Կրթության փորձագետը՝ 2016 թ. կրթության բյուջեի մասին
ՀՀ 2016 թ. բյուջեի նախագծով կրթության ոլորտին կհատկացվի 131,939 մլն դրամ։ Չնայած տարբեր «տրամաչափի» չինովնիկների լավատեսությանը, թե սա 6,5 մլն-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, օբյեկտիվորեն այդ գումարով աշխարհի ոչ մի երկրում հնարավոր չէ նորմալ կրթություն ապահովել:
Կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանն էլ առանձնապես տպավորված չէ 2016 թ. կրթության բյուջեից: Ասում է՝ այն վերջին մի քանի տարիներին իբր աճ է ունենում, բայց միգրացիոն գործընթացների համատեքստում դիտարկելիս՝ ստացվում է, որ կրթության բյուջեն այժմ շատ ավելի քիչ է, քան, ասենք, 5 տարի առաջ: «Եթե համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) տեսանկյունից էլ խոսենք, ապա կրթության զարգացման պետական ծրագրով պետք է արդեն այս տարի ՀՆԱ 4%-ը հատկացվեր կրթության ոլորտին, մինչդեռ 2016-ի համար մոտավորապես
2,5% է ստացվում: Այսինքն՝ կրթության համակարգի ֆինանսավորումը շարունակում է մնալ անբավարար, աշխատավարձերի աճ չկա, ավագ դպրոցներում էլ լուրջ խնդիր ունենք՝ 10-րդ դասարաններում աշակերտների թիվը նվազել է, եւ լավ կլիներ, որ ֆինանսավորումն ավելանար, որպեսզի ավագ դպրոցները կարողանային ճգնաժամային վիճակը հաղթահարել առաջիկա տարիներին: Նույն պատկերն է նաեւ բուհերում՝ պետական հատկացումների թիվը չի ավելանում: Որքանով տեղյակ եմ՝ կրթության բյուջեում ավելացում կա միայն ազգային գերազանցության ծրագրի մասով, իսկ ընդհանուր կրթության համակարգում ամենեւին էլ աճ չկա»,-փաստում է կրթության փորձագետը: Հավելում է, որ, իհարկե, շատ երկրներ կան, որոնք գիտակցաբար կրճատում են իրենց կրթական բյուջեները, դրանց թվում է նույնիսկ Ֆինլանդիան: Սերոբ Խաչատրյանի խոսքով, սակայն. «Հայաստանում կրթության ոլորտի ֆինանսավորումն այնքան ցածր է, որ աշխատավարձերի չբարձրացնելն արդեն մեծ հետընթաց է: Համակարգը մաշվում է՝ նվազագույն ֆինանսավորման պատճառով: Մենք ձեւ ենք անում, թե կրթության համակարգը ֆինանսավորում ենք, կրթության համակարգն էլ ձեւ է անում, թե այդ փողով հնարավոր է աշխատել: Այդ ամենի արդյունքն այն է, որ մարդկային կապիտալը մաշվում է, աշխատելու մոտիվացիան կորում է…Շատ այլ երկրներում նման ծավալի ֆինանսավորմամբ ավելի վատ արդյունքներ կարող էին լինել: Թեեւ իմ այս ասածը հետազոտությունների վրա հիմնված չէ»:
«Առավոտը» կրթության փորձագետից հետաքրքրվեց՝ այդ դեպքում՝ ինչի՞ հաշվին են աշակերտների, ուսանողների հաջողություններ գրանցվում:
Կարդացեք նաև
Մեր զրուցակցի ասելով, խորհրդային տարիներին կրթության համակարգը բավականին ուժ էր կուտակել՝ լավ ուսուցիչներ, դասախոսներ, այսինքն՝ այդ իներցիայով են լավ արդյունքները գրանցվում: «Կրթության առանձնահատկությունն այն է, որ միանգամից չի «թռնում» եւ միանգամից էլ անկում չի լինում»,- համոզված է Սերոբ Խաչատրյանը: Նա նաեւ մանրամասնում է. «Արդեն նշեցի, որ Սովետի ժամանակ հավաքած ներուժ ունենք, այդ տարիներին ուսուցիչ կամ դասախոս դարձածները դեռ մի 45-50 տարեկան են: Ցավոք, այդ ռեսուրսը աստիճանաբար կմաշվի, որովհետեւ ներկայումս քչերն են ուզում կրթության ոլորտում աշխատել: Այնպես որ՝ սրա արդյունքը մի 10-20 տարի հետո կերեւա: Ի դեպ, բուհական համակարգն էլ լուրջ պրոբլեմ ունի, չնայած շատերը պետական բուհեր են կոչվում, սակայն նրանց եկամտի ճնշող մեծամասնությունը գոյանում է ուսանողական վարձերից, պետական ֆինանսավորումն էլ մի 25-30% է կազմում: Համալսարաններում էլ աշխատավարձերն ավելանում են այն դեպքում, երբ նվազագույն աշխատավարձի բարձրացում է լինում, իսկ ուսանողների կրթաթոշակները շարունակում են մնալ մի 5000 դրամ»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.11..2015