Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը՝ ՀՅԴ-ին. «Ինչպե՞ս կարելի է այդ ոչ լեգիտիմ անձանց օգնել» (Տեսանյութ)

Նոյեմբեր 10,2015 14:46

«Արդեն քանի տարի է՝ մասնակցում ենք այսպիսի ոչ հետաքրքիր թատրոնի, որը կոչվում է ընտրություններ: Քանի անգամ մենք գնում ենք ընտրատեղամաս, քվեարկում ենք մեր խղճի հետ համահունչ, բայց մեր քվեն տեղ չի հասնում: Չի հասնում, որովհետեւ ՀՀ-ում շուրջ 20 տարի, ըստ էության, ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվում: Ընտրություններ տեղի չի ունենում, տեղի է ունենում այս կամ այն անձի նշանակում: Ինչ-որ մի մասի թույլ են տալիս գա խորհրդարան, որ ասեն, թե ՀՀ-ում կա բազմակարծություն եւ հնարավորություն՝ ուրիշներին լսելու»,- այսօր նույնականացման քարտերով քվեարկել թույլ տալու մասին ՀՀԿ-ականների նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ-ում իր ելույթում ասաց Զարուհի Փոստանջյանը:

Ըստ նրա, նույնականացման քարտերով թույլ են տալիս քվեարկել, որպեսզի ավելի մատչելի դարձնեն հանրաքվեի կեղծարարությունը:. «Մեր քաղաքացու հետագա քայլերը որը կլինի՝ գնա ընտրության, ասի՝ ոչ, թե՞ ընդհանրապես չգնա՝ մեր քաղաքացիները շատ լավ կողմնորոշվում են: Որպեսզի այդ «ոչ»-ը, այս իշխանություններից ազատումը կարողանանք իրականացնել, ոչ թե Ընտրական օրենսգիրքն է օգնելու, միակ ելք կա՝ դա համատարած ընդվզումն է: Եթե դա տեղի չունենա, հանձնաժողովի նույնիսկ բոլոր ազնիվ անդամները, որոնք կպահեն այդ «ոչ» ձայները, միեւնույն է, ԿԸՀ-ում պարոն Մուկուչյանը մի քանի ժամով կխափանի համակարգը եւ կնկարի Սերժ Սարգսյանի համար «այո»-ները:

Հետեւաբար պետք է ցույց տանք մեր ուժը, իսկ ուժը ցույց ենք տալիս, եթե բողոքում ենք ու բողոքում ենք համընդհանուր՝ բոլոր տեղերում: Բողոքը պետք է լինի մինչեւ դեկտեմբերի 6-ը, պետք է լինի մի քանի օր շարունակ: Դեկտեմբերի 6-ից հետո նույնպես բողոքը պետք է տեսանելի լինի, մեր խնդիրը դա է, ուրիշ խնդիր չունենք: Թե չէ ուզում եք հանրաքվե անցկացրեք, ուզում եք կարգերը փոխեք, այլ կառավարման մոդել ընտրեք, միեւնույն է, ոչ մեկի կյանքը չի բարելավվելու, 1 մլն-ից ավելի մարդ շարունակելու է լինել աղքատ, բռնել արտագաղթի ճանապարհը, ոչ մեկի կյանքը չի լավանալու»:

Նա կոչ արեց չմասնակցել այդ թատրոնին, նախանշված քայլերին. «Մենք պետք է ունենանք մեր ծրագիրը, որը հենց դա պետք է լինի, ուրիշ բան մեզ չեն թողել: Մեր ընտրությունը, որ գնալ, մասնակցել, հանձնաժողովների ազնիվ անդամների միջոցով պահել ձայները՝ դա արդյունավետ միջոց չէ: Միակ արդյունավետ միջոցը համատարած բողոքներն են՝ օրեր շարունակ: Յուրաքանչյուրը իր տեղում պետք է լինի առաջնորդ, ոչ թե հիմնվի մեկ խմբի առաջնորդության վրա, այդպես են եղել տարբեր երկրներում հեղափոխությունները, այդպես են եղել համակարգային փոփոխությունները: Մենք չկարողացանք գնալ էվոլյուցիոն ճանապարհով: 20 տարիները ցույց տվեցին, որ գործող իշխանությունների համար դա բացառվում է»:

Նա ասաց, որ մենք կարող էինք ունենալ էժան գազ, բայց չունենք, որովհետեւ Սերժ Սարգսյանը ոչ թե ընտրվել, այլ նշանակվել է եւ մեր պետության շահերով չի առաջնորդվում, ռուսական թանկ գազն է գնում:

Հետո Զարուհի Փոստանջյանը դիմեց ՀՅԴ-ին՝ ասելով. «Իմ շատ սիրելի դաշնակցականները որ ասում են՝ մոդելը փոխենք, ամեն ինչ կփոխվի՝ այդպես չէ: Դուք գիտեք, որ այս իշխանությունները լեգիտիմ չեն, գիտեք, որ Սերժ Սարգսյանն ուղղակի նշանակված անձ է եւ չի հետապնդում հայ ժողովրդի շահը, ինչպե՞ս կարելի է այդ ոչ լեգիտիմ անձանց օգնել»:

Արձագանքելով տիկին Փոստանջյանի ելույթին՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Դուք պետության կառավարումից եք խոսում, ա՛յ հարգելիներս, դուք մի կուսակցություն, մի խմբակցություն չկարողացաք կառավարել, փոշիացրեցիք, դուք ո՜ւր, պետական կառավարումն ո՜ւր»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30