Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը գյումրեցիներից նեղացած չէ

Նոյեմբեր 10,2015 19:35

Հանրապետական պատգամավորն ասում է՝ ՀՀ նախագահը նեղանալու բնավորություն չունի

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, կարծիք հայտնեց, որ այս անգամ Գյումրի քաղաքում, Բարսեղյանի խոսքերով  ասած՝  Սերժ Սարգսյանն 26.5% էլ չի խփի. «Ամեն ինչ անելու ենք, որ մարդիկ չվախենան, իսկապես չեն էլ վախենում: Եթե փող էլ դեմ տան, կասեն՝ տվեք էդ փողը, ու կգնան իրենց մտքի կենացները գրեն այդ քվեաթերթիկին»:

Նկատենք, որ Գյումրում հանրապետականները 2 ընտրությունների ՝ ՀՀ նախագահի եւ խորհրդարանականի ժամանակ ամենաքիչ ձայներն են հավաքել:

ԱԺ հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նախորդ 2 ընտրություններում Գյումրիում քիչ ձայներ հավաքելը  պայմանավորված է եղել աղետի գոտու հանգամանքով, գործազրկության բարձր տոկոսով, սոցիալական լարվածությամբ. «Պատճառը դա է, բնական է, որտեղ կա սոցիալական լարվածություն, այնտեղ կա դժգոհություն իշխանության նկատմամբ: Դրա համար էլ նախորդ անգամ ունեցել ենք նման խնդիր: Այս րոպեին, եթե որեւէ մեկը կանխորոշված տոկոսներ է ասում, ճիշտ չեմ համարում, որովհետեւ հանրաքվեն մեկ այլ բան է, նախագահի ընտրություններն՝ այլ բան»: Ավետիսյանն ասաց, որ դեկտեմբերի 6-ից հետո կերեւա՝ «այո»-ն որքան է եղել, «ոչ»-ը՝ որքան:

Սուքիաս Ավետիսյանի խոսքերով՝ «Ամեն դեպքում, ես չեմ կարծում Լեւոն Բարսեղյանը բովանդակային դաշտ մտած լինի, ինքը, բնական է,  պետք է նորից խոսի սոցիալական խնդիրների մասին: Ցավոք մեր ընդդիմության շատ ներկայացուցիչներ թողած սահմանադրության փոփոխությունների բուն նպատակը, խոսում են  սոցիալական տարբեր չլուծված խնդիրների մասին՝ ժողովրդին ապակողմնորոշելով»:

Մեր այն դիտարկմանը, որ «Այո»-ի կողմնակիցներն էլ ոչ պակաս ոչ բովանդակային քարոզ են տանում, ինչպես «Գալան» է ներկայացրել, Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցը գյումրեցիներին հորդորել է «այո» ասել հանրաքվեի ժամանակ, որպեսզի ՀՀ նախագահի աչքից չընկնեն, Լեւոն Բարսեղյանն էլ այսօր վստահեցրեց, որ Գյումրիում քարոզ են տանում, իբր Սերժ Սարգսյանը նախորդ ընտրություններից գյումրեցիներից նեղացած է, ուստի այս քաղաքին քիչ գումար են հատկացնում, Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Չգիտեմ՝ ով է այդ պաշտոնյան, բայց նա սխալ դիրքերից է անում քարոզաշավը: Սերժ Սարգսյանը, որպես հանրապետության նախագահ, նա որեւիցե մեկից երբեւիցե չի նեղանում: Հանրապետության նախագահն իրավունք չունի նեղանալու, հետո էլ՝ նա նման բնավորություն չունի: Ինչ վերաբրում է, որ նեղացած է ու Գումրիին քիչ փող է տալիս, ապա եթե վերջին 3-4 տարիներին նայենք, ապա Գյումրիին ավելի շատ միջոցներ են տրվել Սերժ Սարգսյանի ցուցումով՝ քաղաքի բարեկարգման աշխատանքների համար»:

Սուքիաս Ավետիսյանի՝ «Ոչ»-ի կողմնակիցներին վերաբերող այն մեղադրանքներին՝ թե սահմանադրության փոփոխությունների բուն բովանդակությունը չեն ներկայացնում հանրությանը,  Aravot.am-ը հիշեցրեց, որ «Ոչ»-ի քարոզը տանողները հանրությանը տեղեկացնում են, որ սահմանադրության նոր նախագիծը իշխանության վերարտադրման նախագիծ է, իսկ պատգամավորն ինքն էլ նշեց, որ որտեղ սոցիալական խնդիր կա, այնտեղ իշխանությունից դժգոհ են, ուստի «Ոչ»-ի քարոզողները շեշտը դնում են նաեւ սոցիալականի վրա:

Այս առնչությամբ Սուքիաս Ավետիասյանն ասաց. «Այո, ես բազմիցս ասել եմ, որ այսօրվա գործող սահմանդրությունից լավ սահմանադրություն ցանկացած իշխանության վերարտրադրման համար գոյություն չունի: Մենք փոփոխություններն անում ենք ոչ թե վերարտադրվելու համար, այլ որպեսզի Հայաստանի հանրապետությունում քաղաքական դաշտը կայանա, ընդդիմությունն իր տեղն ունենա, եւ իր ուրույն տեղն ունենալով՝ կարողանա մասնակից դառնալ երկրի ղեկավարման պրոցեսներին, եւ երկրի զարգացմանը, իհարկե, եթե ցանկանում են: Ինձ համար զարմանալի է, որ այսքան լայն հնարավորություն ենք տալիս իրենց՝ իրենք հրաժարվում են»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30