Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղական փողոցներն էլ են կարեւոր, այնտեղ էլ են մարդիկ ապրում

Նոյեմբեր 12,2015 14:30

Եթե պետական բյուջեի միջոցներից պարբերաբար միլիարդներ են ծախսվում, որպեսզի հիմնանորոգվեն Երեւանի եւ այլ քաղաքների փողոցներն ու հանրապետական նշանակության մայրուղիները, ապա լեռնային հեռավոր գյուղերի փողոցներն ու գյուղամիջյան ճանապարհները տարիներ ու տասնամյակներ չեն նորոգվում ու չեն բարեկարգվում, ինչի հետեւանքով ստեղծվում է բավական անմխիթար վիճակ՝ հղի վտանգներով ու սպառնալից իրավիճակներով:

Արարատի մարզի Զանգակատուն գյուղն այս առումով եւս բացառություն չէ, անկախ այն բանից՝ այստեղ է գտնվում մեծանուն գրող Պարույր Սեւակի տուն-թանգարանը, որը մշտապես այցելուներ է ունենում: Անբարեկարգ են անգամ գյուղի կենտրոնական փողոցները: Տեղ-տեղ առաջացել են խորը փոսեր, որոնք տեղումներից հետո երկար ժամանակ լցված են մնում ջրով, որն էլ շոգ եղանակին շրջապատի համար առաջացնում է հակահիգիենիկ վիճակ: Այդ ամենը ոչ միայն էսթետիկ տեսանկյունից ակնահաճո չէ, այլեւ ջրափոսերում նեխող ջուրը լի է տարատեսակ մանրէներով: Գյուղի գլխավոր փողոցներից մեկն անվանակոչված է մեծն բանաստեղծի անունով. հենց Պարույր Սեւակի տուն-թանգարանի մերձակայքում երկար ժամանակ է, ինչ այդ երկու մեծ ջրափոսերը չեն ցամաքում: Մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաները մեծ դժվարությամբ են անցնում այդ հատվածով՝ ամեն անգամ վտանգելով սեփական եւ ուրիշների կյանքը: Հետիոտների մասին էլ չենք խոսում, որոնք շատ հաճախ նաեւ երեխաներ են ու տարեց մարդիկ. նրանք մեծ դժվարությամբ են հաղթահարում ճանապարհի այդ հատվածը՝ փորձելով թռչկոտելով անցնել:

Նշեմ, որ այս իրավիճակը նոր չէ. տասնամյակների պատմություն ունի: Ջրահեռացման ոչ ճիշտ ու ոչ արդյունավետ համակարգի բացակայությունը թույլ չի տալիս արմատապես ու հիմնովին լուծում տալ այս հարցին:

Արցախյան պատերազմի տարիներից դեռեւս առկա այդ ջրափոսերը դարձել էին գյուղացիների հումորի առարկան, որոնց կատակով անվանում էին Սարսանգի ջրամբար: Եթե ջրահեռացման արդյունավետ համակարգ չստեղծվի, ապա խճապատ ճանապարհները լավագույն դեպքում դիմանում են 2-3 տարի:

Զանգակատան այս փողոցի բնակիչները ի վիճակի չեն սեփական ուժերով լուծելու այս խնդիրը, իսկ գյուղապետարանն էլ որեւէ կերպ չի արձագանքում՝ միջոցներ չունենալու պատճառով: Ի տարբերություն շատ համայնքների՝ Զանգակատունը չունի դրսում՝ արտերկրում բնակվող մեծահարուստ զավակներ, որոնց միջոցով գոնե կարողանար իր խնդիրները լուծել:

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30