Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատավորը՝ ոստիկանության ներկայացուցչին. «Դուք հիմա ուղղորդում եք, որ չհիշի»

Նոյեմբեր 10,2015 18:33

Վարչական դատարանում դատավոր Հրաչ Այվազյանի նախագահությամբ նոյեմբերի 10-ին շարունակվում էր Տարոն Սիրադեղյանի գործով դատական նիստը:

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով վկաներ: Ոստիկանության ավագ Արթուր Կարապետյանը ասաց, որ 2014 հունիսի 23 դեպքերը հիշում է, բայց ոչ մանրամասն, իսկ Տարոն Սիրադեղյանին չի հիշում: Նա դժվարացավ պատասխանել դատավորի հարցերին, թե Տարոն Սիրադեղյանին տեսնի կհիշի՞, թե՞ ոչ: Նա նշեց, որ ոստիկանի օրինական պահանջ չկատարելու համար է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հավաքից Տարոն Սիրադեղյանին բերման ենթարկել:

Ոստիկանը հայտարարեց, թե ում վարչական ձերբակալման է ենթարկել, իրազեկել է դուրս չգալ փողոց, չխոչընդոտել երթեւեկությանը, բացի այդ ոստիկանությունը հայտարարել է, սակայն ոստիկանության օրինական պահանջին քաղաքացիները չեն ենթարկել, այդ պատճառով էլ ոստիկանները վարչական ձերբակալում են կիրառել: Նա դժվարացավ հիշել, թե այդ օրը քանի հոգու է բերման ենթարկել: Նա նաեւ չի հիշում, թե Տարոն Սիրադեղյանը ձերբակալման պահին, կոնկրետ ինչ էր անում:

«Ուժ չեմ կիրառել, իմ պահանջով ներկայացել է»,- հայտարարեց Արթուր Կարապետյանը:

Ոստիկանը դժվարացավ հիշել, թե Տարոն Սիրադեղյանի հետ այլ անձանց վարչական ձերբակալում իրականացրե՞լ է, թե՞ ոչ, եւ ավտոմեքենայի մեջ բացի Տարոն Սիրադեղյանից այլ անձինք կայի՞ն, թե՞ ոչ: Նա նշեց, որ ինքն է ուղեկցել պատասխանողին եւ իր ձեռքով զեկուցագիր է լրացրել, բայց վարչարարությանը չի մասնակցել:

Պատասխանելով պատասխանողի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանի հարցին՝ նա ասաց, որ հավաքի սկզբից է իր ծառայությունը կատարել: Մյուս հարցին, թե արդյոք որեւէ գործողություն կատարելու հրահանգ տրվե՞լ է, նա պատասխանեց՝ ոչ, հրահանգ է եղել, որ չխոչընդոտեն երթեւեկությանը եւ ազատել փողոցը: Պատասխանելով մեկ այլ հարցի՝ նա ասաց, որ հավաքի մասնակիցները ագրեսիվ պահվածք չեն դրսեւորել, ագրեսիվ կոչեր չի նկատել:

Տաթեւիկ Սիրադեղյանը հետաքրքրվեց նաեւ, թե վկան ոստիկանության կենդանի շղթայի կազմում եղե՞լ է, նա պատասխանեց՝ ոչ: Պատասխանողի ներկայացուցիչը հետաքրքրվեց նաեւ, թե արդյոք Տիգրան Սիրադեղյանը լսե՞լ է իր պահանջը, Արթուր Կարապետյանն ասաց, թե չի կարող ասել լսե՞լ է, թե՞ չէ, կարող է լսած լինի, կարող է լսած չլինի, ոստիկանությունը բարձրախոսով նախազգուշացրել է: Տաթեւիկ Սիրադեղյանը ճշտեց, արդյոք ոստիկանությունը բարձրախոսով նախազգուշացրե՞լ է, պահանջ է ներկայացվել, նա պատասխանեց՝ այո: Տաթեւիկ Սիրադեղյանը զգուշացրեց, որ ոստիկանը նախազգուշացվել է  սուտ ցուցմունք տալու մասին, եւ այդ օրը բարձրախոսով ոստիկանությունը պահանջ չի ներկայացրել: Արթուր Կարապետյանն ասաց, որ հնարավոր է շփոթում է, կոնկրետ չի կարող ասել, բայց լսել է նման հայտարարություն:

Տաթեւիկ Սիրադեղյանի հարցին, թե վարչական ձերբակալում իրականացնելիս ինչպե՞ս է ներկայացրել, ոստիկանության ներկայացուցիչ Աիդա Դեմիրխանյանը առարկեց. «Առարկում եմ, որ հարցը կոնկրետ Տարոն Սիրադեղյանի մասին է, մի քանի անգամ ասաց, որ կոնկրետ չի հիշում Տարոն Սիրադեղյանին»:

«Քանի որ նիստի ընթացքում ավելի երկար ժամանակ է նայում, կարող է հիշի, դուք ինչու եք անհանգստանում»,- ասաց դատավորը:

«Որ հիշեր, կասեր»,- պատասխանեց ոստիկանության ներկայացուցիչը:

«Դուք հիմա ուղղորդում եք, որ չհիշի»,- նկատեց դատավոր Այվազյանը:

«Ո՛չ, չեմ ուղղորդում: Նույն հարցին մի քանի անկյունից է ներկայացնում»,- ասաց Դեմիրխանյանը:

«Ոստիկանը պարտավոր է ներկայանալ»,- նկատեց պատասխանողի ներկայացուցիչը:

Դատավորը հարցը չհանեց, իսկ Արթուր Կարապետյանը պատասխանեց, որ չի հիշում, թե ինչպես է ներկայացրել:

Տարոն Սիրադեղյանը եւս հարցեր ուներ՝«Ո՞ր հատվածում է ինձ ներկայացրել օրինական պահանջը, եւ ի՞նչ գործողություն է կատարվել օրինական պահանջը ներկայացնելուց հետո», վկան պատասխանեց, որ բավականին ժամանակ է անցել եւ չի հիշում: «Իսկ գուցե ինձ Դուք չեք ձերբակալել»,- հարցրեց պատասխանողը: «Ինչ գրված է զեկուցագրում, ես եմ գրել, ընդունեք որպես հիմք»,- պատասխանեց Արթուր Կարապետյանը:

Ոստիկանության ներկայացուցիչ Աիդա Դեմիրխանյանը եւս վկային հարց ուներ, դատավորը զգուշացրեց, որ հարցը ուղղորդող չլինի: Ոստիկանության ներկայացուցիչը հետաքրքրվեց, թե ձերբակալումն իրականացնելիս ոստիկանին օգնե՞լ են, նա պատասխանեց՝ ոչ, մենակ է եղել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30