Նոյեմբերի 10-ին «Նավավար» ձկնալի ըմպելարանում կայացավ լուսանկարիչ, վավերագրող Գերման Ավագյանի «Տեսողական արվեստ» գիրք-ալբոմի շնորհանդեսը:
Գերման Ավագյանը պատմեց, թե ինչպես են ծնվել լուսանկարները եւ գիրքը: «Նկարել եմ ընկերներին, որոնց հետ սկսել եմ աշխատել «Գարուն» ամսագրում 1989 թվականից, երբ դեռ ջահել էի: Դեռ այդ տարիներից ուզում էի նման մի բան նախաձեռնել, բայց համապատասխան ձեւաչափը չէի գտնում: 25 տարի անց վերջապես գտա, թե ինչպես կարելի է դա անել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց հեղինակը:
Կարդացեք նաև
Ապա հավելեց. «Ես նկարել եմ պոետներին, որոնք սեւ ու սպիտակ լուսանկարի վրա գրել են իրենց բանաստեղծությունները: Դրանք այն բանաստեղծություններն են, որոնք ես լսել եմ գրվելու երկրորդ օրը, այսպես կոչված «Գրետնոցում»: «Գարունից» միշտ գնում էինք էնտեղ, նստում էինք… Միշտ մտածում էի լուսանկարչության ու բանաստեղծության համադրելու մասին, վերջապես դա իրականացրի 25 տարի անց»,- նշեց լուսանկարիչը:
Իմիջիայլոց, «Նավավարում» դեռ շարունակվում է «Տեսողական արվեստ» հավաքածուի 15 լուսանկարների ցուցադրությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ