Մինաս Ավետիսյանի որդին՝ Արման Ավետիսյանը, ակամա հայտնվել է Սամվել Բալասանյան- Վարդան Ղուկասյան հակամարտության արանքում: Բանն այն է, որ Սամվել Բալասանյանը չի պատրաստվում վճարել նախորդների պարտքերը. այս դեպքում այնքան գումար, որքան պահանջում է «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը որմնանկարչի՝ Գյումրու քաղաքապետարանի շենք տեղափոխված որմնանկարներից մեկի վերանորոգման համար: Գյումրու ներկայիս իշխանությունները գտնում են, որ այս հիմնադրամի ներկայացրած ծախսերը ուռճացված են: Ավելին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որմնանկարչի որդուն՝ Արմանին, երեկ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ներկայությամբ խորհուրդ տվեց գնալ ու ֆինանսական հարցերը Գյումրու նախորդ քաղաքապետի հետ պարզել:
Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանն էլ վերջերս մամուլի ասուլիս հրավիրեց ու անդրադառնալով Վարդան Ղուկասյանին պատկանող «Ալեքսանդրապոլ» բիզնես կենտրոնի կողմից իրենց դատի տալուն ու ռեստորանա- հյուրանոցային ծառայությունների դիմաց 3 միլիոն 417 հազար դրամ գումար պահանջելուն, ասաց. «Իբր թե «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի աշխատակիցները այնտեղ են հյուրընկալվել, հաց են կերել, ռեստորան են այցելել, իբր թե էդքան գումար էլ մինչեւ հիմա Գյումրու համայնքը էդ հիմնադրամին պարտք է: Նորից չհիմնավորված, անհիմն հայց, հայցի հիմքի հետ ներկայացվել են տարբեր հյուրանոցներից անդորրագրեր իբր թե Երեւան քաղաքում, Գյումրիի այլ հյուրանոցներում էլ են եղել: էդ ինչքա՞ն մարդ է եղել, էդ ինչքա՞ն են քնել, կերել, խմել, որ էդքան վճարվելուց հետո Գյումրի համայնքը էսօրվա դրությամբ իրենց նորից գումար պիտի տա»:
Արման Ավետիսյանը մեզ հետ զրույցում փոխքաղաքապետին խորհուրդ տվեց նման վիրավորական արտահայտություններով հանդես չգալ: «Վերջերս նայեցի մի պստիկ նյութ. փոխքաղաքապետը, չգիտեմ ազգանունը, հայտարարություններ էր անում, թե մենք ինչ-որ կերել ենք, չգիտեմ ինչեր ենք արել եւ այլն…Ես կուզենայի, որ նման անպատասխանատու հայտարարություններին մի քիչ ավելի ուշադիր լինեին եւ նման վիրավորական արտահայտություններ չասեն: Մենք այդ հյուրանոցը չենք ընտրել, մեզ պայմանագրով ուղղակի ուղարկեցին այդ հյուրանոցը,ուղարկեց պարոն Ղուկասյանը, եւ որտեղ ուղարկեցին, իտալական խումբն այնտեղ էլ գնաց, դա այն ժամանակվա քաղաքապետարանի իրավասության մեջ էր մտնում: Պայմանագիր կա կնքված, թե ինչ են կերել, ինչ են գրել, ես չգիտեմ»:
Մինաս Ավետիսյանի որդու հարցազրույցն ամբողջությամբ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի