրական, բայց ո՛չ իմիտացիոն, ներքին բարեփոխումներն անցնցում կատարելու համար, ինչն, անշուշտ, ամրության մեծ ներքին պաշար կհաղորդի մեր պետականությանն այս դժվարին ժամանակաշրջանում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30