Այսօր Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած «Ռուս–հայկական հարաբերություններ. եվրասիական ինտեգրացումը և տեղեկատվական գործոնը» թեմայով քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Ռուս և վրացի ժողովուրդների միավորման հիմնադրամի նախագահ Վլադիմիր Խոմերիկինը, որն ափսոսանք հայտնեց, որ Ռուսաստանի վրացիներն այնքան էլ համախմբած չեն եւ չեն կարողանում իրենց շահերը ներկայացնել: Նա նշեց, որ Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալու որոշումը ճիշտ էր:
«Շատերն ասում են, որ Հայաստանը ոչինչ չունի, նա պետք է շնորհակալ լինի, պետք է պատրաստ լինի ինտեգրվելուն: Բայց դա այդպես չէ, հարգելի գործընկերներ: Հայաստանն ունի իր առավելությունները: Հայաստանի միջոցով շատ ԱՊՀ երկրներ կարող են առեւտուր անել Եվրոպայի եւ Ամերիկայի հետ»,- ասաց քննարկման մասնակիցը՝ նշելով, որ Հայաստանը շատ շնորհակալ պետություն է, հիշում է, որ ռուսներն ընդունել են Հայոց ցեղասպանությունը,- Ցավոք սրտի, մեր վրացիները չեն հասկանում, որ Վրաստանի տեղը միայն այս տարածաշրջանում է»:
Վլադիմիր Խոմերիկինը նաեւ նշեց, որ Հայաստանը շնորհակալ պետություն է: «Նա ունի հիշողություն, նա հիշում է, որ ինչ-որ ժամանակ Ռուսաստանն աջակցել եւ շարունակում է աջակցել իրեն, Հայոց ցեղասպանությունից հետո է աջակցել»:
Քննարկմանը մասնակից Հայաստանի բանախոսներից Տեղեկատվական անվտանգության մասնագետ, քաղաքագետ Տիգրան Քոչարյանն էլ խոսելով Եվրասիական միության մասին՝ ասաց. «Իրականում ամեն ինչ այդքան վառ ու լավ չէ»: Նա նշեց, որ Եվրասիական միությունը շատ հայերի համար անհասկանալի համագործակցության հարթակ է. «Որովհետեւ առաջին հերթին չկա որոշակիացում, թե ինչի շուրջ ենք մենք համախմբվել: Հայաստանում այն դիտարկվում է միություն միայն Ռուսաստանի հետ, որովհետեւ թե ինչ օգուտ է տալիս Ղազախստանը, Բելառուսը կամ Ուզբեկստանը, անհասկանալի է,- ասաց Տիգրան Քոչարյանը,- Հայաստանի համար անհասկանալի է. եթե համագործակցություն են սկսում, ապա սկսում են գործընկերների հետ: Բոլորը լավ հիշում են Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալու ժամանակ Ալիեւի կողմից ուղարկված Նազարբաեւի նամակը»:
Կարդացեք նաև
Տեղեկատվական անվտանգության մասնագետը նշեց, որ Հայաստանում բոլորի ընկալումներով՝ Եվրասիական միության միանալը հիմնականում կապված է անվտանգության պահպանման հետ: «Միայն Ռուսաստանն այս պահին կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը, բայց այստեղ էլ նորից հարց է առաջանում. Հայաստանը նաեւ այլ միության անդամ է՝ ՀԱՊԿ-ի, բայց ՀԱՊԿ-ն չի ապահովում Հայաստանի անվտանգությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանում: Ստեղծում է կարծիք, որ ՀԱՊԿ-ն ապահովում է Հայաստանի անվտանգությունը Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Իրան սահմանում: Անհասկանալի է միություն է նաեւ ԱՊՀ-ն, որի կազմից դուրս են եկել արդեն շատ պետություններ, բայց Հայաստանը շարունակում է անդամ մնալ: Պետք է բացատրվի, թե ինչով է տարբերվում Եվրասիական միությունը»:
Ըստ Տիգրան Քոչարյանի՝ պետք է ներկայացվի գաղափարախոսություն, որը, օրինակ՝ կարող է մարդկանց համախմբել ընտանիքի պահպանման, նահապետական հասարակության պահպանման գաղափարի շուրջ:
Տիգրան Քոչարյանն անդրադարձավ նաեւ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելուն: Նա, դիմելով Արա Աբրահամյանին՝ ասաց, որ պետք է Ռուսաստանի իշխանություններին դիմել, որ դադարեցնի զենքի վաճառքն Ադրբեջանին: «Այստեղ չեն հասկանում, ինչպես կարող է Ռուսաստանը վաճառվել զենք այն պետությանը, որը պատրաստ է սպանել նրա բարեկամ պետությանը: Բացատրությունները, որ դա բիզնես է, անհասկանալի են: Տհաճ է, երբ քեզ կրակում են այն պետության զենքով, որին դիտարկում ես քեզ բարեկամ պետություն եւ քո անվտանգության երաշխավոր:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ