Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ ո՞վ ա, որ իմ տնազն անի»

Նոյեմբեր 11,2015 12:30

Անվանիներին նմանակող Վարսին Երեւանում է

Հայ հեռուստադիտողը սիրով է սպասում յուրաքանչյուր շաբաթ, արդեն երկրորդ եթերաշրջան ռուսաստանյան OPT հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող «Точь в точь» շոուին, որտեղ ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները ներկայանում են համաշխարհային դեմքերի կրկնօրինակումներով: Ընդ որում, ոչ միայն տվյալ արվեստագետի վոկալի, այլ նաեւ արտաքին ճիշտ կերպարով: Նման մի նախագիծ մոնոթատրոնի տեսքով հայերս ունեցել ենք խորհրդային տարիներին (1980-ական թվականներ), միայն մեկ տարբերությամբ՝ ճանաչված երգիչների կատարումներն էր նմանակվում, ինչը հիանալի ներկայացնում էր մասնագիտությամբ երգչուհի Վարսենիկ Ներսիսյանը: Նույնիսկ մեկ-երկու անգամ նրան հանդիպեցինք հայկական հեռուստատեսությամբ: Հետո երգչուհին ընդգրկվեց մեր TV-ի «սեւ ցուցակում»: Միայն տարիներ անց՝ 2005թ., ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանի նախաձեռնությամբ ու հրավերով Վարսենիկը բեմ բարձրացավ Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, իր Comedy show «Հա, ի՞նչ անեմ» մոնոներկայացմամբ:
Այս օրերին Վարսենիկ Ներսիսյանը Երեւանում է՝ ոչ համերգային այցով:

Varsenik_Nersisyan-2

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ երգչուհին հիշեցրեց, որ ժամանակին հանդես էր գալիս Օֆելյա Համբարձումյանի, Վարդուհի Խաչատրյանի, Զառա Տոնիկյանի, Նադեժդա Սարգսյանի, Էդիտ Պիաֆի եւ մյուս ճանաչում ունեցած երգչուհիների նմանակումներով: Նա հիշեց, որ Օֆելյա Համբարձումյանը նույնիսկ բողոքել էր, թե՝ «էդ ո՞վ ա, որ իմ տնազն անի»…

Varsenik_Nersisyan-3

1992թ. ԱՄՆ-ում բնակություն հաստատած ու բեմական գործունեություն ծավալած Վարսին (նրա բեմական անունն է) ընտանիքի անդամների աջակցությամբ Լոս Անջելեսում առաջին անգամ տեղի համայնքի շրջանակներում հիմնում է comedy show` «Երաժշտական փոստարկղ» խորագրով, ապա հյուրախաղերով հանդես գալիս Ամերիկայի եւ Կանադայի հայաշատ քաղաքներում: «Սկզբնական շրջանում հրավիրում էինք Ամերիկայում հաստատված մեր արտիստներին, այդ թվում՝ դերասանուհի Տաթեւիկ Ղափլանյանին, երգիչներ Չուկոյին (Հրաչյա Մխիթարյան), Ռազմիկ Մանսուրյանին եւ մյուսներին: Հետո առաջին անգամ Հայաստանից հրավիրեցինք «Ուրախների եւ հնարամիտների ակումբի», «Ոզնիների» ճանաչված տղաներին, Վարդան Պետրոսյանին… Հրավիրել ենք նաեւ շոու-բիզնեսի ամերիկյան ներկայացուցիչների: Այս ընտանեկան գործունեությունը մեր տեւեց մինչեւ 2005թ.: Հետագայում ես սկսեցի իմ առանձին մենաշոուներով հանդես գալ: Ի սկզբանե նշանաբան եմ ունեցել. ցանկացել եմ հանդիսատեսիս աչքերին տեսնել ուրախության արցունքներ: Իհարկե, այս ժանրը ենթադրում է ներկայացնել այն բացասականը, ինչը առկա է, այս դեպքում՝ հայերիս մոտ: Համերգներիս վերնագրերը՝ «Երկիրս երկիր չի», «Հա, ի՞նչ անեմ» կամ՝ մի ներկայացումս վերնագրել էի «Լաց Վեգասում»…»,- հայտնեց հումորիստը: Ի դեպ, Վարսին այս ոլորտում միակ կին հումորիստն է, որը խաղը զուգորդում է երգի հետ:

Varsenik_Nersisyan
Հարցին՝ երկրորդ անգամ ե՞րբ կտեսնենք Հայաստանում, Վարսին կարճ պատասխան տվեց. «Ես հաճույքով էլի կգամ, բայց արտիստը պետք է զբաղվի միայն իր գործով, այլ ոչ թե ընկնի հյուրախաղերի կազմակերպման խնդիրներով»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30