Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճակատագրի իռոնիա». Կառավարությունը ուզում է հրատապ բարձրացնել դատախազների աշխատավարձը. (Տեսանյութ)

Նոյեմբեր 10,2015 18:08

Կառավարությունը ԱԺ է բերել եւ հրատապ կարգով ուզում է ընդունել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ առաջարկում են բարձրացնել մասնավորապես դատախազության աշխատակիցների աշխատավարձը, որպեսզի համապատասխանեցնեն Վճռաբեկ դատարանի աշխատակիցների եւ Քննչական ծառայության աշխատակիցների աշխատավարձերի հետ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պոռթկաց. «Ախր էս ոնց որ ինադու լինի, ես անընդհատ լսում եմ՝ պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացում, նյարդերս նյարդայնանում են: Հնարավոր չէ՞ գոնե այս ընթացքում զերծ մնալ դրանից, կարո՞ղ ենք այս հարցը հետաձգել կամ ընդհանրապես հանել շրջանառությունից: Ժամանակը չի, փող չկա: Սոցիալական ծախսերի համար փող չկա, մանկավարժներին գումար չկա, պետական պաշտոնյաներին ամեն ինչ կա՞: Լավ, դատախազներինն է՞լ»:

Փոխնախարարը պատասխանեց, որ պետբյուջեի պլանավորման մեջ կա աշխատավարձերի այս բարձրացումը: Այն առաջարկվում է ուժի մեջ մտցնել 2016-ի հունվարի 1-ից:

Ըստ Տիգրան Ուրիխանյանի, սխալ է դատախազների աշխատավարձը հիմա բարձրացնել, նրանք ցածր սոցիալական խավի ներկայացուցիչներ չեն: Հրատապության ռեժիմը փոխեք, միջոց գտեք: Լավ, սա ի՞նչ է ճակատագրի իռոնիա՞ է:

Փոխնախարարը պատասխանեց, որ հրատապ ռեժիմը չեն փոխի:

Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ երբ ժամանակին դատավորների, դատախազների աշխատավարձերը փուլ առ փուլ բարձրացնում էին, պատճառաբանում էին, որ միջազգային կառույցների հորդորով է, որ այդ ոլորտում կոռուպցիան կանխեն, բայց տպավորություն է, որ ինչքան շատ են աշխատավարձերը բարձրացնում դատավորների, այնքան շատ են մարդիկ բողոքում արդարադատությունից. «Մեկ դրամ անգամ բարձրացնել հատկապես իրավական համակարգի աշխատողների աշխատավարձերը, երբ հանրությունը դժգոհ է հատկապես այդ համակարգից, սա լուրջ սոցիալական դժգոհության ալիք է բարձրացնելու: Մեր հանրությունը ուղղակի զզված է դատարաններում տիրող իրավիճակից, արդարադատության համակարգից: Դուք հրահրելու եք հանրային հերթական դժգոհությունը»:

Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտությունը կառավարությունը տեսնում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30