Լրահոս
Օրվա լրահոսը

Կույրն ընտանիքով վտարվել է իր բնակարանից՝ դառնալով խարդախության զոհ

Նոյեմբեր 12,2015 14:00

Լսողություն եւ տեսողություն չունեցող 80-ամյա Սաշա Աբրահամյանն ընտանիքի հետ մնացել է անօթեւան: Նրանք բնակվում են վարձակալած բնակարանում, մինչ իրենց դատական գործընթացները կավարտվեն:

Հերթական դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 11-ին՝ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:

Սաշա Աբրահամյանն անցյալ տարվա փետրվարի 3-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել: Ըստ այդ հաղորդման, Էմիլ Խաչիկօղլյանը խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով, ձեռնարկատիրական գործունեությունը ընդլայնելու համար գումար ձեռք բերելու եւ հետագայում այն վերադարձնելու պատրվակով առաջարկել է գրավ դնել իրեն պատկանող Երեւանի Շիրակի փողոցի 6/2 շենքի 6-րդ բնակարանը: Է. Խաչիկօղլյանը չարաշահելով Աբրահամյանի վստահությունը, Երեւանի Նոր Նորք նոտարական տարածքի գրասենյակում նշված բնակարանը վաճառել է Անահիտ Խաչիկյանին, իսկ Է. Խաչիկօղլյանը վերջինիս ամուսնուց` Մանվել Իսրայելյանից ստացել է 20.400 ԱՄՆ դոլար` ծերունուն պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով փետրվարի 26-ին հարուցվել է քրեական գործ եւ կատարվել է նախաքննություն:

Էմիլ Խաչիկօղլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքով նախատեսված խարդախության համար:

2014թ. դեկտեմբերի 5-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից տուժող կողմին հայտնվել է նախաքննության ավարտման մասին, իսկ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 6-ին, տրամադրվել են քրեական գործի նյութերը` դրանց ծանոթանալու համար:

Տուժող Ս. Աբրահամյանի ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանը: Վերջինիս գնահատմամբ՝ քննությունը կատարվել է խիստ թերի, միակողմանի ու ոչ օբյեկտիվ. «Քրեական գործի ճիշտ ելքի լուծման համար բազմաթիվ էական հարցեր քննության առարկա ընդհանրապես չեն դարձել, որոշ անձանց գործողություններին իրավական գնահատական չի տրվել, իսկ նախաքննությունն ամիսների ընթացքում կատարվել է անհամաչափ»:

Փաստաբան ներկայացուցչի տեղեկացմամբ, Էմիլ Խաչիկօղլյանը ողջ նախաքննության ընթացքում իր տված բացատրություններում եւ ցուցմունքներում ուղղակի հաստատել ու պնդել է, որ վիճարկվող անշարժ գույքի վերաբերյալ նոտարական գրասենյակում ձեւակերպումները կատարելիս ներկա են եղել Մանվել Իսրայելյանը, նրա կինը, եղբոր տղան, միջնորդ ոմն Ազատը եւ գյումրեցի ոմն Սամվելը, իսկ նոտարի մոտ ձեւակերպումներ կատարելու համար վերջինիս աշխատասենյակ են մտել Սաշա Աբրահամյանը, Մանվել Իսրայելյանը եւ վերջինիս կինը, իր իմանալով եւ Մանվել Իսրայելյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն` անշարժ գույքի վերաբերյալ գրավի պայմանագիր կնքելու համար: «Նոտարական գրասենյակում Մանվել Իսրայելյանը մեղադրյալին է տվել 20.000 ԱՄՆ դոլարը, իսկ որոշ ժամանակ անց՝ մնացած 400 ԱՄՆ դոլարը: Ի դեպ, ըստ մեղադրյալի՝ Մանվել Իսրայելյանը նշված գումարը իրեն է տվել ամսական 10 տոկոս տոկոսադրույքով, որի համար նա ամիսներ շարունակ ամսական 2000 ԱՄՆ դոլար որպես տոկոսագումար տվել է Մանվել Իսրայելյանին: Հետագայում Էմիլ Խաչիկօղլյանը իմանալով, որ գրավի փոխարեն կնքվել է առուվաճառքի պայմանագիր, հանդիպել են Մանվել Իսրայելյանին եւ պարզաբանումներ պահանջել այդ հարցի կապակցությամբ: Ըստ մեղադրյալի` Մանվել Իսրայելյանը ցուցմունք է տվել, որ վերջինս պարզաբանումներ տալու ժամանակ խոստովանել է, որ նա նույնպես այդ առուվաճառքի վերաբերյալ տեղյակ չի եղել, այդ մասին իմացել է հետագայում իր կնոջից»,-նշում է տուժողի ներկայացուցիչը:
Սաշա եւ Հարություն Աբրահամյանները նույնպիսի ցուցմունքներ են տվել:

Վահագն Մանուկյանի դիտարկմամբ, ոչ նախաքննական մարմինը եւ ոչ էլ դատախազությունը վերոնշյալ դրվագն ընդհանրապես քննության առարկա չեն դարձրել, մոռանալով այդ ամենի մասին: Էմիլ Խաչիկօղլյանի, Սաշա եւ Հարություն Աբրահամյանների միջեւ չեն կատարվել առերես հարցաքննություններ:
Փաստաբանն ասում է, որ ուսումնասիրելով գործի նյութերը, պարզել է, որ մինչեւ օրս ճշտված չեն ոմն Ազատի եւ գյումրեցի Սամվելի ինքնությունները եւ նրանք չեն հարցաքննվել: «Ընդհանրապես պարզված չէ, թե նրանց ինչ է հայտնի հիշատակված գործարքի մասին, երբ, ինչ հանգամանքներում, որտեղ է այն կատարվել, որոնց հարցաքննելու դեպքում միանշանակ նույնպես կառաջանար առերեսումներ կատարելու խնդիրները: Ավելին, քննությանը ընդհանրապես չի հետաքրքրել, թե այդ Ազատն ինչ շահագրգռվածություն է ունեցել այս հարցում` միջնորդի դերում հանդես գալու առումով, քանի որ, ըստ ձեռք բերված ապացույցների, Ազատն ինքն է առաջինն եկել եւ ուսումնասիրել Սաշա Աբրահամյանի բնակարանը»,- ասում է տուժողի ներկայացուցիչը:
Ի դեպ, նախաքննության ընթացքում չի հարցաքննվել Մանվել Իսրայելյանի կինը: Մինչդեռ, նրանից ակնկալվում էր պարզել մեկ կարեւոր հարց. «Եթե պետք է կնքվեր գրավի պայմանագիր, ինչպես է այն փոխարինվել եւ կնքվել առուվաճառքի պայմանագիր»: Իսկ առհասարակ, նրան ինչ է հայտնի այս գործարքի մասին, ինչ հանգամանքներում եւ ինչու են տվյալ գործարքների ձեւակերպումներն իր անվամբ կատարվել, եթե բոլոր պայմանավորվածությունները, գումարների տալն ու առնելը անմիջականորեն կատարվել են Մանվել Իսրայելյանի եւ Էմիլ Խաչիկօղլյանի միջեւ:

Ուշադրության արժանի է այն, որ չեն հարցաքննվել Սաշա Աբրահամյանի կինը, նոտարը եւ նրա օգնականը, որոնց տված ցուցմունքների պայմաններում հավանաբար անհրաժեշտություն կառաջանար առերես հարցաքննություններ կատարելու հիշատակված անձանց հետ:

Մինչդեռ, նախաքննության ժամկետները պարբերաբար երկարաձգվել են, ինչը, ըստ փաստաբանի, ըստ էության կրել է ձեւական բնույթ:

Այս գործով կա մի դրվագ էլ, որը իրավական գնահատականի չի արժանացել. խոսքը Էմիլ Խաչիկօղլյանի կողմից Մնացական Շահինյանին 12.000 ԱՄՆ դոլար «պարտք լինելու» հանգամանքի մասին է:

Էմիլ Խաչիկօղլյանը, «Առավոտի» տեղեկություններով, նույնպես դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը: Նա հայտնել էր, թե Մանվել Իսրայելյանի եւ նրա կնոջ կողմից կատարվել է խմբակային խարդախություն, որ իրենց երեքի միջեւ տեղի է ունեցել նախապես հանցավոր համաձայնություն, Սաշա Աբրահամյանի սեփականության իրավունքով պատկանող բնակարանը խաբեությամբ հափշտակելու վերաբերյալ: Սակայն՝ տարօրինակ անտարբերություն: Ոչ նախաքննական մարմինը, ոչ էլ գլխավոր դատախազությունն ասվածին ընթացք չեն տվել, քրեական գործի նախաքննությամբ այն քննության առարկա չեն դարձրել եւ այս ամենը մինչ օրս իրավական գնահատական չի ստացել:

Տուժող կողմը դատարանում միջնորդությամբ էր հանդես եկել, խնդրելով՝ Մանվել Իսրայելյանին, նրա կնոջը, այս դեպքի հետ առնչություն ունեցող անձանց դատարան հարցաքննության հրավիրել: Դատարանը նշված միջնորդությունը բավարարել էր:
Սակայն այդ անձինք խուսափել են դատարան ներկայանալուց, ավելին, դատարանի կողմից նրանց բերման ենթարկելու որոշումները մնացել են դեռեւս թղթի վրա:
Վահագն Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ Էմիլ Խաչիկօղլյանի գործողությունների հետեւանքով Մանվել Իսրայելյանի եւ նրա կնոջ կողմից վերը նշված անշարժ գույքը հապճեպորեն վաճառվել է, իսկ 80-ամյա կույր մարդն իր ընտանիքով մնացել է դաժան իրականության դեմ հանդիման:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30