Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մինասի որդին՝ Գյումրու հին ու նոր քաղաքապետերի արանքում

Նոյեմբեր 12,2015 15:30

Գյումրու քաղաքապետարանի կիսակառույց նիստերի դահլիճ տեղափոխված Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարը արդեն քանի տարի է՝ չի վերականգնվում: Պատճառը Սամվել Բալասանյանի ու «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արման Ավետիսյանի միջեւ ստեղծված ֆինանսական վեճերն են: Դեռեւս Վարդան Ղուկասյանի օրոք Գյումրու քաղաքապետարանի ու այս հիմնադրամի միջեւ պայմանագիր է կնքվել, համաձայն որի՝ որմնանկարի վերականգնման ծախսերը պետք է հոգա քաղաքապետարանը: Սակայն Գյումրու ներկայիս քաղաքապետը հրաժարվում է ամբողջությամբ փոխանցել պահանջվող գումարը, քանի որ, ըստ նրա, իրեն ուռճացված ծախսեր են ներկայացրել. պայմանագրով նախատեսված 37 միլիոն դրամից զատ՝ փորձում են քաղաքի բյուջեի գլխին կոտրել իտալացի վերականգնող վարպետների՝ Վարդան Ղուկասյանին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցում մնալու ծախսերը, որը կազմում է 3 միլիոն 800 հազար դրամ: Այս կոնֆլիկտն ավելի է թեժացել Գյումրու նախկին քաղաքապետի ու նրա շրջապատի մարդկանց կողմից Սամվել Բալասանյանի գլխավորած կառույցին դատի տալու ու որոշ գործեր շահելու ֆոնին: Նշենք, որ «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը եւս դատի է տվել Գյումրու քաղաքապետարանին՝ պահանջելով 3 միլիոն 417 հազար դրամ գումար, որը ծախսվել է իտալացի վարպետներին հյուրընկալելու, ռեստորանա- հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար:

Երկու օր առաջ Գյումրու քաղաքապետը այս թեմայով բողոք ներկայացրեց գյումրեցի հանրաճանաչ գեղանկարիչ Ռաֆայել Աթոյանի՝ ռեստավրացիայի ենթարկված «Ջրաղացի ճանապարհին» որմնանկարի բացման առիթով Գյումրի ժամանած մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Սամվել Բալասանյանը, մատնացույց անելով Մինասի որդուն, նախարարին հորդորեց. «Հանձնարարեք, թող որմնանկարը գան, վերականգնեն», իսկ Արման Ավետիսյանին խորհուրդ տվեց գնալ ու փողային հաշիվները Վարդան Ղուկասյանի հետ պարզել:

«Առավոտ»-ը Մինաս Ավետիսյանի որդուց՝ Արման Ավետիսյանից, հետաքրքրվեց, թե ի վերջո՝ ի՞նչ գումարի մասին է խոսքը, ինչքա՞ն են իրենց պարտք, ու մի՞թե ինքը հայտնվել է երկու քաղաքապետերի արանքում: «Կարելի է ասել՝ այո՛, ես հայտնվել եմ երկու քաղաքապետերի արանքում: Դա վաղուցվա խնդիր է, քաղաքապետարանի նախկին անձնակազմից մնացած խնդիր: Մենք չենք կարողանում պարոն քաղաքապետի հետ փոխհամաձայնության գալ գործող պայմանագրի շուրջ, որովհետեւ կա հավելված 1, 2, որոնք պայմանագրի անխախտելի մասն են հանդիսանում. դա՝ ըստ մեզ, իսկ ըստ քաղաքապետարանի՝ ոչ: Եվ այնտեղ կա իտալացիներին պարտք մնացած գումար, մենք նյութեր ենք ներկրել երկիր եւ, ցավոք սրտի, պարտք ենք մնացել իտալական կողմին: Կփորձենք առաջին իսկ հնարավորության դեպքում այդ գումարը, եթե ստանանք, ուղարկել Իտալիա: Խոսքը շուրջ 11-12 միլիոն դրամի մասին է»,- ասաց Արման Ավետիսյանը: Մեր դիտարկմանը, թե քաղաքապետարանից միշտ դժգոհում են, որ իրենց ուռճացված ծախսեր եք ներկայացնում, ասում են, թե այդքան գումար տվեցինք, դեռ չպրծա՞նք այդ հիմնադրամից, մեր զրուցակիցն ասաց. «Գիտեմ, լսել եմ բազմիցս եւ կուզենայի ասել, որ նույնիսկ այն մասով, որ քաղաքապետարանը ընդունել, ճանաչել է 37 միլիոնը, դեռ այնտեղ էլ պարտքերի մաս կա, դեռ լրիվ չի տրվել մինչեւ էսօր: Իսկ ինչ վերաբերում է հավելվածին, ես ձեզ ասացի, որ մոտավորապես 11-12 միլիոնի պարտք կա, ցավոք սրտի»: Իսկ թե ի վերջո ե՞րբ կվերանորոգեն Մինաս Ավետիսյանի որմնանկարը, որմնանկարչի որդին իր հերթին դժգոհեց. «Նախ ասեմ, որ այնտեղ կրկին շինարարական աշխատանքներ են գնում (խոսքը քաղաքապետարանի կառուցվող նիստերի դահլիճի մասին է-Ա. Ն.), որմնանկարի վրա կրկին ներկեր են թափվել մի քանի տեղերում, կան նոր փոքրիկ վնասվածքներ, նորից պետք է ամրացվի, այդ ամեն ինչն ամեն անգամ խնդիրներ է առաջացնում: Այստեղ էլ մի փոքր խնդիր ունենք ֆինանսի հետ, եթե մի քիչ հավելավճարներ տան, որպեսզի վճարենք մեր մասնագետներին… Դա իմ գրպանը չի գնում, եղբա՛յր: Կուզենայի նաեւ ասել, որ վերջերս փոխքաղաքապետը, ազգանունը չգիտեմ, ինչ-որ հայտարարություններ էր անում, թե մենք կերել ենք, ինչ-որ բաներ ենք արել, ես կուզենայի, որ նման անպատասխանատու հայտարարություններին մի քիչ ավելի ուշադիր լինեին եւ նման վիրավորական արտահայտություններ չասվեին: Մենք այդ հյուրանոցը չենք ընտրել, մեզ պայմանագրով ուղղակի ուղարկեցին այդ հյուրանոցը, ուղարկեց պարոն Ղուկասյանը: Որտեղ ուղարկեցին՝ իտալական խումբն այնտեղ էլ գնաց, դա այն ժամանակվա քաղաքապետարանի իրավասության մեջ էր մտնում՝ պայմանագրի համաձայն: Թե ինչ են էնտեղ կերել, ինչ են գրել՝ ես չգիտեմ»:

Նա ասաց, որ քաղաքապետարան տեղափոխված որմնանկարը վերականգնելու համար միգուցե իտալացի մասնագետների չհրավիրեն, որովհետեւ դրա կարիքը չունեն, սակայն Հակոբ Հակոբյանի որմնանկարը վերականգնելու համար կխնդրեն իտալացի վարպետներին, քանի որ ռիսկը մեծ է:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝
«Ազատություն» ռադիոկայանի

«Առավոտ» օրաթերթ
11.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30