Լրահոս
Օրվա լրահոսը

Գործիքավորողն ուզում է օպերային երգիչներին էլ «հանրայնացնել»

Նոյեմբեր 12,2015 12:30

Արտակ Հակոբյանը համոզված է,
որ շոու-բիզնեսին էլ կարելի է տալ «դասական» գործիքավորում

Գործիքավորումը տարբեր կազմերով նվագախմբերի կամ գործիքային անսամբլների համար երաժշտական երկը շարադրելու արվեստ է: Ավելին՝ այն կազմում է երաժշտական երկի ստեղծագործման բուն պրոցեսի մասը կամ շարունակությունը: Գործիքավորումը 17-րդ դարից սկսել է կիրառվել պարտիտուրը շարադրելիս: Այդ աշխատանքում իրենց ավանդն ունեն վիեննական դասական դպրոցի ներկայացուցիչները՝ Հայդնը, Մոցարտը եւ ուրիշներ:

19-20-րդ դդ. ծրագրային երաժշտության գեղարվեստական սկզբունքների եւ ռոմանտիկական օպերայի զարգացմանը զուգահեռ՝ գործիքավորման արվեստը սկսեց զարգանալ: Օրինակ՝ Բեռլիոզը, Լիստը, Վագները մեծացրին նվագախումբը, առանձին նվագամասեր տարբերակեցին ավելի նրբորեն, մասնավորապես՝ ավելացրին փողայինների մենանվագային դերը: Իսկ Շտրաուսը, Ռավելը, Ստրավինսկին, Բարտոկը ավելի ազատ օգտվեցին նվագախմբայիններից, հաճախ լարայիններին հատկացնելով գունային էֆեկտը, փողայիններին՝ գլխավոր մեղեդայնական նվագամասը, հարվածայիններին էլ տվեցին ինքնուրույն ու ցայտուն դեր:

Լայն ընթերցողին տեղեկացնենք, որ ոչ բոլոր կոմպոզիտորներն են իրենց ստեղծագործությունները գործիքավորում: Վաղուց դա դիտվում է որպես առանձին մասնագիտություն: Այս ոլորտում իրենց գործը տասնամյակներ շարունակ հիանալի են կատարում կոմպոզիտորներ Ռոբերտ Մավիսակալյանը, Երվանդ Երզնկյանը, Նարինե Զարիֆյանը, դիրիժոր Ռուբեն Ասատրյանը եւ ուրիշներ: Հիմա գործիքավորողը ոչ միայն պետք է ծանոթ լինի տարբեր գործիքների տեխնիկական ու արտահայտչական հնարավորություններին, համապատասխան հնչողություն ու երանգ ստանալու, ուժային ու գունային հակադրություններ գոյացնելու, այլեւ պետք է տիրապետի գոյություն ունեցող համակարգչային ծրագրերին: Իսկ որ գործիքավորողից է կախված յուրաքանչյուր երկի (երգից մինչեւ մեծակտավ ստեղծագործություն) հաջողությունը, դա անհերքելի է:
Ըստ «Առավոտի» դիտարկման, հիանալի գործիքավորումների շնորհիվ էր նաեւ, որ ժամանակին բարձր գնահատականի արժանացան, օրինակ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Ս. Սմբատյան) հոլիվուդյան հայտնի ֆիլմերից կազմված համերգային ծրագիրը (գործիքավորող՝ Կարեն Անանյան) կամ Երեւանում եւ մարզերում օպերային թատրոնի նվագախմբի (դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան) եւ դերասանների մասնակցությամբ ներկայացված «Հեքիաթն է կանչում» ծրագիրը, որում ընդգրկված էր սիրված մուլտֆիլմերից երաժշտություն (գործիքավորումը՝ Կարեն Անանյանի եւ Արտակ Հակոբյանի):

«Առավոտը» թեմայի շուրջ զրուցեց Արտակ Հակոբյանի հետ, որը մասնագիտությամբ դաշնակահար է եւ կոմպոզիցիայի դասեր է վերցրել Էդգար Հովհաննիսյանից: Մեր զրուցակիցն ասաց, որ իբրեւ գործիքավորող՝ իր համար մեծ դպրոց էր անվանի կոմպոզիտորի ղեկավարությամբ սովորելը: Նշեց, որ օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանի՝ այս ամռանը թողարկված առաջին CD-ի ստեղծագործությունների գործիքավորումը եւս ինքն է արել:

Հաստատելով մեզ հասած լուրը, թե երգիչ Էրիկի՝ առաջիկայում կայանալիք մենահամերգին իր լուման էլ կա, Արտակը պատասխանեց. «Էրիկը հանդես կգա սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, գումարած, այսպես կոչված՝ էստրադային գործիքներ»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, թե իր գերնպատակն է բարձրարվեստ գործիքավորումներով ներկայացնել համաշխարհային օպերային գրականության նմուշներից՝ լայն հանրությանը ծանոթ ստեղծագործություններ (արիաներ, դուետներ եւ այլն), այսպիսով էլ ավելի ճանաչելի դարձնել օպերային երգիչներին: Ասաց նաեւ, թե կուզեր, որ մեր փոփ երգիչները եւս հանդես գային երգերի, այսպես կոչված՝ դասական գործիքավորումներով:

Հետաքրքրվեցինք՝ այս պահին շոու-բիզնեսի կամ դասական ոլորտի ո՞ր ներկայացուցչի հետ է համագործակցում: Արտակ Հակոբյանն առանց մանրամասնելու հայտնեց, որ շուտով դուդուկահար Կամո Սեյրանյանը կներկայացնի կոմիտասյան հանրահայտ «Կռունկը»՝ դասական մատուցմամբ: Ինչ վերաբերում է դասական ոլորտին, հայտնեց, որ ցանկություն ունի իրականացնել նախագիծ՝ ընդգրկելով օպերային երգիչներին, որոնք հանդես կգան թե արիաներով, թե դուետներով եւ այլ կազմերի անսամբլային կատարումներով: Հավելեց, որ նշյալ նախագիծը կարող է լինել նաեւ առանձին համերգային ծրագիր:

Դիտարկմանը, թե այսօր կոնկրետ շոու-բիզնեսում երգերի մեծամասնությունը կարծես մեկ գործիքավորողի ձեռագիրը լինի, Արտակ Հակոբյանը պատասխանեց. «Երբ մեր երգիչներից ոմանք դիմում են, օրինակ, ինձ, ցանկություն են հայտնում, որ գործիքավորումը նման լինի, ասենք, արտերկրում ապրող այս կամ այն երգչի երգին, ես, բնականաբար, հրաժարվում եմ: Ասում եմ՝ գնացեք, գտեք էդ երգչի գործիքավորողին…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել