Աշխարհի շատ երկրներում ընդունված արտադատական կարգով վեճերի լուծման ինստիտուտը ներդրվել է նաեւ Հայաստանում: 2015 թվականի մայիսի 7-ին Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է ներդնել հաշտարարության ինստիտուտը: Հաշտարարության (մեդիացիայի) ինստիտուտի ներդրումը ենթադրում է գործերի արտադատական ճանապարհով լուծման հնարավորություն: Ըստ այդմ` հաշտարարությունը պետք է պարտադիր լինի մինչեւ բուն դատաքննության հասնելը որոշակի հստակ սահմանված գործերի համար (օրինակ՝ ամուսնաընտանեկան, աշխատանքային գործերով, անշարժ գույքի վերաբերյալ գործերով եւ այլն): Որոշ դեպքերում էլ դատարանը կարող է գործն ուղարկել հաշտարարին մինչ քննություն սկսելը:
Դատական հաշտարարի ինստիտուտն ԱՄՆ-ում կիրառվում է 1990 թվականից: Ամերիկյան փորձը հայաստանյան դատավորների հետ կիսելու համար Արդարադատության ակադեմիան՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, ԱՄՆ Առեւտրի նախարարության Միջազգային առեւտրի օրենսդրության մշակման ծրագրի (CLDP) շրջանակներում, օրերս կազմակերպել էր «Հաշտարարություն» խորագրով դատական երկօրյա սեմինար, որին մասնակցում էին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական եւ առաջին ատյանի դատարանների 15 դատավորներ:
«Մենք աջակցում ենք այս սեմինարին, որպեսզի ըստ էության հնարավորություն տանք մեր գործընկերներին եւ Հայաստանի դատավորներին ծանոթանալ լավագույն պրակտիկային, որը կա մեդիացիայի ոլորտում եւ դրանում դատավորների դերակատարմանը»,- նշեց ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսը։
Նյու Յորքի վարչաշրջանի դատարանի դատավոր Սիդնեյ Հ. Շթայնը եւ Նյու Յորքի հարավային շրջանի դատարանի դատավոր Փ. Քեվին Քասթլը մեզ հետ զրույցում նշեցին, որ փորձում են հայաստանյան դատավորներին բացատրել, թե ինչպես է գործում հաշտարարի համակարգը. «Հայաստանում իրավական հիմքերն արդեն ստեղծվել են, մնում է հմտություններ ձեռք բերվեն»: Ըստ Սիդնեյ Շթայնի՝ ամերիկյան փորձը ցույց է տալիս, որ հաշտարարի ինստիտուտի ներդրումը նպաստում է դատարանների բեռնաթափմանը, ինչպես նաեւ վեճերի արդյունավետ, արագ եւ ծախսերի առումով ավելի մատչելի ձեւով լուծմանը: «Դատարնում կա հաղթող ու պարտվող: Հաշտարարի ինստիտուտի դեպքում կա համաձայնություն: Կարեւոր է այն, որ հաշտարարը չի լուծում վեճը, այլ օգնում է, որպեսզի վեճը լուծեն կողմերը, գան համաձայնության»,- նշեց ամերիկացի դատավորը:
Հայաստանի իրավական համակարգում հաշտարարության ինստիտուտի ներդրումը դրական է գնահատում Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Բաբայանը: Նրա համոզմամբ` այս ինստիտուտի ներդրումն իսկապես կթեթեւացնի դատարանների «հոգսը»: «Իհարկե, մեր դատարանները շատ են հաստատել հաշտության համաձայնություններ: Հայաստանում կողմերին հաշտության բերելն իրականում շատ բարդ աշխատանք է այն դեպքում, երբ նրանցից յուրաքանչյուրն ուզում է հաղթել: Կողմերը դատական նիստերին մասնակցում են հոգեբանական այդ տրամադրվածությամբ: Այս պարագայում հաշտարարը պետք է շատ նրբորեն, տարբեր հնարքների միջոցով կողմերին բերի հաշտության»,- նշեց Արսեն Բաբայանը:
Արդյո՞ք հայաստանյան դատավորներն ուրախությամբ կընդունեն հաշտարարների ինստիտուտը հարցին ի պատասխան՝ Արսեն Բաբայանը նշեց. «Այո, քանի որ այս դեպքում դատարանում ավելի քիչ թվով գործերի քննություն կունենանք, բացի դա, կունենանք հաշտված հասարակություն: Իսկ դա նշանակում է ոչ միայն իրավական, այլեւ բարոյական հաղթանակ»:
Ի դեպ, ամերիկացի դատավորների խոսքով` ԱՄՆ-ում հաշտարարությանն ուղղված գործերի 65 տոկոսն է ավարտվում հաջողությամբ: Գործերի այն 35 տոկոսը, որոնցով հաշտության համաձայնագիր չի կնքվում, վերադառնում է դատարան:
ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.11..2015