«Գոյ» թատրոնում այսօր ընթերցողներին հանդիպեց գրող, հրապարակախոս, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը: «Հետաձգված կյանք» գրական-ստեղծագործական երեկոյի ընթացքում նա կարդաց բանաստեղծություններ 2 ժողովածուներից եւ անգամ երբեւէ չհրապարակված բանաստեղծություններ: Ամենայն հավանականությամբ, դրանք կամփոփվեն հաջորդ տարի տպագրվելիք ժողովածուում:
–Պարոն Մարտիրոսյան, ինչո՞ւ «հետաձգված» կյանք
-1988թ. սկսվեց ազգային-ազատագրական շարժումը, հետո՝ պետության կայացում-չկայացումը, եւ այդ ընթացքում մենք բոլորս ինչպես Մեծարենցն է ասել՝ «սպասման հիվանդներ» դարձանք՝ այ, հիմա անկախություն կհռչակենք, այ՝ պետք է սպասենք մինչեւ պատերազմը վերջանա, այ՝ պետք է համբերենք, որ ջեռուցումն ու էլեկտրականությունը վերականգնվեն…այդպես մենք անընդհատ սպասման մեջ էինք, կարծես հետաձգում էինք կյանքը: Այդ ընթացքում մշակույթն իր կարեւորությամբ զիջեց անկախությանը, պատերազմին: Հետաձգված կյանք՝ նշանակում է նաեւ հետաձգված հանդիպում, որովհետեւ ինձ համար առաջնային չեն եղել իմ ստեղծագործությունը եւ մշակույթը: Ավելի կարեւոր են եղել պատերազմը եւ դրա լուսաբանումը, մեր պետության կայացումը: Ինքս չեմ կարող ասել, որ անվերջ ապրել եմ այդ հետաձգված ռեժիմով եւ օրակարգով, որովհետեւ տարբեր երկրներ եմ գնացել, ապրել ու կրթություն ստացել: Կարծում եմ՝ հիմա պահն է, որպեսզի մենք էլ չհետաձգենք կյանքը ու գուցե սպասենք մշակույթի, պոեզիայի եւ լիարժեք կյանքի վերադարձին:
Կարդացեք նաև
-Այսօրվա գրական-ստեղծագործական կյանքում ի՞նչ խնդիրներ եք տեսնում
-Առաջնահերթ, ընթերցողի եւ գրողի միջեւ հաղորդակցության խնդիր կա, որովհետեւ գրականությունը ստեղծվում է շրջանառվելու համար: Դա ամենաանհրաժեշտն է, որովհետեւ մշակույթը, որը ոչ հաց է, ոչ ջուր է, այսքան տարի գոյություն ունի: Ուրեմն դրա անհրաժեշտությունը կա: Այսօր, չհաշված աստղային ինդուստրիան, մշակույթը, արվեստը եւ գրականությունն իրենց դերը կորցրել են:
-Պարոն Մարտիրոսյան, «Գրական տապան» միջազգային փառատոնին մասնակցությունն ի՞նչ փոխեց Ձեր ստեղծագործական կյանքում
-Տեղի գործընկերների եւ արտասահմանցի գործընկերների հետ ցանկացած շփում «արյան թարմացում» է: Արտասահմանում այդպիսի տասնյակ եւ հարյուրավոր փառատոններ են կազմակերպվում, մինչդեռ մեզ մոտ՝ «Գրական տապան»-ը կամ գրական մի քանի այլ միջոցառումներ: Դրանք թթվածին են գրականության համար:
-Արդյո՞ք կիսում եք կարծիքը, թե այսօր երիտասարդ գրողների եւ բանաստեղծների պակաս կա
-Մենք շատ լավ երիտասարդ բանաստեղծներ ունենք, պարզապես նրանք լավ ներկայացված չեն: Այդ պետական մրցանակները, որ տրվում են վաստակավոր գործիչներին…Բուն մրցանակներին դեմ չեմ, բայց դեմ եմ, որ կան յուրային եւ ոչ յուրային գրողներ: Վերջիններս հեղինակավոր չեն, իսկ հանրությունն իմանում է մի անուն-ազգանուն եւ գրքի վերնագիր, բայց այդ մրցանակներն այնքան արժեւորված պետք է լինեն, որ հաջորդ օրը գրախանութներում այդ գրքի պակաս լինի:
-Երիտասարդ գրողներին ճանաչելի դարձնելու ի՞նչ միջոցներ եք առաջարկում
-Կան աշխարհում հայտնի եւ կիրառվող մեխանիզմներ, որոնք պարբերաբար ներկայացրել եմ պատասխանատուներին, իրենք ոգեւորված կանչել են զրուցելու, բայց արդյունք չկա:
Հիշեցնենք, որ այս տարի Վահրամ Մարտիրոսյանն ընթերցողներին է ներկայացրել «Սերը Մոսկվայում» վեպը, որը սկսել է գրել 2009 թվականին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ