Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Երիտասարդության համաշխարհային օրվան նվիրված տոնական միջոցառմանը

Նոյեմբեր 10,2015 22:02

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Երիտասարդության համաշխարհային օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Կառավարության ղեկավարը շնորհավորել է երիտասարդներին տոնական օրվա առթիվ, ինչպես նաև միջոցառմանը ներկա ուսանողներին՝ գալիք Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:

Վարչապետը նշել է, որ  երիտասարդությունը և մանավանդ ուսանող երիտասարդությունը մեր երկրի վաղվա դեմքն են: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ նրանց մեջ են մեր վաղվա գիտնականները, ստեղծագործ մտավորականները, քաղաքական գործիչները և ընդհանրապես բոլոր նրանք, ովքեր վաղը պետք է մեր ողջ երկրի ու ժողովրդի անունից կայացնեն պա­տաս­խանատու որոշումներ: «Դուք այն սերունդն եք, որ ծնվել է անկախ Հայաս­տանում, որ անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ է ունեցել և ունի ստանալու թե՛ գիտական, թե՛ ցանկացած այլ տեղեկատվություն աշխարհի մասին: Դուք անձամբ ձեզ համար, ձեր ընտանիքների և երկրի համար կարող եք անել ավելին, քան արել են ձեր նախնիները: Ես դրանում համոզված եմ: Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիաների բացառիկ առաջընթացը, որ կարելի է թռիչք անվանել, կրկին գալիս է հաստատելու և ընդգծելու, որ մարդկային կապիտալն ավելի թանկ է, քան բնական ռեսուրսները: Դուք մեր ժողովրդի համար և ինքներդ ձեզ համար պիտի դառնաք այդ մարդկային կա­պիտալը, որը դատապարտված է մրցելու բնական ռեսուրսներ վաճառողների հետ. ավելին՝ դատապարտված է նրանց հաղթելու: Մեկ սերնդի աչքի առաջ վերափոխվեց աշխարհը: Ձեր սերնդի կյանքի ընթացքում այդ փոփո­խու­թյուն­ները լինելու են ավելի արմատական ու տեսանելի: Ձեր երեխաները ընտրելու են մասնագիտություններ, որոնց մասին դուք գաղափար չունեք, որովհետև այդ մասնագիտություններն այսօր դեռ գոյություն չունեն: Ես խոսում եմ վաղվա աշխարհի և վաղվա Հայաստանի մասին: Ես խո­սում եմ այն հասարակության մասին, որը վաղը պետք է ներկայանա ձեզնով»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ այդ հասարակությունը կարող է լինել մրցունակ և ունենալ իր տեղն աշխարհում միայն մի դեպքում: Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ միակ դեպքը ժողովրդավարական, ազատ, բայց միաժամանակ լավ կազմակերպված հասարակությունն է, լավ կազմակերպված և արդյունավետ պետական համակարգ ունենալն է: Դրան հաս­նելու ճանապարհը, վարչապետի խոսքով, սահմանադրական բարեփոխումներն են:

«Ահա հենց այդպիսի փոփոխությունների համար է Սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնել անձամբ մեր երկրի Նախագահ Սերժ Սարգսյանը: Կառավար­ման խորհրդա­րանական համակարգը կտրուկ արագացնելու է ժողովրդավարաց­ման գործընթացները: Սա այն համակարգն է, որտեղ մրցում են ո՛չ թե անձերը, այլ կուսակցությունները, գաղափարները, սկզբունքները: Պետք է հա­վա­­տալ ժողովրդին և հարգել նրա ընտրությունը: Միայն այսպես մենք կարող ենք մրցունակ լինել վաղվա աշխարհում: Ոմանք ասում են (նաև անձամբ ինձ են ասում), թե խորհրդարանական համակարգը սկզբունքորեն վատը չէ, բայց մեր կուսակցությունները, մեր հասարակությունը պատրաստ չեն նման քայլի: Իմ պատասխանը հստակ է. «Իսկ ե՞րբ ենք պատրաստ լինելու»: Եթե այսօր քայլեր չձեռնարկենք, վաղն առավել ևս պատրաստ չենք լինի: Մարտահրավերներին պետք է դիմակայել, խոչընդոտները պետք է հաղթահարել, հարցերին պետք է պատասխաններ գտնել: Ո՛չ թե արդարացումներ հորինել, թե իբր պատրաստ չենք: Այդպես մենք ոչ մի բանի պատրաստ չենք լինի: Համոզված եմ, որ հենց սահմանադրական բարեփոխումներն են, որ խթանելու են խոշոր և ազդեցիկ կուսակցությունների ձևավորումը մեզանում: Ովքեր պատրաստ չեն, ստիպված են լինելու պատ­րաստվել, ովքեր դեռ բավականաչափ հասուն չեն, ստիպված են լինելու հա­սու­նանալ: Սա է առաջընթացի միակ ուղին»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ որևէ հասարակության կենսունակ լինելու կարևոր չափանիշ է այն, թե երիտասարդներն ինչպիսի սոցիալական սանդուղքներ ունեն վեր բարձրա­նալու համար: Որևէ ոլորտում (լինի ձեռներեցություն, պետծառայություն, թե այլ) երիտասարդները պետք է ունենան աճի հեռանկար և հնարա­վո­րություն: «Առաջարկվող նոր համակարգը փոխադարձ վերահսկողության և հա­կակշիռների ավելի մեծ հնարավորություններ է տալիս: Եվ դուք առաջինն եք, ով պետք է շահագրգռված լինի այդ բարեփոխումներով: Եթե դուք՝ երի­տա­սարդ­ներդ, ցանկանում եք լինել հաջողակ, ուրեմն ձեզ պետք է արդար ու ազատ մրցակցության դաշտ, ո՛չ թե ծանոթ ու բարեկամ:

Մեկ անձի շուրջը ձևավորված կուսակցությունները ապագա չունեն քաղաքակիրթ աշխարհում որևէ տեղ, այդ թվում՝ Հայաստանում: Հայ ժո­ղովրդի հավաքական ուժը առավելագույնս կարող է դրսևորվել հենց խորհրդա­րանական համակարգում, իսկ խորհրդարանը հենց այդ հավա­քական ուժն է: Ասվածը չի նշանակում խուսափել անհատական պատասխա­նատվությունից, չի նշանակում չունենալ առաջնորդներ: Ավելին, ես համոզված եմ, որ այս դահլիճում նստած են ոչ քիչ թվով մարդիկ, ովքեր իրենց խառնված­քով, նկարագրով և տեսական գիտելիքներով պատրաստի երիտասարդ առաջնորդներ են: Խոսքը հայ ժողովրդի հավաքական ուժին օրինական իշխա­նու­թյամբ օժտելու և նրան վերահսկելու մասին է: Սիրելի՛ երիտասարդներ, դարձրեք ձեր երկիրը ավելի լավը և իմացեք, որ մենք պատրաստ ենք կրկնապատկել ձեր այդ ջանքերը: Մենք ձեզ հետ ենք»,- ասել է վարչապետ Աբրահամյանը՝ համոզմունք հայտնելով, որ այսօր, ավելի քան երբևէ, մեզ պետք է համերաշխություն և հանդուրժողականություն: «Համոզված եմ, որ մենք բոլորս միասին մեր երկիրը տանելու ենք առաջ: Դա է մեր ապագան»,- եզրափակել է վարչապետը:

ՀՀ կառավարության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30