Տարիներ առաջ՝ հենց այս օրը` նոյեմբերի 11-ին համացանցում հայտնվեց համակարգչային վիրուսի նախատիպը:
Ովքեր են դրանց հեղինակները, ի՞նչ անել և ինչպե՞ս պաշտպանվել այդ անկոչ եւ ոչ ցանկալի հյուրերից: Թեմայի շուրջ խոսեցինք Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:
Նրա խոսքով առաջին վիրուսները ստեղծվել են այն ժամանակ, երբ դեռ համացանց չկար, դրանք կիրառում էին գիտնականները՝ գիտափորձերի ժամանակ.
«Վիրուսներն իրականում ավելի հին են, քան մենք՝ մենք, որպես ցանցի բնակիչ»,-ասում է նա:
Կարդացեք նաև
Նոր սերնդի համակարգիչներով աշխատելիս` հատկապես սկսնակները, հնարավոր է որոշ անհաջողություններ ունենան` տվյալների կորուստ, համակարգի կախում, համակարգչի առանձին մասերի խափանում և այլ իրավիճակներ, որոնց պատճառը հնարավոր է վիրուսային ծրագրերը լինեն:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ վիրուսը ծրագիր է, որն առանց մեզ հարցնելու ինչ-որ բան է անում, այդ ծրագրերը` ինչպես կենսաբանական վիրուսները բազմանում և գրանցվում են սկավառակի համակարգային տարածքում, կամ կցվելով ֆայլերին, տարբեր ոչ ցանկալի գործողություններ են կատարում:
«Դեռ տասնամյակներ առաջ վիրուսների մեծ մասը վնասակար էին, իսկ այսօր վիրուսային ոլորտը ավելի ֆինանսական է դարձել, այստեղ գումար են աշխատում, վիրուսը նստում է ձեր համակարգչի մեջ`ինչ-որ հարձակումներ է անում ուրիշների վրա, կամ ինչ որ գաղտնաբառեր է ձեզանից գողանում, ուղարկում տիրոջը, այսինքն` շատ դեպքերում վիրուսները չեն էլ երեւում, բայց օգնում են վիրուս գրողին գումար աշխատել»:
Բայց, ինչպես ասում են, կա ցանկացած թույնի հակաթույնը։ Համակարգչային աշխարհում այդ հակաթույները կոչվում են հակավիրուսներ.
«Եթե ունեք հակավիրուսային ծրագիր եւ դա թարմ եք պահում եւ միացրած, եթե ձեր օպերացիոն համակարգը միշտ թարմացվում է, ծրագրերը գողացված չեն, դա արդեն երաշխիք է, եթե դուք չեք այցելում անծանոթ կայքեր, շատ քիչ է հավանականությունը, որ կվարակվեք»,-պնդում է պրն. Մարտիրոսյանը:
Այսօր արդեն մոտ 40 հազար համակարգչային վիրուս է հայտնաբերվել: Դրանք որոշելու համար անհրաժեշտ են կրիչներ՝ առողջ ծրագրեր, կամ փաստաթղթեր։ Ինքը` վիրուսը մեծ ծավալի ծրագիր չէ, հիմնականում չի գերազանցում մեգաբայթը։ Բայց երբ օգտագործողը` ոչինչ չկասկածելով, բաց է թողնում արդեն վարակված ծրագիրը, այն ակտիվանում և սկսում է իր անցանկալի գործունեությունը։ Սամվել Մարտիրոսյանն առանձնացնում է մի քանիսը: Առաջինը դա սովորական վիրուսն է, մյուսը՝ այսպես կոչված կրիպտովիրուսն է, որոնք գումար շորթելու համար են ստեղծված, երրորդ շատ զարգացող վիրուսները՝ ռազմական կամ հետախուզական անվանում ունեն:
Վիրուսների զգալի մասը ինչ-որ գործողություն են կատարում , ասենք հաղորդագրություններ են փոխանցում, կամ հեղինակի կողմից ստեղծված այլ էֆեկտներ՝ խաղեր, երաժշտություն, մոնիտորին հայտնվում են նկարներ, փոխվում է ստեղների ֆունկցիան և համակարգչի աշխատանքն սկսում է դանդաղել:
Կան վիրուսներ, որոնք ինֆորմացիային լուրջ վնաս չեն պատճառում։ Դրանց` պայմանականորեն անվնաս են անվանում։ Զարմանալի է, բայց կան նաև փորձարկումների համար նախատեսված անվնաս վիրուսներ, որոնց հեղինակները՝ գիտնականները կամ վիրուս ստեղծողներն են:
Օգտատերերը պետք է զգոն լինեն այն դեպքերում, երբ նկատում են, որ իրենց տվյալները շատ հաճախ են վնասվում:
Երկու-երեք գործողությունն էլ բավարար է վարակվելու համար, որը կարող է փոխանցվել ոչ միայն համացանցով, այլ նաև կրիչներով ու հեռախոսով: Հայաստանում կրիչների մեծամասնության մեջ 2 վիրուս կա:
Ու քանի որ վիրուսի ներխուժումից ոչ մեկս էլ ապահովագրված չենք, ուրեմն` վնասները նվազագույնի հասցնելու համար, մի քանի պարզ ու հասարակ կանոնի պետք է հետևենք՝ պետք չէ բացել նամակներին կցված ֆայլերը, եթե չգիտեք, թե ումից է ուղարկված և ինչ է պարունակում, միշտ օգտագործեք հակավիրուսային ծրագրեր եւ պարբերաբար թարմացրեք դրանք, կրիչներն օգտագործելուց առաջ, անպայման ստուգեք, թե ինչ վիճակում են, վիրուսի բացահայտման ժամանակ չմտածված քայլեր մի ձեռնարկեք, այդպես կարող եք կորցնել այն ինֆորմացիան, որը դեռ կարելի էր փրկել և իհարկե հիշեք, որ վիրուսների զգալի մասը տարածվում են խաղերի միջոցով և որևէ խաղ բեռնելիս անպայման ստուգեք այն:
Լուսանկարը` Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ