Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները ծանոթանում են թափուր աշխատատեղերին

Նոյեմբեր 11,2015 13:24

Նոյեմբերի 11-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շարքում կազմակերպել են «Բուհից աշխատաշուկա՝ մեկ քայլ» խորագրով աշխատանքի միջբուհական տոնավաճառը։

Առանձին տաղավարներով ներկայացված են գործատուները, որոնք ուսանողներին, երիտասարդներին տրամադրում են նյութեր ընկերությունների, առաջարկվող աշխատատեղերի, տվյալ կազմակերպության կադրային քաղաքականության մասին։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ աշխատանքի տոնավաճառում իրենց թափուր աշխատատեղերը ներկայացրել է ավելի քան 60 կազմակերպություն։ Կարեն Ավագյանը նշեց, որ վերջերս ՀՀ ԿԳՆ կողմից իրականացված հարցումը ցույց է տվել, որ երիտասարդության հիմնական խնդիրն այսօր աշխատանքի բացակայությունն է։ Ուստի նման ձևաչափով միջոցառումները հնարավորություն են տալիս ապահովել աշխատաշուկա-երիտասարդ կապը, լրացնել երիտասարդների, ուսանողների շրջանում առկա տեղեկատվական բացը, հասկանալ գործատուների կադրային քաղաքականությունը և գտնել աշխատանք։ Հիմնադրամի համակարգողն ընդգծեց նաև, որ աշխատանքի նման տոնավաճառներ պարբերաբար կազմակերպվում են տարբեր բուհերում։

Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը տեղեկացրեց, որ դեռևս 2003թ. Ագրարային համալսարանում ստեղծվել է կարիերայի կենտրոն, որտեղ շրջանավարտները և ավարտական կուրսերի ուսանողները թողնում են իրենց տվյալները, իսկ կենտրոնը կապ է հաստատում պոտենցիալ գործատուների հետ։ Այժմ էլ նույն համակարգը գործում է։ Ավելի քան 2700 շրջանավարտի տվյալներ կան այդ բազայում, և միայն վերջին 3 տարիների կտրվածքով՝ 560 շրջանավարտ այս ճանապարհով գտել է աշխատանք իր մասնագիտությամբ։ Եվ քանի որ տարբեր բուհեր աշխատանքի տոնավաճառը կազմակերպում էին տարբեր ձևաչափով, 2 տարի առաջ պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղել ջանքերը՝ յուրաքանչյուր տարի այն իրականացնելով բուհերից մեկում։

EV Consulting ընկերության աշխատակցուհի Նարինե Հարությունյանը տեղեկացնում է, որ իրենք վերլուծաբանի, խորհրդատուի և պրակտիկանտի կարիք ունեն, և այդ աշխատատեղերի մանրամասները ներկայացնում են այս տոնավաճառի շրջանակներում։ Նա նկատում է, որ հետաքրքրությունը բավականին մեծ է, մոտենում, ծանոթանում են աշխատանքի պայմաններին։

Աշխատանքի տոնավաճառի ընթացքում անցկացվում են նաև քննարկումներ մի շարք թեմաներով՝ «Ուսանողը՝ ապագա գործարար», «Կարիերայի հեռանկարները ֆինանսաբանկային ոլորտում», «Աշխատաշուկայում մրցունակ լինելու հիմնական կարողությունները» և այլն։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30