«1997 թվականին, երբ այս սուրբ հողի վրա՝ նույն հիասքանչ դահլիճում, առաջին անգամ համերգ ունեցա, դեռ երիտասարդ էի ու գեղեցիկ: Հիմա միայն գեղեցիկ եմ: Նաև երջանիկ եմ, որ մինչև հիմա ձեզ հետ եմ»,- ասաց երգիչ Սոսո Պավլիաշվիլին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ նոյեմբերի 10-ին կայացած իր համերգի ժամանակ:
Ավելի վաղ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, երգիչն ասաց, որ տարվա ընթացքում հասցնում է մի քանի անգամ լինել մեր երկրում. «Ինձ համար միշտ տոն է Հայաստան գալը: Հիանալի է, երբ հավաքվում են գեղեցիկ, երաժշտական, հումորով երիտասարդներ: Դու նրանց համար ես երգում ու պարում, նրանք՝ քեզ: Ու դառնում է տոն»,- ասաց երգիչը:
Ի դեպ, նա այս անգամ Երևան է եկել Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ. «Հրաշալի է հայ երիտասարդների առջև ելույթ ունենալը: Սրտանց ցանկանում եմ, որ նրանք ստեղծեն ամուր ընտանիքներ, սիրված լինեն, շատ երեխաներ ունենան և հավատան Աստծուն ու իրենց երկրին»:
Ս. Պավլիաշվիլին համերգի ընթացքում երգեց ինչպես արդեն հայտնի, հին, այնպես էլ նոր երգեր: Նրա կատարմամբ հնչեց նաև «Երևան» երգը:
Կարդացեք նաև
Հավելենք, որ համերգը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ