Լրահոս
Օրվա լրահոսը

Ջհանգիրյանը՝ աշխատավարձի բարձրացման մասին. «Այսօրվա դատախազները ոչ դիակ են տեսնելու, ոչ արյուն» (Տեսանյութ)

Նոյեմբեր 10,2015 18:40
jhangiryan

Կառավարությունը ԱԺ է բերել եւ հրատապ կարգով ուզում է ընդունել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսում է բարձրացնել դատախազության աշխատակիցների աշխատավարձերը:

Նախագիծն ԱԺ-ում աժիոտաժ առաջացրեց, ընդդիմադիրները բողոքեցին:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն առաջարկեց հուզական կողմը դնել մի կողմ եւ նայել բովանդակությունը. «Մենք պետք է իմանանք, որ 2013-ի դեկտեմբերին զգալիորեն իջեցրեցինք դատական համակարգի, դատախազության աշխատակիցների աշխատավարձը: Հիմա լավ է, որ դուք հարաբերակցության մեջ եք դնում քննչականի աշխատակիցների, քննիչների աշխատավարձերը՝ դատախազության աշխատակիցների աշխատավարձերի հետ:

Շատ լավ է, բա դուք անտեսո՞ւմ եք օպերատիվ հետախուզական մարմինները: Այսօրվա դատախազությունն ու դատախազը գրասենյակային պաշտոնյաներ են դառնում՝ ոչ դիակ են տեսնելու, ոչ արյուն, ոչ մի բան: Բա օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնողների աշխատավարձերին չե՞ք անդրադառնում, որոնք ոչ քուն ունեն, ոչ հանգիստ»:

Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ ասաց, թե օրենքը քննարկել աշխատավարձերի բարձրացման տեսանկյունից ճիշտ չէ: Դա կապված է այն փաստի հետ, որ դատավորների եւ դատախազների աշխատավարձերը մենք ի սկզբանե իջացրեցինք, ընդունեցինք օրենքի նախագիծ Քննչական կոմիտեի հետ կապված, որտեղ բարձր ստացվեց, հիմա հարաբերակցությունը պահելու համար այս օրենքի նախագիծը պետք է: Մենք աշխատավարձ չենք բարձրացնում, մենք հարաբերակցությունն ենք ճշտում»:

Հեղինե Բիշարյանի խոսքերով՝ տարօրինակ է, որ պետք է համեմատել ու ասել՝ ինձ պրիստիժ չի, որ քննչականի աշխատողների աշխատավարձը իմ աշխատավարձի հետ նույնը լինի. «Ասում են՝ ըտենց ո՞նց կլինի, ես դատախազ եմ, իմ աշխատավարձը ավելի բարձր պիտի լինի»:

Հակոբ Հակոբյանը չհամաձայնեց եւ ասաց, որ եթե Սահմանադրությանը այո ասեն, դատախազներին կկանչեն ԱԺ եւ իրենց հուզող հարցերի պատասխանները կստանան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Շատ ճիշտ որոշում է, բայց պետք է բարձրացվի նաև նախկին դատախազների թոշակները:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30