Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները մի քանի օրից կավարտեն ուսումնամարզական հավաքը Կազանում: Նրանք Թաթարստանի մայրաքաղաքից կմեկնեն Մոսկվա ու այնտեղից էլ նոյեմբերի 16-ին՝ ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաք, որտեղ կայանալու է աշխարհի առաջնությունը:
Նախորդ եւ այս աշխարհի առաջնությունների թիմային արդյունքների հանրագումարով որոշվելու է, թե որ երկիրը քանի մասնակից է ունենալու 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում:
Մոսկվայում հենց Շերեմետեւո օդանավակայանում մեր ծանրորդներին է միանալու Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը, որի հետ «Առավոտը» զրուցեց Կազանի ուսումնամարզական հավաքի ընթացքի, մեր ծանրորդների մարզավիճակի եւ աշխարհի առաջնությունից ունեցած սպասելիքների մասին:
– Պարոն Խեչանյան, մեր երկու հավաքականները հոկտեմբերի 29-ից Կազանում են: Դուք ամեն օր մարզիչների հետ մշտական կապ եք պահպանում: Ինչպե՞ս են ընթանում հավաքները:
Կարդացեք նաև
– Նախաօլիմպիական քառամյա ցիկլում ֆեդերացիայի գործունեության վերջնանպատակը 2016 թվականի օլիմպիական խաղերն է եղել ու այս ընթացքում մեր աշխատանքները կազմակերպել ենք այն հաշվարկով, որպեսզի հնարավորին չափ շատ ուղեգրեր ձեռք բերենք ու արժանապատիվ մասնակցենք Ռիոյի Խաղերին: Կազանը մեր չորս տարիների աշխատանքի, կարելի է ասել, վերջին փուլն է ու ֆեդերացիան հոգացել է ամեն ինչ: Այո, ամեն օր խոսում եմ մարզիչների, մարզիկների հետ: Ամեն բան նորմալ է, բոլորն էլ գոհ են: Մարզիկների համար ապահովված են մարզումային ու բնակության բոլոր պայմանները, բարձրորակ սնունդը եւ անհրաժեշտ մյուս բաները:
– Ծանրորդների մարզավիճակն ինչպե՞ս է:
– Մարզումներն ընթանում են ըստ մարզիչների կազմած պլանի: Նրանք ինձ ասել են, որ ծանրորդները բարձրացնում են արդյունքները: Վնասվածքներ ունեցողներ, փառք Աստծո, չկան: Մնում է, որ այդպես շարունակվի մինչեւ աշխարհի առաջնությունում մեր վերջին մասնակցի մրցելույթի ավարտը:
– Հյուսթոն մեկնում եք առաջնությունից մոտ մեկ շաբաթ առաջ:
– Այո: Դա անհրաժեշտ է, որպեսզի հասցնեն կլիմայափոխվել: Ծանրորդների համար ապահովել ենք հյուրանոցային լավ պայմաններ: Նրանք Հյուսթոնում կշարունակեն մարզվել ու այդ ժամանակահատվածը կլինի նախապատրաստության վերջին փուլը:
– Աշխարհի առաջնությունից մարզասերներն ի՞նչ սպասելիքներ ունենան:
– Դժվար հարց եք տալիս: Աշխարհի այս առաջնությունը վարկանիշային վերջին մրցումն է ու Հյուսթոնում է որոշվելու բոլոր երկրների ճակատագիրը: Այնպես որ, աշխարհի առաջնությունում «կոտորած» է լինելու: Բոլոր երկրներն էլ պատրաստվում են ամենայն պատասխանատվությամբ ու Հյուսթոն գալու են ուժեղագույն կազմերով: Աննախադեպ մասնակցություն է սպասվում ամեն մի քաշային կարգում: Հետեւում ենք մեր բոլոր հավանական մրցակիցների արդյունքներին: Գրեթե բոլորն էլ լավ մարզավիճակում են ու առաջընթաց են արձանագրում:
Ինչ վերաբերում է մեր մարզիկների հետ կապված ծրագրերին, դա հստակ է: Մեր առաջնային նպատակը վարկանիշային ուղեգրերն են. տղաների համար անցած առաջնությունում ձեռք բերած հինգ վարկանիշերը պահպանելը, աղջիկների համար՝ նախնական երկուսը պահպանելը եւ հնարավորության դեպքում մեկով ավելացնելը:
– Իսկ մարզասերները մեդալներ են սպասում:
– Դա բնական է: Իհարկե, մեդալները մեր ցանկություններից դուրս չեն: Բայց պիտի հասկանանք ու գիտակցենք, որ անչափ դժվար է լինելու: Բայց նպաստավոր հանգամանքների դեպքում անպայման կպայքարենք:
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են՝
Աղջիկներ. 53 կգ՝ Աննա Գովելյան, 58՝ Իզաբելլա Յայլյան, 69՝ Նազիկ Ավդալյան, 75՝ Սոնա Պողոսյան, +75՝ Հռիփսիմե Խուրշուդյան:
Տղաներ. 69 կգ՝ Վանիկ Ավետիսյան, 77՝ Տիգրան Մարտիրոսյան եւ Անդրանիկ Կարապետյան, 105՝ Սիմոն Սարգսյան, +105՝ Ռուբեն Ալեքսանյան եւ Գոռ Մինասյան:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝
armsport.am-ի
«Առավոտ» օրաթերթ
11.11..2015